Սերժ Սարգսյանը այցելել է Շիրակի մարզ (լուսանկարներ)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռեւս 2010թ. հոկտեմբերի 23-ին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի եւ ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաեւ մայրաքաղաքի եւ արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ: Գյումրու նոր բժշկական կենտրոնի կառուցման եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում նախագահն այցելել է նաեւ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»: Առողջապահական այս հաստատություն Սերժ Սարգսյանն այցելել էր նաեւ ս.թ. ապրիլի 07-ին եւ ծանոթացել հիվանդանոցային պայմաններին, առկա խնդիրների մասին զրուցել բուժանձնակազմի ու հաստատության ղեկավարության հետ: Նախագահը վստահեցրել էր, որ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ եւ հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով: Այդ ուղղությամբ Հանրապետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ էր տվել պատասխանատուներին: Այսօր նախագահը վերանորոգված հիվանդանոցում ծանոթացել է իրականացված աշխատանքներին եւ նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Արդյունքում, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաեւ արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն:

Տեսանյութեր

Լրահոս