Ժամն է գործելու. Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը անդրադարձել է Սիրիայի օր-օրի սրվող կացությանը՝ այնտեղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտագությունը ապահովելու և մարդասիրական օգնության հատկացման գործում հայության ուժերը կենտրոնացնելու հրամայականով: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները, տարածելով ապատեղեկատվություն և վտանգելով հայ համայնքի ապահովությունը:

Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա:

Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել` Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի առաջ գնալով, որոշ երկրներում, սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպությունները համատեղ մարմիններ են ստեղծել անհրաժեշտ օգնությունը համակարգված ձևով հավաքելու համար: Հուսով ենք, որ այդ խմբերը շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ սիրիահայերի կոնկրետ կրիքների, հավաքվելիք գումարի և այդ միջոցների բաշխման մեխանիզմների վերաբերյալ:

Համասփյուռքային կառույցի բացակայության պատճառով, որը կներկայացներ աշխարհասփյուռ բոլոր հայերին և կզբաղվեր նրանց հավաքական խնդիրներով, այժմ յուրաքանչյուր համայնք փորձում է ձևավորել իր սեփական միացյալ մարմինը: Որոշ դեպքերում, միևնույն համայնքում մեկից ավելի միասնական մարմիններ են ստեղծվել՝ յուրաքանչյուրը մի կոնկրետ խնդրով զբաղվելու համար: Ավելորդ կրկնություններից խուսափելու համար նախընտրելի է յուրաքանչյուր համայնքում ձևավորել մեկ միասնական մարմին, որը կունենա առանձին խնդիրներով զբաղվող իր ենթահանձնախմբերը:

Բացի այդ, երկու այլ համահայկական մարմիններ կարող են վճռական դեր խաղալ այս հումանիտար ճգնաժամում` մեկը Սիրիայից դուրս, իսկ մյուսը՝ երկրի ներսում, որին կհանձնարարվի բոլոր աղբյուրներից եկող մարդասիրական օգնության համակարգումն ու բաշխումը.

1. Սիրիայից դուրս գտնվող մարմինը, որը դեռ չի ձևավորվել, կհամակարգի ոչ միայն Սփյուռքից և Հայաստանից ստացվող օգնությունը, այլև, որն ավելի կարևոր է, օժանդակություն կապահովի կառավարություններից, միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) և ոչ կառավարական կազմակերպություններից:

2. Սիրիայում նորաստեղծ համահայկական մարմնի կազմի մեջ մտնում են հայկական բոլոր կրոնական և բարեգործական կազմակերպությունները: Նրա պարտականությունների մեջ են մտնում համայնքի կարիքների մասին արտաքին աշխարհին տեղեկացնելը, դրսի օգնության ստացումը և դրա բաշխումը ամբողջ երկրի հայերին:

Սիրիայի հայ համայնքի հսկայածավալ կարիքների համապարփակ գնահատում դեռ չի կատարվել, սակայն արդեն իսկ պարզ է, որ միլիոնավոր դոլարներ են պահանջվելու հազարավոր կարիքավոր ընտանիքների սննդի, ջրի, բուժօգնության, վառելիքի, էլեկտրաէներգիայի, և  անապահով ուսանողների ուսման վարձի  համար: Չափազանց կարևոր է, որ այդ օգնությունը բաժանվի նաև այն բոլոր մարդկանց, որոնք ապրում են  հայկական թաղամասերում կամ դրանց հարևանությամբ՝ անկախ նրանց էթնիկական կամ կրոնական պատկանելությունից:

Նման համաշխարհային լայնամասշտաբ դրամահավաք իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է մտածի իր այս տարվա հեռուստամարաթոնը սիրիահայերի օգնությանը նվիրելու մասին: Խոշոր կազմակերպություններին և բարերարներին պետք է խնդրել, որպեսզի առատաձեռն նվիրատվություններ կատարեն՝ Սիրիայում հայկական պատմական ներկայությունը պահպանելու համար, որտեղ հայերը հաստատվել էին ցեղասպանությունից դարեր առաջ: Համահայկական հիմնադրամն արդեն իսկ ձեռնարկել է իր առաջին քայլը՝ հատուկ բանկային հաշիվ բացելով Երևանում՝ Սիրիայի համար նվիրատվություններ խնդրելու նպատակով, որտեղ մինչ այժմ հավաքվել է 50 հազար դոլար: Այս գումարը ծախսվել է Հալեպից Հայաստանի ամառային ճամբարներ հարյուրավոր երեխաների տեղափոխման համար:

Պետք է անհապաղ միջոցներ հայթայթել՝ Հայաստան ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխված սիրիացիների բնակարանային և կենցաղային ծախսերը հոգալու համար:  Այժմ պահը չէ վիճելու այն դժվար երկընտրանքի մասին, թե նրանց պետք է օգնել, որ մնան Սիրիայում, թե հեռանան այնտեղից, քանզի նրանց գոյությունը վտանգված է: Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել սիրիահայերի ցանկություններն ու դատողությունները և աջակցել նրանց անձնական որոշումներին: Վերջիվերջո, երբ նրանց կյանքը վտանգի տակ է, նրանց նախընտրությունը չպետք է կասկածի տակ առնվի: Նաև ժամանակը չէ դատողություններ անել սիրիահայ ապաստանյալներին Հայաստանի կառավարության կողմից հատկացված օգնության որակի կամ քանակի մասին: Նման գնահատականներ կարելի է տալ ավելի ուշ, երբ փոթորիկը հանդարտվի:

Վերջապես, չնայած ֆինանսական աջակցությունն այս պահին առավել հրատապ է, սակայն հավասարապես կարևոր է սիրիահայերին ուղերձ հղել այն մասին, որ նրանք միայնակ չեն այս օրհասական պահին: Սիրիահայերը պետք է զգան, որ բոլոր հայերը և այլ բարի մարդիկ մեծապես մտահոգ են նրանց բարեկեցության մասին և հնարավոր ամեն ինչ անում են նրանց փրկության համար:

Նման հուսատու և հոգատար ուղերձը էական նշանակություն ունի ոչ միայն սիրիահայերի, այլ նաև համայն հայության համար: Որևէ մի համայնքի ցավը պետք է կիսեն բոլոր հայերը՝  շտապ օգնության ձեռք մեկնելով տուժած համայնքին, որովհետև նրանք բոլորը մի մեծ ընտանիքի զավակներն են: Փոխադարձ օժանդակության այս ոգին պետք է բոլոր համայնքներին վստահություն ներշնչի, որ դժբախտության պահին, նրանց չեն թողնի բախտի քմահաճույքին:

Հաշվի առնելով Սիրայում հայերի այս ծանր իրավիճակը, եկե’ք մի կողմ թողնենք բոլոր այլ քննարկումները և շտապ աջակցենք նրանց»:

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս