Իշխանության «Ջինը»
«Եկամտային հարկի» մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին քննարկման հիմնական առանցքն այս էր` արդյոք դրա արդյունքում տուժելու են վարձու աշխատողնե՞րը, թե՞ գործատուները: Բազմաթիվ պաշտոնյաների իբրև թե պարզաբանումներից առայժմ այդպես էլ պարզ չէ` ով որքան է տուժելու, որն է. ի վերջո, օրենսդրական այդ փոփոխության գոնե սոցիալական նպատակը:
Բայց այս քննարկումները հերթական անգամ ստիպում են մտածել մի հարցի շուրջ, որն առաջին հայացքից՝ տարօրինակ, նույնիսկ անհեթեթ է թվում, սակայն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրողությունների տրամաբանության մեջ: Իսկ հարցը հետևյալն է` իրականում իշխանություններին պե՞տք է արդյոք հասարակության սոցիալական վիճակի բարելավում, թե՞ ոչ: Խնդիրն այն չէ, որ իշխանություններն ապազգային են, ժողովրդի թշնամին են, չեն ուզում, որ մարդիկ լավ ապրեն: Հակառակը` վստահաբար կարելի է ասել, որ նույնիսկ ամենավատ աշխատող, ամենակոռումպացված պաշտոնյան, գոնե հոգու խորքում, ցանկանում է ինչ-որ դրական փոփոխություն կատարել «երկրի ու ազգի համար»:
Այլ հարց է, որ դա չի ստացվում: Տվյալ դեպքում, սակայն, խնդիրն այդ պոպուլիստական հարթության մեջ չէ: Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք հասարակության բարեկեցության բարձրացումը նպաստում է իշխանության ինքնապահպանմանը, վերարտադրությանը, թե՞ ոչ: Այս հարցն արդիական է՝ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին:
Իհարկե, եթե կյանքի որակը Հայաստանում էապես լավանա, մարդկանց կենսամակարդակը շոշափելի, տեսանելի բարելավվի, դա չի կարող չազդել իշխանության նկատմամբ հասարակության վերաբերմունքի վրա:
Բոլորը ցանկանում են ապրել ավելի արժանապատիվ կյանքով, և, եթե իշխանությունը կարողանար ապահովել դա, ապա, մեծ հաշվով, կլուծեր նաև բնական ճանապարհով վերարտադրվելու խնդիրը: Ի դեպ, իշխանության մասին բազմաթիվ տեսություններում հասարակության բարեկեցությունը համարվում է իշխանության ամենահիմնական աղբյուրներից մեկը: Անգամ ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած անձը կամ խմբավորումն «արդյունավետ կառավարման» միջոցով ներքին լեգիտիմություն է ստանում: Հայաստանում, սակայն, չկան այդ մասին նույնիսկ խոսելու պայմաններ:
Ճիշտ հակառակը` աղքատությունը հասել է 35 տոկոսի, ամեն ամիս մեկ տասնյակից ավելի մարդ է արտագաղթում Հայաստանից, գներն աճում են մի քանի անգամ ավելի արագ տեմպով, քան մարդկանց եկամուտները: Հասարակությունը միանգամայն իրավացիորեն այս իրավիճակի համար մեղադրում է իշխանությանը, ուստի վերջինս այնքան միամիտ չէ՝ վերարտադրության հարցում ընտրողների «շնորհակալությանն ապավինելու» համար: Առավել ևս, որ առաջիկա ամիսներին` հենց նախագահական ընտրությունների նախաշեմին, բոլոր կանխատեսումների համաձայն, սոցիալական վիճակն ավելի է սրվելու` կապված գազի գնի, դրա արդյունքում՝ նաև մյուս ապրանքատեսակների թանկացման և մի շարք այլ գործոնների հետ:
Այսինքն` իշխանությունը գնում է նախագահական ընտրությունների` սոցիալական այնպիսի լարման պայմաններում, որը թուլացնելու գործնական քայլ ի վիճակի չէ կատարել:
Իրավիճակի նրբությունն էլ հենց այն է, որ սոցիալական լարումը` ֆորմալ առումով վնասելով իշխանության հեղինակությանը, տեխնոլոգիական իմաստով՝ նրա համար նպաստավոր իրավիճակ է ստեղծում: Խոսքը, բնականաբար, ընտրակաշառքի մասին է, որը, ինչպես ցույց տվեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունը, Հայաստանում ամենակենսունակ միջոցն է դարձել:
Որքան էլ իշխանությունը կատարելագործել է ընտրակեղծարարության մեթոդները, այնուամենայնիվ, ընտրակաշառքը դեռևս մնացել է ամենաարդյունավետ միջոցը, որն այդպիսին լինելով հանդերձ` ըստ էության, անվերահսկելի է: Իսկ որպեսզի ընտրակաշառքի արդյունավետությունն ավելանա, այսինքն` ավելի մեծ թվով ձայներ ապահովի, առաջին հերթին անհրաժեշտ է, որ երկրում ավելանա ընտրակաշառք վերցնելու պատրաստ մարդկանց թիվը: Դա էլ իր հերթին՝ գրեթե հակադարձ համեմատական է սոցիալական ցուցանիշների վատթարացմանը:
Այսինքն` որքան ավելանում է ծանր կենսապայմաններում ապրողների թիվը, այնքան մեծանում է ընտրակաշառք վերցնող ընտրողների քանակը: Առաջին հայացքից պարզունակ թվացող այս բանաձևն է իրականում դրված իշխանությունների հաշվարկի հիմքում: Եթե հնարավոր չէ բարձրացնել կենսամակարդակն այնքան, որ դա ազդի ընտրություններում մարդկանց կողմնորոշման վրա, ապա կարելի է գնալ հակառակ ճանապարհով` մարդկանց հասցնելով աղքատության այնպիսի աստիճանի, որ հնարավորին թվով շատ ընտրողներ ոչ միայն պատրաստ լինեն, այլ իրենք ցանկանան ընտրակաշառք վերցնել:
Այդ տեսանկյունից՝ ընտրողների 30-35 տոկոսին կարելի է համարել իշխանության կայուն «ընտրազանգվածը», քանի որ ընտրակաշառքի պարագայում սովորաբար ամենաբողոքական համարվող աղքատ խավը դառնում է իշխանության հենարանը: Այլ կերպ ասած, իշխանությունը վերարտադրվելու համար հետևողականորեն մեծացնում է եկամուտների բաշխման անհավասարության մասին վկայող հայտնի Ջինի գործակիցը` որը Հայաստանում հակառակ նշանակությունն է ստանում. որքան շատ աղքատներ՝ այնքան շատ քվեներ:
Ի դեպ, այս բանաձևն ամբողջական էֆեկտիվությամբ չի գործի միայն այն դեպքում, երբ Հայաստանում լինի հասարակության մեջ իրական փոփոխությունների հույս արթնացնող իրական ընդդիմություն:Այնպես, ինչպես ընտրակաշառքը չգործեց 2008 թվականի ընտրությունների ժամանակ, երբ իշխանություններից դժգոհ զանգվածը համախմբվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Սակայն այս տարվա մայիսի 6-ի ընտրություններում նույն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի մասնակցությունը ոչ միայն չխանգարեց, այլ ինչ-որ իմաստով՝ նպաստեց ընտրակաշառքի բաժանմանը: