Պետության չգոյությունը

«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք և վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը:

Նա նաև ասել է, թե սա Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության և ֆաշիզմի քաղաքականության հետևանքն է. «Կարծում եմ` այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է նա:

Կեցցե պարոն Շարմազանովը, նա հերթական անգամ ադրբեջանցիների «պորտը տեղն է դրել»: Սակայն Շարմազանովն իր վրդովմունքի ու տարակուսանքի հարցում միայնակ չէ. այդպիսի զգացում առաջացավ ՀՀ ցանկացած քաղաքացու, յուրաքանչյուր հայի մոտ` ադրբեջանցի մարդասպանին իր երկիր վերադարձնելու տեղեկությունը լսելու պահից սկսած: Սակայն, ի տարբերություն մնացած քաղաքացիների, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահը պետական բարձրաստիճան պաշտոնյա է և, բացի իր հոգու ճիչն արտահայտելուց` կարող էր ավելի «առարկայական վրդովվել»:

Կարող էր, սակայն, բնականաբար, չէր անի, քանի որ այդ դեպքում պետք է մի քանի թթու խոսք ասեր նաև Հայաստանի համապատասխան գերատեսչությունների, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և աշխարհում «ՀՀ շահերի պաշտպանությունն ապահովող» այլ պաշտոնյաների հասցեին:
Ադրբեջանցիներից ոչ մեկն ավելին չէր սպասում. նրանք 8 տարի շարունակ պետական և համազգային բոլոր միջոցներն ուղղել էին այդ մարդասպանին ազատ արձակելու և հերոսացնելու վրա, ու արդյունքում՝ հաջողության հասան:

Իսկ ի՞նչ էր անում այդ ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը` իր ուռճացած պետական կառավարման մարմիններով: Այնպիսի տպավորություն է, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարտականությունը միայն խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում վոյաժներ անելն է: ԱԱԾ-ն էլ անձնվիրաբար Հայաստանից արտաքսում է սիրիահայ կանանց ու երեխաների: Ընդ որում, դաժան զուգադիպությամբ, դա տեղի է ունենում նույն այն ժամերին, երբ Հունգարիայից  արտաքսվում էր Ռամիլ Սաֆարովը:
Ինչո՞ւ է, ուրեմն, Շարմազանովն իր վրդովմունքն ուղղում միայն Ադրբեջանի իշխանություններին: Ւ վերջո, դա ամենահեշտ ու խրախուսվող բանն է, որ կարելի է անել Հայաստանում: Մինչդեռ ՀՀ քաղաքացիներիս անվտանգության հարցում պարտականություններ ունի ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի իշխանությունը, որի ներկայացուցիչներն են Շարմազանովն ու մնացածը:

Սա կոնկրետ դեպք է՝ դրա համար պատասխանատվություն կրող կոնկրետ գերատեսչություններով ու պաշտոնյաներով: Որևէ նորմալ երկրում առնվազն արտգործնախարարն ու Հունգարիայում աշխատող դեսպանն արդեն պաշտոնանկ արված կլինեին: Հայաստանում, սակայն, դրա փոխարեն՝ ընդամենն անարգանքի սյունին են գամում թշնամի երկրի իշխանություններին, մի թեթև էլ՝ միջազգային հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս