Գործատուն շահո՞ւմ է
«Եկամտային հարկի մասին» օրենքից գործատուները ոչ միայն չեն կորցնում, այլ հակառակը՝ շահում են։ Այս մասին 168.am-ին ասել է տնտեսագետ Հայկ Բալանյանը
«Դեռևս այդ օրենքն ուժի մեջ չի մտել, կա օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, և դեռևս քննարկումների փուլում է գտնվում այդ ամենը, սակայն, որպես այդպիսին, օրենքում նմանատիպ փոփոխությունը նպատակաուղղված է հիմնականում ձեռնարկություններին խրախուսելու համար, որպեսզի նրանք օրինական գրանցեն իրենց աշխատակիցների անվանական աշխատավարձերի իրական ծավալները»- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, անկախ փորձագետ Հայկ Բալանյանը։ Ըստ փորձագետի, օրենքի կիրառման պարագայում գործատուները շահում են, քանզի, եթե առաջ շահութահարկը կազմում էր 20%, ապա այժմ ըստ նախագծի սահմանելով 26%՝ կազմակերպությունը չվճարված շահութահարկի տեսքով ավելի շատ գումար է խնայելու՝ իրական աշխատավարձերը ստվերից հանելով: Այս պարագայում կազմակերպությանը ձեռնտու է՝ աշխատակիցներին բարձր աշխատավարձ վճարել: «Այս օրենքներին հարկավոր է նայել ամբողջական տեսքով: Մասնակի դիտարկմամբ շատ բաներ անհասկանալի կլինեն: Սակայն մի բան կարելի է հստակ ասել՝ օրենքում նմանատիպ փոփոխության հիմնական նպատակը, հիմնականում շահութահարկ վճարող` խոշոր ձեռնարկություններին և եկամուտը չթաքցնող ընկերություններին է վերաբերում, իրական աշխատավարձերը ստվերից դուրս բերելու նպատակով: Պարզ ասած, ձեռնարկությունների համար տարբերություններ չկան: Ի՞նչ տարբերություն՝ շահութահա՞րկ է վճարվում, թե՞ եկամտային հարկ, նույնիսկ եկամտային հարկի գումարն ավելի քիչ կլինի, քան շահութահարկը»,- ասաց Հ. Բալանյանը:
Ըստ փորձագետի, այլ հարց է արտոնյալ պայմաններով աշխատող ձեռնարկությունների կարգավիճակը, որոնք, այսպես թե այնպես, ցույց չեն տալու իրենց իրական եկամուտների ծավալները, բայց դա հարկային խնդիր չի, այլ քաղաքական. «Գործող համակարգում օրենքում կատարված փոփոխությունը լավ միջոց է օրինականացնելու աշխատավարձերի ոլորտը, սակայն ներկայիս գործող համակարգում այդ ամենը բավարար չէ: Խնդիրն այն է, որ գործող համակարգը չի համապատասխանում սոցիալական պետության պահանջներին: Ինքը՝ սկզբունքը, լավը չէ: Իրական բարեփոխումը կլիներ այն, որ եկամտահարկի սանդղակը փոխեին: Այսինքն՝ եթե ընտանիքում աշխատավարձ ստացողը մի հոգի է, բնականաբար, նրա հարկման սանդղակն այլ պետք է լիներ՝ հաշվի առնելով նվազեցումները՝ կախված խնամառուների քանակից, սոցիալական վիճակից, և այլն: Չի կարող հարուստ ձեռնարկատերն էլ, սովորական 150.000 դրամ աշխատավարձ ստացողն էլ միևնույն հարկման սանդղակի տակ լինել»: