Բդեշխապետություն
Մեկնարկել է Հայաստանի ավելի քան 370 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մի շարք համայնքներում էլ ՏԻՄ ընտրությունները անց են կացվելու սեպտեմբերի վերջին:
ՏԻՄ ընտրություններով, ըստ էության, մեկնարկում է քաղաքական աշունը, որը կանխորոշիչ է լինելու 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների համար: ՏԻՄ առաջիկա ընտրությունները, ի թիվս այլ առանձնահատկությունների, հետաքրքիր են նաև նրանով, որ, լայն իմաստով, ընդդիմությունը դրան չի մասնակցում: Մի քանի տասնյակ բացառություններով, այդ ընտրություններում առաջադրվել են կամ ՀՀԿ-ական, կամ ԲՀԿ-ական թեկնածուներ: Այսինքն` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախագահական ընտրություններից առաջ գրեթե ամբողջությամբ «վերցնելու են» տեղական իշխանությունը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում համարվում է համապետական ընտրություններում կեղծարարության հիմնական օղակներից մեկը:
Սակայն, որքան օրինաչափ է իշխանության այդ ձգտումը, նույնքան տարօրինակ է ընդդիմության պասիվությունը ՏԻՄ ընտրություններում: Հիմնավորումը, թե ընդդիմությունը գուցե չի ցանկանում վատնել ռեսուրսները նախագահական ընտրություններից առաջ, թույլ է: Քանի որ նույն ընդդիմությունը` ՀԱԿ-ի գլխավորությամբ, տարիներ շարունակ հայտարարել և հայտարարում է, որ համապետական ընտրություններում կեղծիքները հնարավոր են դառնում տեղական նշանակության «բդեշխների» ու «իշխանիկների» միջոցով: Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ թույլ տալ, որ նույն «բդեշխները» վերարտադրվեն, նշանակում է` ի սկզբանե ընդունել նաև նախագահական ընտրություններում իշխանության «հաղթանակը»: Իսկ ընդդիմության այդ իներտության պարագայում մարզերում ամեն ինչ ընթանում է իսկապես «բդեշխությանը» հատուկ մեթոդներով:
Ամենատիպիկ օրինակ, թերևս, Սյունիքի մարզն է, որում քաղաքապետերն ու գյուղապետերն իրականում որոշվում են ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ մեկ-երկու տեղական նշանակության դեմքերի կողմից: Օրինակ` Կապանում Սյունիքի մարզի ամենաբարձրաստիճան պաշտոնյան` Սուրեն Խաչատրյանը, և մարզի ամենահարուստ մարդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, որոշել են քաղաքապետի իրենց թեկնածուին և նույնիսկ չեն էլ թաքցնում, որ կապանցիների համար «բավական է նրան պաշտպանելու» իրենց հայտարարությունը: Նույն մեթոդը գործում է նաև մյուս մարզերում:
Կենտրոնական իշխանությունից «դաբրո» ունեցող մարզային պաշտոնյաներն ու մարզի ֆինանսական «շարժերը» տնօրինողները որոշում են իրենց «աշխատողներին»` քաղաքապետերին կամ գյուղապետերին և ընտրությունների ժամանակ ընդամենը վավերացնում են այդ որոշումները: Ու երբ այս պայմաններում ընդդիմությունը ՏԻՄ համակարգը, ըստ էության, առանց պայքարի հանձնում է իշխանությանը, նշանակում է` ընդունում և նպաստում է, որ նախագահական ընտրություններում ևս գործի նույն` «բդեշխապետության մեթոդը»: