«Ժառանգության» նվերը Սերժ Սարգսյանին

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ` ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:

Մինչ օրինագիծը շրջանառության մեջ դնելը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` խմբակցության անունից, գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը` հակասելով Սահմանադրության այն դրույթին, որի համաձայն՝ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին տրվում է ընտրելու իրավունք:

Այսպիսով, «Ժառանգությունը» մի կողմից՝ ցանկանում է ՍԴ-ում վիճարկել նշված հակասությունը, մյուս կողմից` Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարել` արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունք ընձեռելու համար:

«Ժառանգության» նախաձեռնությունը շատ ողջունելի է` խորհրդարանական ուժը ցանկանում է վերացնել Ընտրական օրենսգրքում առկա հակասահմանադրական դրույթը և համապատասխան փոփոխություններով հնարավորություն տալ արտերկրում գտնվողներին՝ իրացնել ընտրելու իրենց իրավունքը: Սակայն հայաստանյան իրողությունների պարագայում, հատկապես հաշվի առնելով անցած խորհրդարանական ընտրությունները, այս նախաձեռնությունը, մեղմ ասած, տարակուսելի է: Այն իմաստով, թե ինչպե՞ս «կօգտագործվի» արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը, և ո՞ւմ կծառայի այդ հնարավորությունը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները գրեթե կատարելության են հասցրել ընտրակեղծարարության գործընթացը. սկսած անձնագրերում ցնդող կնիքների օգտագործումից՝ մինչև կրկնակի քվեարկություններ, և այլն: Ընդդիմությունը, այդ թվում` «Ժառանգությունը», գործնականում չկարողացավ որևէ կերպ կանխել այդ գործընթացը՝ նույնիսկ ընտրական հանձնաժողովներում անդամներ և մեծ թվով վստահված անձինք ունենալու պարագայում:

Վերջին տարիներին ահագնացած արտագաղթի տեմպը հաշվի առնելով, տարբեր գնահատականներով, ներկայումս արտերկրում է գտնվում մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն ՀՀ քաղաքացի: Այդ մասին ահազանգում է նաև ընդդիմությունը, այդ թվում` նույն «Ժառանգությունը»: Եթե վերջինիս օրենսդրական նախաձեռնությունն ընդունվի և արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները ընտրության իրավունք ստանան, ապա այդ իրավունքը «տեխնիկապես» իրացնելու են ՀՀ դեսպանատներում և հյուպատոսական ներկայացուցչություններում կամ էլեկտրոնային տարբերակով` քվեարկության արդյունքներն ուղարկելով ԿԸՀ:

Դեսպանատներն ու ԿԸՀ-ն էլ, ինչպես հայտնի է, վերահսկվում են ոչ թե Ստեփան Սաֆարյանի, այլ իշխանությունների կողմից: Այսինքն` «Ժառանգության» առաջարկով իշխանությունն, ըստ էության, արտերկրում գտնվող մինչև մեկ միլիոն ընտրողների ձայները տնօրինելու հնարավորություն կարող է ստանալ: Տեսականորեն, իհարկե, ընդդիմությունը ևս այդ դեպքում վերահսկողության ինչ-որ մեխանիզմներ կարող է ստանալ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա գործնականում` թե՛ արտերկրում ֆիզիկապես, թե՛ էլեկտրոնային եղանակով քվեարկելու դեպքում:

Անկախ քվեարկության եղանակից՝ արտերկրում գտնվողները, նախ՝ պետք է հաշվառվեն դեսպանատներում կամ հյուպատոսական ներկայացուցչություններում, այսինքն` այսպես թե այնպես, հաշվառման ֆունկցիան իրականացնելու է պետությունը, տվյալ դեպքում` իշխանությունը: Բացի այդ, անգամ էլեկտրոնային քվեարկության դեպքում, «համապատասխան» հաշվառում անցած ընտրողների քվեարկության արդյունքները «մշակվելու» են ԿԸՀ-ում: Այսինքն` այսպես թե այնպես, իշխանությունը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում, հնարավորություն կստանա տնօրինել լրացուցիչ առնվազն մի քանի հարյուր հազար քվե:

Այս նախաձեռնության հիմնավորումներից մեկն այն է, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը (որոնք արտագաղթել են վերջին տարիներին) դեմ է քվեարկում իշխանության թեկնածուին: Որպես դրա ապացույց՝ ոմանք հիշում են 2003 թվականի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանի` Լոս Անջելեսում ստացած ավելի քան 90 % ձայները, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Ընտրական օրենսգրքից հանի արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունք ընձեռող դրույթը: Այս հիմնավորումը, սակայն, թույլ է՝ վերը նշված պատճառներով:

2003 թվականին ընտրությունները կեղծվում էին «բռի» մեթոդներով, մինչդեռ հիմա դրանք հասցվել են գրեթե անխոցելիության մակարդակի: Իշխանությունը կատարելապես տիրապետում է ընտրողների տվյալների «թվախաղին», ինչն արտերկրում շատ ավելի հեշտ կլինի, քանի որ քաղաքացիների հաշվառումն ու քվեարկության արդյունքների «մշակումը» կատարվելու է իշխանության կողմից: Այդ դեպքում արդեն ընտրողների տրամադրվածությունն էական չէ: Հակառակ դեպքում՝  «Ժառանգությունն» ու մնացած ընդդիմադիրները պետք է խոստովանեն, որ մայիսի 6-ի ընտրություններում արձանագրված արդյունքները ևս արտահայտում են ընտրողների իրական տրամադրվածությունը, ինչն, իհարկե, այդպես չէ:

Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ վերը նշված բոլոր մտահոգությունները ընդդիմության, այդ թվում` նույն «Ժառանգության» կողմից կարտահայտվեին, եթե արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունք ընձեռող նախաձեռնության հեղինակը լիներ իշխանությունը: Այս պարագայում, սակայն, ամեն ինչ ավելի «բնական» է: Եթե իշխանությունն ընդունի այս նախաձեռնությունը, մի կողմից՝ «կառուցողականություն» կցուցաբերի` որպես ընդդիմությանն ընդառաջ գնալու քայլ, մյուս կողմից` կստանա մի քանի հարյուր հազար ձայն տնօրինելու գրեթե անվճար հնարավորություն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս