Ինչու է աճում հանցագործությունների քանակը
Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 8595, ինչը 1049-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։
Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ այսօր հրապարակված զեկույցում։
Չնայած նախորդ տարվա համեմատ նվազմանը՝ երկարաժամկետ հատվածում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն աճել է հատկապես 2009 թվականից ի վեր։
Գրանցված հանցագործությունների քանակը 2005-2012թթ. հունվար-հուլիս ամիսներին
Այսպես, եթե 2005-ից մինչև 2008 թվականը ներառյալ՝ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը միջինում եղել է 5000, ապա 2009 թվականին ցուցանիշը շեշտակի աճել է՝ հասնելով 8897-ի։ Իսկ 2011թ. ռեկորդային է եղել գրանցված հանցագործությունների թվով՝ 9644 հանցագործություն՝ 7 ամսվա ընթացքում։
Նշենք, որ որոշ փորձագետներ անմիջական, հակադարձ կապ են տեսնում հանցագործությունների թվի և տնտեսական վիճակի միջև։ Որքան տնտեսության վիճակը վատանում է, այնքան մեծանում է հանցագործությունների թիվը։ Այս տրամաբանությամբ կարելի է 2009 թվականին արձանագրված հանցավորության շեշտակի աճը կապել տնտեսական ճգնաժամի հետ։ Սակայն հաջորդ տարիների համար այս բանաձևն այլևս չի աշխատում. հանցագործությունների թիվն աճել է՝ տնտեսական աճին զուգահեռ։
Այնպես որ, եթե հավատանք տնտեսության վիճակի և հանցագործությունների թվի կապին, ապա 2010, 2011 և 2012 թվականների վիճակագրությունն ունի երկու բացատրություն։ Առաջին՝ Ոստիկանությունը սկսել է ավելի ազնիվ աշխատել և չի կոծկում հանցագործությունները։
Եվ երկրորդ՝ տնտեսական աճը պարզապես նկարված է, կամ՝ նկարված չի, սակայն հասարակության խոցելի խավի վրա որևէ դրական ազդեցություն չի թողնում։ Թե այս երկու պատճառներից որն է ավելի համոզիչ, դա արդեն սուբյեկտիվ մոտեցման հարց է։