Ազատ տնտեսական գոտին կգործի 2012թ. նոյեմբերից
Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործի այս տարվա նոյեմբերից: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Վերջինս շրջայց է կատարել «ՌԱՕ ՄԱՐՍ» և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերությունների տարածքներում, որտեղ կազմակերպվելու է առաջին ազատ տնտեսական գոտին: Այն ունենալու է 83 հազ. քառ. մետր տարածություն, որից 27 հազ. քառ. մետրը՝ ԵրՄՄՀԳԻ-ում, 56 հազ. քառ. մետրը՝ «ՌԱՕ ՄԱՐՍ»-ում:
Ազատ գոտու կազմակերպիչն է ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը:
«Սիտրոնիքս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ ազատ տնտեսական գոտու նկատմամբ հետաքրքրություն կա ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից: Կազմակերպչական աշխատանքների նպատակով «Սիտրոնիքս Արմենիան» արդեն իսկ ներդրել է 3 մլն դոլար:
«Պետությունն ազատ տնտեսական գոտում տրամադրում է արտոնյալ հնարավորություններ՝ հրաժարվելով հիմնական հարկային եկամուտներից: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ իրենց գործող բիզնեսները կարող են տեղափոխել ազատ տնտեսական գոտիներ: Մենք հետևողական ենք, իսկ այս ամենը արվում է նրա համար, որ ներգրավենք նոր ներդրումներ, նոր ընկերություններ, նոր տեխնոլոգիաներ: Մենք լինելու ենք առավել ճկուն, եթե անհրաժեշտություն լինի, ապա ավելի կխստացնենք ընկերությունների մասնակցության պահանջները»,- ասել է Տ. Դավթյանը: