Հինգ երեխաների հետ բաց երկնքի տակ է ապրում

Օգոստոսի 16-ին, առավոտյան ժամը 9։00-ին Մասիսի շրջանի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի տնակում հրդեհ էր բռնկվել:
Մենք անմիջապես այցելեցինք Արբատ գյուղ և համոզվեցինք, որ Թ. Առաքելյանի բազմանդամ ընտանիքը հրդեհի հետևանքով հայտնվել է բաց երկնքի տակ: «Գազը վառում էի, որ ճաշ պատրաստեմ: Կրակը միացրեցի ու զգացի, որ թշշոց ա գալիս: Անմիջապես կրակի շիթ բացվեց ու գնալով էդ շիթը մեծացավ: Ինչ անում էի` չէր անջատվում: Ամենափոքրս` երկու տարեկան երեխաս էլ ներսում քնած էր: Վարագույրը սկսեց այրվել, հետո մի էնպիսի կրակ բացվեց, որ ամբողջ դոմիկը սկսեց այրվել»,- մեզ հետ զրույցում պատմեց Թերեզա Առաքելյանը` վստահեցնելով, որ փոքրիկին հրաշքով է փրկել: Ինչևէ, հրդեհի ժամանակ անմիջապես Արբատ գյուղի բնակիչները փորձել են իրենց ուժերով մարել այն: Հրշեջ ծառայության աշխատակիցները հասել են դեպքի վայր այն ժամանակ, երբ կրակն արդեն մարված է եղել։ «Ճիշտ ա, կրակն արդեն մարել էինք, բայց տանիքից դեռ ծխում էր ու վտանգ կար, որ քամուց նորից կարող էր կրակ բռնկվել: Հրշեջ ծառայությունից տանիքի ծուխը մարեցին ու մեր անվտանգության հարցերը լուծելուց հետո գնացին»,- մեզ փոխանցեց տնակի բնակիչ Թ. Առաքելյանը` հավելելով, որ հրդեհի պատճառը գազօջախի անսարքությունն է եղել: Այնուամենայնիվ, ընտանիքի գույքն ու ունեցվածքն ամբողջությամբ այրվել էր, բացառությամբ մի քանի իրերի: Մեր այցելության ժամանակ Թ. Առաքելյանը երեխաների հետ բակում էր, քանի որ տնակի ներսի կարտոնե պատերն ամբողջությամբ այրվել, պատուհանները կոտրվել էին, մի խոսքով` այնտեղ ապրելն այլևս անհնար էր: Հինգ անչափահաս երեխաների մայրը դիմում էր լրատվամիջոցներին` խնդրելով օգնել կացարան գտնելու հարցում: «Մենք հայտնվել ենք դրսում` առանց ոչնչի: Երեխայիս հարևանի տանն եմ քնացնում, իսկ մենք բակում ենք մնում, մինչև տեսնենք` ինչ ա լինելու: Ամուսինս դեպքից մեկ շաբաթ առաջ մեկնել էր Ռուսաստան աշխատելու: Անկեղծ ասած` մեծ գումար էինք պարտք արել, որ հասնի էնտեղ: Ես նույնիսկ իրեն չեմ տեղեկացրել, որ նման դեպք ա եղել, որովհետև հետդարձի գումար չունի: Եթե անգամ վերադառնա` մենք ավելի մեծ պարտքերի մեջ ենք ընկնելու: Ես չգիտեմ, ո՞ւմ դիմեմ, որ մեզ կացարանի հարցում աջակցեն, մենք հայտնվել ենք դրսում: Երեկոյան ստիպված անկողինը գցում եմ հատակին, որ քնենք, բայց ամբողջը խոնավ ու ջուր ա»,- դեպքի օրը մեզ հետ զրույցում ասում էր Թ. Առաքելյանը, ում մանկահասակ երեխաներն իսկապես ներկայումս էլ վատ վիճակում են: Երեկ մենք կրկին կապվեցինք նրա հետ` պարզելու համար, թե դժբախտ պատահարից հետո արդյո՞ք որևէ կառույցից նրանց ձեռք մեկնել են: Պարզվեց, որ անգամ մեկ շաբաթ անց էլ նրանցով հետաքրքրվող չի եղել, և կացարանի հարցը մնացել է օդից կախված: «Նույն վիճակում ենք: Գիշերը անկողինը գցում եմ վառված դոմիկում, պատուհան էլ չկա: Ճիշտն ասած` արդեն ցուրտ ա, երեխեքս մրսում են, մանավանդ, որ անկողինն էլ չի չորանում: Հրդեհի ժամանակ էնքան ջուր ենք լցրելգ: Խնդրում եմ` համապատասխան մարմիններին եմ դիմում, որ մեզ օգնեն, մենք կացարանի խնդիր ունենք: Շուտով անձրևները կսկսվեն, ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե երեխաներիս ոնց եմ պահելու»,- երեկ մեզ հետ զրույցում փոխանցեց Թ. Առաքելյանը: Նա նշեց, որ այս ընթացքում դիմել է լրատվամիջոցներին, որոնք խնդիրը բարձրացրել են, բայց իրենցով հետաքրքրվող չի եղել: Ի դեպ, նշենք, որ Թ. Առաքելյանը դեռ 2006թ. դիմել էր «168 Ժամ» թերթին` տնակային իրենց պայմանների մասին հրապարակում պատրաստելու խնդրով: Նա լինելով բազմազավակ մայր` փորձել էր ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրել բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդրի վրա: Դեռ այն ժամանակ Թ. Առաքելյանն ահազանգում էր նման պայմաններում հինգ երեխա մեծացնելու դժվարությունների մասին։ «Ես ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ: Ոչ մի օգնություն չեմ ակնկալում: Ես ու ամուսինս շատ աշխատող մարդիկ ենք և կարողանում ենք մեր երեխաներին պահել, բայց բնակարանային խնդիր հնարավոր չէ լուծել: Մենք այնքան աշխատավարձ չենք ստանում, որով հնարավոր կլինի հիպոթեքային վարկ վերցնել, բանկերը չեն էլ տրամադրի: Մեր երկրի ղեկավարները պետք է հասկանան, որ մեզ նման ընտանիքներին հասու չեն այդ պայմանները: Եթե մեզ փոքր տոկոսադրույքով վարկ տրամադրեին, մենք մեր քրտինքով բնակարան կգնեինք, բայց նման պայմաններով անհնար էգ»,- ասում էր բազմազավակ մայրը` ավելացնելով, որ փոքրիկ այդ տնակում հինգ երեխա մեծացնելը նաև վտանգավոր է: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ նշել էինք ամուսինների նկարագրած այն դեպքերը, երբ վատ պայմանների պատճառով մանկահասակ երեխաներից մեկն աստիճաններից ընկել և ուղեղի ցնցում էր ստացել: Մյուսն էլ պատահաբար պահածոյացված տարան էր գցել իր վրա. «Հասկանո՞ւմ եք, էնպես չի, որ ուշադիր չեմ, բայց որքան էլ ուշադիր ուզում ես եղի, այս պայմաններում անվտանգ ապրելն անհնար ա: Մի քանի ոտնաչափ տնակ ա, որտեղ ձմռանն էլ վառարան ենք տեղադրում, և տեղաշարժվելն ընդհանրապես անհնար ա դառնում»: Ինչևէ, բազմազավակ այս ընտանիքն այսօր անգամ զրկվել է այն տնակից, որտեղ 10 տարուց ավելի ապրել են, ընդ որում, հինգ երեխաներն էլ այնտեղ են ծնվել: Թ. Առաքելյանը հինգ երեխաների հետ ներկայումս անելանելի վիճակում է: «Մենք ոչ մի բանի կարիք չունենք: Ես օգնություն չեմ խնդրում: Միայն ապրելու տեղ եմ խնդրում: Մեզ կացարան է անհրաժեշտ, որը մեր ուժերով չենք կարող ստեղծել: Շուտով ցրտերը կընկնի, չգիտեմ, թե մեզ հետ ինչ է լինելու»,- ասում է բազմազավակ մայրը` հույսով, որ իր ձայնը լսող կգտնվի:

Տեսանյութեր

Լրահոս