Ապացուցեք, որ ուղտ չեք

Հայաստանի պաշտոնական-իշխանական քարոզչությունը մի առանձնահատկություն ունի` չի հանդուրժում որևէ թեմայի քննարկում, որի շուրջ բանավեճը տվյալ պահին ձեռնտու չէ իշխանությանը: Դա շատ ցայտուն դրսևորվում է Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության և, որպես դրա հետևանք` արտաքին քաղաքական կողմնորոշումների շուրջ վերջերս ակտիվացած քննարկումների առնչությամբ: Տարբեր դրսևորումներով իշխանության ասածը հետևյալն է` Հայաստանին որևէ կողմից չի պարտադրվում կողմնորոշվել, չկա արտաքին քաղաքականության ուղղվածության հստակեցման խնդիրը, «Հայաստանը լավ հարաբերություններ ունի բոլոր բևեռների հետ» և նման քննարկումներով ընդամենը արհեստական աժիոտաժ է ստեղծվում: Այդպիսով իշխանությունը մատնում է ինքն իրեն և այն, թե իրականում որքան սուր է դրված այդ խնդիրը: Իսկ խնդիր իսկապես կա:

Ամերիկյան «Reuters» գործակալության վերջին հրապարակմանը` «Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները», դժվար է վերաբերվել՝ որպես Հայաստանի մասին «միջազգային մամուլի անդրադարձ»: «Reuters»-ը` հղում անելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների իրականացմանը հետևող ՄԱԿ-ի փորձագետների խորհրդի զեկույցին, այդ հոդվածում գրել էր, որ Հայաստանի բանկային համակարգի միջոցով Իրանը փորձում է շրջանցել միջազգային պատժամիջոցները: Այդ հրապարակման մեջ նշված են նաև հայաստանյան որոշ բանկերի անուններ: ՀՀ Կենտրոնական բանկն արդեն հանդես է եկել պարզաբանմամբ` հերքելով այդ հոդվածում նշված տեղեկությունները: Դրանք հերքել են նաև կոնկրետ բանկերի ներկայացուցիչները: Ընդ որում, այդ պարզաբանումներն ու հերքումները բավական համոզիչ են և կասկածի տեղ գրեթե չեն թողնում: Տվյալ դեպքում, սակայն, խնդիրը ոչ թե դետալների մեջ է, այլ այն փաստի, որ, ըստ էության, ամերիկյան արտաքին քաղաքականության ոչ պաշտոնական խոսափողերից մեկը համարվող լրատվամիջոցը նման տեղեկություններ է հրապարակում Հայաստանի վերաբերյալ: Որքան էլ հերքումները հիմնավոր լինեն, ինչպես ասում են՝ «նստվածքը մնում է», և այս իրավիճակը հիշեցնում է «ապացուցեք, որ դուք ուղտ չեք» արտահայտությունը: Իսկ «նստվածքը», տվյալ դեպքում, ոչ թե բուն թեման է` կապված բանկային համակարգի հետ, այլ այն «ուղերձը», որն Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, դրանով հղել է ՀՀ իշխանություններին:

Ընդհանրապես, հայ-ամերիկյան հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ չնայած Իրանի նկատմամբ այդ երկրի վերաբերմունքին ու անընդհատ խստացվող պատժամիջոցներին, ԱՄՆ-ը միշտ ըմբռնումով է մոտեցել հայ-իրանական հարաբերություններին` հաշվի առնելով մեր աշխարհագրական և քաղաքական իրավիճակը, այդ պետության հետ տնտեսական հարաբերությունների կենսական նշանակությունը մեր երկրի համար: Անգամ Իրան-Հայաստան գազամուղի և համեմատաբար խոշոր հայ-իրանական նախագծերի նկատմամբ ամերիկյան կողմը միշտ համեմատաբար մեղմ վերաբերմունք է ունեցել:

Ուրեմն ինչո՞ւ հենց այս փուլում «Reuters»-ը նման թեմայով հոդված հրապարակեց:

Կարդացեք նաև

Այդ հրապարակման և Եվրասիական միության շուրջ ծավալված քննարկումների մեջ կապ չտեսնելու համար պետք է առնվազն պաշտոնական քարոզչության ներկայացուցիչ լինել: Իսկ այդ կապն արտահայտվում է նրանով, որ այսպիսով, ըստ ամենայնի, Արևմուտքը ակնարկում է Հայաստանին Եվրասիական միությանն անդամակցելու հեռանկարների մասին: Մասնավորապես, այն իմաստով, որ այդ դեպքում Իրանի հետ հարաբերություններին այլևս «ըմբռնումով» չեն մոտենա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս