Պուտինին «արտահանձնվելու» արդյունքները
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու մասին տեղեկություններում կա առաջին հայացքից՝ ոչ այնքան կարևոր մի դետալ, որը գուցե Հայաստանի Հանրապետության անգործության հիմնական պատճառներից մեկն է:
Սաֆարովին արտահանձնելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների գրեթե բոլոր հրապարակումներում նշվում է, որ այդ հարցով զբաղվել է ադրբեջանցի հայտնի գործարար Իլհամ Ռագիմովը, ով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցին է: Ակնհայտ է, որ նման միջպետական նշանակության խնդրի լուծման հարցում վճռորոշ կարող էր լինել հենց Պուտինի հետ ընկերությունը:
Թեև Հայաստանում արդեն կարծիքներ հնչել են, որ հայկական դիվանագիտության անզորության պայմաններում հունգարական իշխանությունները գուցե նաև մեծ ֆինանսական փոխհատուցում են ստացել Սաֆարովին արտահանձնելու որոշման համար, սակայն, հաշվի առնելով հարցի հնչեղությունը, դա քիչ հավանական է թվում: Ըստ ամենայնի, հունգարական իշխանության համար ևս սկզբունքային է եղել ադրբեջանցի մարդասպանի ազատման հարցով գործարարի կապը Պուտինի հետ:
Այսինքն` այս հարցում հունգարացիները «փոխհատուցում» կարող են ստանալ ոչ միայն Ալիևից, այլև Պուտինից:
Ինչո՞ւ է, ուրեմն, հայկական կողմը թույլ տվել, որ Սաֆարովի` գրեթե անհավանական թվացող արտահանձնումն իրականություն դառնա: Ի վերջո, դժվար է հավատալ, որ հայկական որևէ կառույց, այդ թվում` դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ-ն, Ազգային անվտանգության ծառայությունը գոնե տեղեկացված չեն եղել, որ Հունգարիայում նման գործընթաց է տեղի ունենում: Իսկ եթե այդպես է, ուրեմն տեղեկացված են եղել ոչ միայն այդ գործի ֆորմալ ընթացակարգի, այլև կուլիսային գործողությունների վերաբերյալ:
Այսինքն` գործ ունենք հետևյալ իրավիճակի հետ. Հայաստանի իշխանությունները տեղեկացվում են, որ Հունգարիայում ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու, կամ, որ նույնն է`ազատ արձակելու գործընթաց է ընթանում, որին խառնված է Պուտինի համակուրսեցին: Եթե պաշտոնական խողովակներով ՀՀ իշխանությունները չեն կարողանում խոչընդոտել դրան (իսկ այսօր պարզ դարձավ, որ չեն կարողացել), նշանակում է՝ պետք է փորձեին նաև ոչ պաշտոնական ուղիները:
Իսկ այդ դեպքում պետք է բախվեին Պուտինին ինչ-որ բան ասելու, ավելի ճիշտ` Պուտինին հանդիմանելու անհրաժեշտությանը: Հենց այստեղ էլ, ամենայն հավանականությամբ, թաղված է շան գլուխը, քանի որ ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ ոչ թե դժվար, այլ անհնար է պատկերացնել, որ մեր իշխանությունները` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, կարող էին իրենց թույլ տալ Պուտինին «սխալ հանել»: Ուստի, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահից զգալով իրենց անզորությունը, մեր իշխանությունները որոշել են չխառնվել` հույս ունենալով, որ այս թեման կավարտվի հակաադրբեջանական համազգային վրդովմունքով:
Այնպես որ, այսօր Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ ամենահետաքրքիրը, թերևս, լինելու է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ զրույցը: Եթե, իհարկե, այն տեղի ունենա: