Լոխ մո՞ւնք, թե՞ միայն Չակ Նորիսը
Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանած մարդկանց թվի տարբերությունը կազմել է ռեկորդային` 83 760 մարդ։ Սա արտագաղթի պաշտոնական թիվն է, որը հրապարակվել է բոլորովին վերջերս՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կողմից։
Ի տարբերություն վիճակագրական մյուս ցուցանիշների՝ տնտեսական ակտիվություն, արդյունաբերության աճ և այլն, մեր պետական այրերն աշխատում են այս մասին չհիշել ու չհիշատակել։ Իսկ երբ հիշեցնում են, անգիր արածի պես՝ տալիս են հետևյալ պատասխանը՝ այդ թիվը սեզոնային է. տարվա վերջին ամիսներին մարդիկ վերադառնում են Հայաստան, ինչի արդյունքում՝ արտագաղթի ցուցանիշը նվազում է։
Դա ճիշտ է։ Ամենայն հավանականությամբ, արտերկրում աշխատող մեր հայրենակիցներն այս տարի էլ Ամանորը կնշեն իրենց հայրենիքում, և արտագաղթի ցուցանիշը որոշ չափով կնվազի։ Սակայն, որ արտագաղթը՝ թեկուզ սեզոնային, աճի հստակ միտում ունի, դա արդեն անհերքելի փաստ է, որը երևում է նաև պաշտոնական վիճակագրության թվերից։
Օրինակ, նախորդ տարվա հունվար-հուլիսին արտագաղթողների թիվը եղել էր 78 644 մարդ, 2010-ին՝ 68 683, նախորդ տարիներին՝ ավելի քիչ (տես նկարը):
Այսինքն՝ պաշտոնական թվերը մի կողմից՝ փորձում են համոզել, որ տնտեսությունն աճում է, մյուս կողմից՝ չեն կարողանում թաքցնել արտագաղթի պատկերը։ Այդ դեպքում անհասկանալի է դառնում՝ ինչո՞ւ են արտագաղթում մեր հայրենակիցները։
Այս հարցի պատասխանը ստանալու համար մենք ֆեյսբուքով հարցում էինք կազմակերպել, որի արդյունքները բավական հետաքրքիր էին։ Արտագաղթի պատճառների թվում առաջին տեղում նշվել է «Սոցիալ-տնտեսական վատ պայմանները» տարբերակը. 362 ձայն՝ 934-ից։ Երկրորդ տեղում բարոյահոգեբանական մթնոլորտն է՝ 186 ձայն։ Քվեարկողներն, ի դեպ, հնարավորություն են ունեցել ավելացնել իրենց սեփական տարբերակները և բավականին օրիգինալ պատասխաններ են տվել։ Օրինակ՝ 59 հոգի համոզված է, որ Հայաստանից արտագաղթի հարցում մեղավոր է… Չակ Նորիսը։ Կատակը կատակ, սակայն Չակ Նորիսի անունը վերջերս սկսել է հաճախակի հոլովվել հայաստանյան ներքաղաքական կյանքում՝ հատկապես ընտրությունների ժամանակ։
Կան նաև այլ ուշագրավ պատասխաններ՝ թե լուրջ, թե կեսկատակ, օրինակ՝ Հրազդանի կիրճի լյուկերի գողացված կափարիչները, ժողովրդավարության վիճակը, տաքսիստներն ու լրագրողները, ռուս աղջիկները, և այլն։ Հետաքրքիր էր նաև «Մունք լոխ» («Մենք բոլորս») տարբերակը, թեպետ այն ընդամենը 3 ձայն է հավաքել։