Հին սնունդը միայն անծանոթ հաճախորդների համա՞ր է
Շատերս խանութից մսամթերք գնելիս անպայման վաճառողին հարցնում ենք՝ արդյո՞ք միսը թարմ է: Նաև գիտենք, որ վաճառողը երբեք չի խոստովանի, թե քանի օրվա միս է վաճառում մեզ: Այսօր հերթական անգամ այդ հարցը տվեցի մսավաճառին, ով ձեռքը մեկնեց սառնարանում դրված մսի կտորին, բայց հանկարծ ետ քաշեց և ասաց. «Ձեզ սա չեմ տա: Չորս օրվա միս է: Մեր մշտական հաճախորդներին մենք միայն լավ և թարմ սնունդով ենք ապահովում»:
Հերթ կանգնած մի կին հաստատեց վաճառողի «մոտեցումը» և առաջ գալով՝ ասաց. «Լավ եք աշխատում, այդպես շարունակեք»:
Ոչինչ չգնելով՝ դուրս եկա հերթից, սակայն խանութից չհեռացա՝ հասկանալով, որ, այնուամենայնիվ, շուտով «ոչ մշտական հաճախորդներից» մեկին հրամցնելու էին հին մթերքը: Որոշեցի կանգնել և նայել, թե ով պետք է գնի այդ միսը: Րոպեներ անց մոտ 50 տարեկան մի տղամարդ եկավ, և ձեռքը դնելով մսի այդ կտորի վրա՝ առանց հարցնելու թարմության մասին, պահանջեց հենց այդ կտորը: Վաճառողուհին ժպտաց և տվեց տղամարդուն այն, ինչ նա ցանկանում էր: Տղամարդը վճարեց գումար ու հեռացավ՝ առանց պատկերացնելու, որ ինքն ու իր ընտանիքն այդ օրն ուտելու են ամենաքիչը մեկ շաբաթվա հնություն ունեցող միս:
Մոտեցա վաճառողուհուն, ում, արդեն 1 տարի է, ճանաչում եմ և հարցրի, թե ինչո՞ւ չասաց, որ միսը հին է, վաճառողուհին՝ Անահիտը, պատասխանեց. «Դե ի՞նչ ասեմ: Դա ցանկացավ, դա էլ տվեցի: Համ էլ չգիտե՞ս՝ հաճախորդը միշտ իրավացի է»:
Հարցին, թե ինչո՞ւ է տնօրինությունը թույլ տալիս հին ապրանքի վաճառք, և արդյո՞ք համապատասխան տեսչությունից չեն գալիս սնունդը ստուգելու, Անահիտը ժպիտով պատասխանեց. «Դու Հայաստանից չե՞ս: Ում ի՞նչ դարդն է, թե ինչ և ինչպես է վաճառվում: Դրսից աղբ են ներկրում, բերում-տալիս են խանութներին, թե՝ վաճառե՛ք: Ո՞վ ինչ կարող է ասել: Խանութի տերն էլ շահույթ ունի, ինչի՞ հետ կտա ապրանքը»:
Խանութից դուրս գալուն պես զանգահարեցի Սննդի անվտանգության տեսչություն՝ պարզելու, արդյո՞ք համապատասխան մարմինները տեղյակ են Երևանի խանութներում վաճառվող սննդամթերքի որակից:
«Ցանկացած պարագայում, եթե խոսքը գնում է մսամթերքի մասին, ապա ՀՀ օրենսդրությամբ ՝ մսամթերքը, որն իրացվում է ՀՀ տարածքում, պետք է անցնի անասնաբուժասանիտարական փորձաքննություն: Ցանկացած սպառող կարող է պահանջել տվյալ մսի պիտանի լինելու վերաբերյալ անասնաբույժի կողմից տրված եզրակացությունը: Խնդիրը ոչ թե մսի պահպանման ժամկետի մեջ է, այլ անասնաբուժասանիտարական փորձաքննության մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը: