Մինչև Ցեղասպանության 100-ամյակը Թուրքիան փորձելու 2 ճակատով աշխատել. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը անդրադարձավ սեպտեմբերի 30-ին Թուրքիայում ներքաղաքական զարգացումների խնդրին՝ կապված  այդ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սեպտեմբերին տեղի ունենալիք չորրորդ համագումարի հետ:

Նա ասաց, որ այս կուսակցությունը կանգնած է համակարգային փոփոխությունների շեմին, որը որոշակի սահմանափակումներ կմտցնի իշխանական համակարգում. «Քննարկվելու են հարցեր, թե իշխող կուսակցության նախագահը քանի անգամ կարող է ընտրվել, ինչպես նաև՝ քանի անգամ կարող են ընտրվել պատգամավոր: Այս տեսակետից Էրդողանը վերջին անգամ կարող է ընտրվել կուսակցության նախագահ, ինչպես նաև շուրջ 70 պատգամավորներ այլևս չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը»:
Բանախոսի մեկնաբանությամբ՝ խնդիր կա Էրդողանի քաղաքական ապագայի հետ կապված: Նա կարող է 2014-ին առաջադրվել նախագահական ընտրություններում և դառնալ գործող նախագահ Գյուլի հակառակորդը: Իր հերթին Գյուլը խնդիր ունի՝ կապված այդ պատգամավորների հետ: Նրանք ցանկանում են քաղաքական ապագա. «Այդ 74 պատգամավորները Գյուլից պահանջում են իրենց քաղաքական ապագա տալ, իսկ Գյուլն առաջարկում է կա՛մ համայնքի ղեկավարի, կա՛մ մարզպետի պաշտոն, կամ էլ ստեղծել կուսակցություն և այդպես մտնել քաղաքական դաշտ»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, բանախոսն ասաց, որ այս հարցի շուրջ երկրում կա մի քանի տեսակետ: Մի մասը կարծում է, որ չստորագրված արձանագրությունները Թուրքիայի օգտին են, իսկ ազատականների կարծիքով՝ դա խարան է Թուրքիայի համար. «Վերջերս նման հայտարարություն էր արել Տրապիզոնի նահանգապետը: Դավութօղլուն էլ իր հերթին առաջ է քաշում արդար հիշողության գաղափարը: Նպատակն է 2015 թվին ընդառաջ՝ դիսկուրս ծավալել, համատեղ ձևակերպել Օսմանյան կայսրության պատմությունը»:

Ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ Թուրքիայում ձեռքերը ծալած չեն նստի, փորձելու են երկու ճակատով աշխատել. պետական մակարդակով՝ Սփյուռքի հետ, քաղաքացիական հասարակության միջոցով՝ մեզ հետ. «Հասկանում են, որ այս ամենին ընդառաջ՝ պիտի փորձեն հայ-թուրքական սահմանը բացել: Հակառակ դեպքում լավ սցենար չի նախատեսվում Թուրքիայի համար: Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն Ցեղասպանության մասին, հայկական տեսակետն ավելի շատ կքննարկվի ամբողջ աշխարհում»:

Տեսանյութեր

Լրահոս