Բաժիններ՝

Ի՞նչ արժե 1-ին դասարանցու հագուստը

Սեպտեմբերի 1-ի հետ կապված աժիոտաժն արդեն սկսված է: Խանութներն ու շուկաները սպառողին են առաջարկում դպրոցական պարագաների լայն ընտրանի: Տեսականին հիմնականում ներկրվել է Թուրքիայից և Չինաստանից:

168.am-ը փորձեց պարզել, թե ծնողն այս տարի իր երեխային դպրոց ուղարկելիս որքա՞ն գումար պետք է ծախսի: Այցելեցինք Երևանում գործող հագուստի խանութներ և շուկաներ: Գները տարբեր էին՝ ըստ սպառողի գրպանի: Այն ծնողները, ովքեր այս տարի առաջին դասարանի երեխա են դպրոց ճանապարհելու` երևանյան հագուստի տոնավաճառ-խանութներից դպրոցական պարագաներ, հագուստ գնելու համար կծախսեն միջինը 50.000 դրամ:

Երևանի Մալաթիա տոնավաճառում մեր կատարած այցելության ընթացքում պարզեցինք առաջին դասարանցի երեխաների հագուստի գները: Աղջիկների շրջազգեստների գները սկսվում են 5000 դրամից: Աղջիկ երեխաների վերնաշապիկների գները սկսվում են 3000 դրամից: Տղա երեխաների խնդիրն առավել բարդ է: Վաճառողները ծնողներին առաջարկում էին կոստյում, սպիտակ վերնաշապիկ և փողկապ` 15.000 դրամով: Այլ էին կոշիկների գները: Կախված արտադրատեսակից, որակից` կոշիկի գները սկսվում էին 7000 դրամից: Պայուսակների գները՝ թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, գրեթե նույնն էին՝ սկսած 4000 դրամից:

Քաղաքի կենտրոնի խանութների տեսականին նախատեսված էր առավել ծանր դրամապանակ ունեցող ծնողների համար: Երևանյան խանութներում առաջարկվող դպրոցականի համազգեստի, շրջազգեստի ու վերնաշապկի գները տարբեր էին՝ յուրաքանչյուրը սկսած միջինը 15.000 դրամից: Կոշկեղենի գները սկսվում են միջինը 20.000 դրամից:

Կարդացեք նաև

Այցելեցինք նաև գրախանութներ` պարզելու գրենական պիտույքների գները: Գրիչների, մատիտների, նկարչական ալբոմի, գունավոր թղթերի, քանոնի, կարկինի և այլ անհրաժեշտ գրենական պիտույքների հավաքածուների գները սկսվում էին 5000 դրամից: Տետրերի գները ևս տարբեր էին. կախված որակից, նկարազարդված լինելու հանգամանքից, գները սկսվում էին 30 դրամից: Տարբեր էին նաև օրագրերի գները: Ծնողն իր առաջին դասարան հաճախող երեխայի համար կարող է գնել տարբեր նկարազարդումներով, հայտնի մուլտֆիլմերի հերոսների պատկերներով օրագրեր, որոնց գները տատանվում են 300-5000 դրամի սահմաններում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս