ԱՄՆ ստուգումներ է սկսել Իրանի հետ որոշ բանկերի գործարքների շուրջ
Ամերիկյան ֆինանսական կարգավորիչ մարմինը ստուգումներ է սկսել ԱՄՆ տարածքում Deutsche Bank-ի գործունեության նկատմամբ` Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների խախտման կասկածանքով: Քննիչները կասկածում են, որ բանկը մինչ 2008 թվականը իրանցի կապալառուների հանձնարարականով ֆինանսական գործարքներ է իրականացրել ԱՄՆ տարածքում: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Բանկի ներկայացուցիչները չեն մեկնաբանել ֆինանսական հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն հաղորդել են, որ 2007 թվականին Deutsche Bank-ը որոշել է հրաժարվել Իրանի, Սուդանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի կապալառուների հետ համագործակցությունից:
Ներկայում նման մեղադրանքներով ստուգումներ են անցկացվում ևս 5 խոշոր եվրոպական` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING բանկերում:
Ավելի վաղ իրանական տնտեսական պատժամիջոցների խախտման համար մեղադրանքներ են առաջադրվել բրիտանական երկու` HSBC և Standard Chartered բանկերին: Մասնավորապես, Standard Chartered-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կասկածում է իրանական իշխանություններին պատկանող գումարներով 250 մլն դոլար ծավալով գործարք իրականացնելու մեջ: