Կազմաքանդող ընտրություններ

Այսօր կառավարությունում շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, 2012թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության,  կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Միգրացիոն պետական գործակալության պետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը:

Սա պաշտոնական ընթացակարգ է, որը տեղի է ունենում տարին մեկ-երկու անգամ` կիսամյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ: Որևէ գործնական արդյունք այս միջոցառումները չունեն, քանի որ դժվար է հիշել գոնե մեկ օրինակ, երբ այսինչ նախարարը կամ գերատեսչության ղեկավարը պաշտոնանկ արվի կամ գոնե նկատողություն ստանա, ասենք, կիսամյակային հաշվետվության մեջ բացահայտված թերացումների, վատ աշխատանքի համար: «Կառավարության ղեկավարն անդրադարձել է բոլոր գերատեսչություններին տրված հանձնարարականներին և աշխատանքների կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Վարչապետ Սարգսյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ժամանակացույցով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև՝ հնարավոր ռիսկային գերակա խնդիրները»,- նշված է այդ միջոցառման մասին պատմող հաղորդագրության մեջ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է դրանց անիմաստությունը:

Հայաստանյան իրականությանն անտեղյակ մեկն այս հաղորդագրություններն ընթերցելով՝ տպավորություն կստանա, որ այստեղ ամեն ինչ կարգին է, պետական կառավարման բոլոր մարմինները ոչ թե ուղղակի աշխատում են, այլ զօրուգիշեր ծառայում են քաղաքացիների արժանապատիվ կյանքի ապահովման սուրբ գործին: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանի պետական կառավարման համակարգը, թերևս, ամենաանարդյունավետ աշխատող համակարգն է, որ կարելի է գտնել մեր երկրում: Խնդիրը պետական մարմինների հաստատած ծրագրերն ու դրանց «կատարողականներն» արտահայտող ցուցանիշները չեն, որոնք, գուցե` ոչ միայն կատարվում, այլ նաև գերակատարվում են:

Պետական կառավարման համակարգի արդյունավետության որոշման գիտական ու գործնական բազմաթիվ եղանակներ կան, որոնք, սակայն, Հայաստանի պարագայում կիրառելն անիմաստ է: Այն պարզ պատճառով, որ այդ մեթոդները մեծ մասամբ հիմնվում են վիճակագրական ցուցանիշների վրա, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, կեղծվածության մակարդակով կարող են մրցել միայն ընտրությունների արդյունքների հետ: Հետևաբար, պետական կառավարման համակարգի արդյունավետության ամենաընդհանրական, սակայն իրական ցուցանիշը կյանքի որակն է, քաղաքացիների բավարարվածությունը կյանքից:

Եթե որևէ մեկը կհամարձակվի պնդել, որ Հայաստանում կյանքի որակը բարձր է, մարդիկ էլ չգիտեն ինչպես արտահայտել իրենց գոհունակությունը հայրենի կառավարությունից, կարող է սլանալ Հանրապետական կուսակցություն և համալրել նրա շարքերը: Իրականում, այսօր Հայաստանում կյանքի որակի, ավելի ճիշտ` անորակության գնահատման ամենաարժանահավատ ցուցանիշն արտագաղթի տեմպն է, որի մասին խոսում է նույնիսկ Գալուստ Սահակյանը` դա վերագրելով «վատ ժամանակներին»:

Տարբեր գնահատականներով, տարեկան  Հայաստանից արտագաղթում է 100 հազարից ավելի մարդ, ինչը կառավարության, ընդհանրապես իշխանությունների գործունեության ամենաիրական գնահատականն է: Մամուլը ողողված է տարբեր գերատեսչությունների, տարբեր պաշտոնյաների չարաշահումների մասին պատմող տասնյակ հրապարակումներով, բարձրաստիճան պաշտոնյաների` ֆանտաստիկ չափերի հասնող հարստության մասին տեղեկություններով…

Պետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիրը բազմաշերտ է, և հնարավոր չէ դրա բոլոր ասպեկտներին անդրադառնալ մեկ հրապարակման շրջանակներում: Սակայն հատկապես այս օրերին` նախագահական ընտրություններից առաջ, այդ ասպեկտներից մեկը հերթական անգամ շատ արդիական է դարձել: Խոսքն այն մասին է, որ պետական կառավարման համակարգը ամենազգայունն է քաղաքական ինտրիգների նկատմամբ, որոնցով այսօր ապրում է Հայաստանը: Մամուլն ամեն օր գրում է տարբեր կուլիսային պայմանավորվածությունների, իշխանության տարբեր թևերի միջև հակամարտությունների ու համաձայնությունների, այս կամ այն պաշտոնյայի, վարչապետի պաշտոնանկության մասին:

Այդ թեմաները շրջանառվում են ոչ միայն մամուլում, այլև նույն նախարարությունների աշխատասենյակներում, սրճարաններում, տարբեր հավաքույթներում: Իսկ պետական ծառայողները, սկսած գերատեսչությունների ղեկավարներից՝ մինչև կրտսեր մասնագետներ, հենց այդ ինտրիգների մեջ են տեսնում իրենց աշխատանքի շարունակության կամ դադարեցման հեռանկարները: «Թայֆայականությունը» կամ կլանայնությունը Հայաստանում ամենակայացած «ինստիտուտներից» մեկն է, թերևս, մի քանի անգամ ավելի կայացած, քան պետական կառավարման համակարգը:

Բոլոր նախարարություններում և գերատեսչություններում այս կամ այն ղեկավարի «մարդիկ» են, որոնք տարբերվում են կա՛մ կուսակցական պատկանելությամբ, կա՛մ «շեֆի շրջապատի» քաղաքական նախասիրություններով: Որևէ մեկի «մարդը լինելու» գործոնը, որը դրվում է պետական ծառայողների` աշխատանքի ընդունվելու հիմքում, նշանակում է, որ նրանք ուշի-ուշով հետևում են, թե ինչ է կատարվում այդ «մարդու» շուրջ: Այդ պայմաններում պետական ծառայողների համար մասնագիտական ֆունկցիաների կատարումը դառնում է երկրորդական-երրորդական նշանակության հարց: Եթե «շեֆի» հարաբերությունները իշխանական վերնախավում վատանում են, ապա նրա «մարդիկ» մտածում են կամ ճամբար փոխելու, կամ մեկ ուրիշ «շեֆի մարդ» դառնալու մասին: Եվ հակառակը` եթե «շեֆի գործերը լավ են», բարեհաջող է ընթանում նաև նրանց առաջխաղացումը: Այս երևույթի արմատավորմանը մեծապես նպաստել են տարբեր տարիների կոալիցիոն կառավարությունները, որոնցում նախարարներն ու փոխնախարարները նշանակվում են կուսակցական, այսինքն` «թայֆայական» սկզբունքով: Քաղաքացիական ծառայության ինստիտուտը, որը տեսականորեն կարող էր կանխել այդ երևույթը, գործնականում չի գործում, քանի որ, այսպես թե այնպես, որևէ ղեկավարի փոփոխություն հանգեցնում է նաև ենթակաների փոփոխության, հետևաբար նաև` վերջիններիս կախվածությանը ղեկավարներից ու նրանց շուրջ ծավալվող քաղաքական ինտրիգներից:
Օրինակ, վերջին օրերին շատ է խոսվում ՀՀ վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին: Գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում կան «վարչապետի մարդիկ»: Ի՞նչ եք կարծում, այս պայմաններում նրանք մտածում են բյուջեի ցուցանիշների՞, իրենց պարտականություններն ավելի լավ կատարելո՞ւ, թե՞ հնարավոր զարգացումների դեպքում՝ «ճիշտ ուղղությամբ թռնելու» մասին:
Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ այս «աժիոտաժը» պետական կառավարման համակարգում շարունակվելու է: Բոլորը գիտեն, որ նախագահական ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, ձևավորվելու է նոր կառավարություն` համապատասխան նախարարներով, փոխնախարարներով ու գերատեսչությունների պետերով: Նոր կառավարությունում հայտնվելու համար կա մեկ կարևոր ցուցանիշ` ինչպես նրանցից յուրաքանչյուրը «կաշխատի» նախագահական ընտրություններում: Բնականաբար, ոչ թե իր պաշտոնում, այլ իշխանության թեկնածուի համար «ձայն բերելու հարցում»: Այնպես որ, իրականում բոլոր համապետական ընտրությունները կազմաքանդում են պետական կառավարման համակարգի գործունեությունը: Նույնիսկ, եթե այդ ընտրություններում կազմաքանդման մասին կարգախոսներով ուժեր չեն մասնակցում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս