Եթե կառավարությունն ավանդույթի ետևից է ընկել, ուրեմն եզդի տղաներին պետք է բանակից ազատի
ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում անդրադարձել է Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկի` եզդիների համայնքի խնդրանքին: Վերջինը կառավարություն էր դիմել աղջիկների ամուսնության տարիքը 18-ից մինչև 16 տարին նվազեցնելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ մինչ այդ` կառավարության հուլիսի 12-ի նիստում, հավանություն էր տվել ՀՀ ընտանեկան օրենuգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին, համաձայն որի՝ նախատեսվում է վերացնել ամուսնություն կնքելու կանանց և տղամարդկանց համար գործող օրենսդրությամբ սահմանված տարիքային տարբերությունը` երկուսի համար էլ սահմանելով տասնութ տարին: Գործող Ընտանեկան օրենսգրքով կանանց համար տարիքային շեմ է սահմանված՝ 17, իսկ տղամարդկանց համար` 18 տարեկան տարիքի հասնելը: Կառավարությունն օրենսդրական փոփոխությունը հիմնավորել էր գենդերային (սեռային) հավասարության խնդրի կարգավորմամբ:
Կառավարության այս որոշումը տարակարծիք քննարկումների առիթ էր դարձել: «Համայն աշխարհի եզդիների առաջնորդ» Ազիզ Թամոյանը կառավարության առաջին որոշումից հետո հայտարարել էր, որ եզդի աղջիկների ամուսնական կատարյալ տարիքը 16 տարեկանն է, և թե՝ 18 տարեկան աղջիկն արդեն եզդի տղաների համար «պառավ» է: Այս արտահայտությունը համացանցում լայն քննարկման թեմա էր դարձել: Երիտասարդ եզդիներն ընդվզեցին Թամոյանի ոչ կոռեկտ հայտարարությունների կապակցությամբ: 168.am-ը ևս անդրադարձել էր այդ խնդրին:
Օգոստոսի 9-ին, փաստորեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր վերանայել որոշումը` հաշվի առնելով Ազիզ Թամոյանի «խնդրանքը», որով առաջարկվում է իջեցնել եզդի աղջիկների ամուսնության տարիքային շեմը` այն հասցնելով 16-ի:
Այս ամենի մասին խոսեցինք եզդի երիտասարդների հետ: Նրանք դեմ են վաղ ամուսնություններին: Նրանք նշում են, որ եզդի երիտասարդներին պետք է մինչ ամուսնությունը նորմալ կրթություն ստանալ: «Յուրաքանչյուր գիտակից մարդ, նախ և առաջ, փորձում է գտնել իր կյանքում այնպիսի աղջկա, ով կլինի հավասարակշիռ, խելացի: Եթե խոսվում է այդ տարիքի ամուսնությունների մասին՝ որպես մշակույթի պահպանման մաս, ապա նշեմ, որ այդ ավանդույթը եղել է գրեթե բոլոր ժողովուրդների մոտ: Դա եղել է ոչ թե մշակույթ, այլ միջոց, որպեսզի պատերազմական վիճակում բանակում զինվորներ լինեն: Բայց մենք այսօր չունենք պատերազմական վիճակ: Վաղ ամուսնությունները, պատերազմների հետ մեկտեղ, մնացել են անցյալում»,- մեզ հետ զրույցում ասաց Սաիդ Ավդալյանը:
168.am-ը զրուցեց նաև «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի հետ, ով այս կապակցությամբ նշեց. «Եթե կառավորությունն ամուսնական տարիքի շեմն իջեցնում է, ապա պետք է իջեցնի բոլորի համար, քանի որ մենք մտածում ենք, որ կառավարության այս որոշումը կարող է վնասել ազգությամբ եզդի քաղաքացի ունենալուն: Եթե երկրում լինեն առավել մեծ թվով եզդիներ, նրանք իրենց խնդիրների մասին առավել շատ կբարձրաձայնեն, իսկ կառավարությանը դա պետք չէ: Ես կարծում եմ, որ կառավարությանը ձեռնտու է, որ ինչ-որ խավարամիտ մարդիկ ավելանան, ու իրենց տեղը դնող չլինի: Եթե երիտասարդությունը կրթություն է ստանում, ապա իր բողոքն է հայտնում կառավարության անիմաստ որոշումների դեմ: Գուցեև ընդդիմադիր չդառնա, բայց այն հարցերը, որ վերաբերում են ազգային փոքրամասնություններին, առավել շատ կքննարկվեն: Ինչը որ հիմա կա: Մենք մի քանի տարի առաջ չէինք տեսնի եզդիներին վերաբերող որևէ հարցի այսքան երկար քննարկում: Եթե կառավարությունը վերաբերվում է այս ամենին՝ որպես մշակույթի, ավանդույթի, ապա եզդիների մշակույթում կան բազմաթիվ տաբուներ, օրինակ` օրվա ընթացքում 3 անգամ աղոթելը: Այդ աղոթքի ընթացքում շրջապատում չպետք է լինեն այլադավան անձինք: Ուրեմն, եկեք եզդի տղաներին բանակից ազատենք: Չնայած ես անձամբ կողմ եմ եզդի տղաների բանակում ծառայելուն: Ուղղակի, եթե կառավարությունն ընկնում է ամեն ավանդույթի ետևից, ուրեմն այս ավանդույթների մասին ևս պետք է հարցեր բարձրացվեն: Դա ցույց կտա` արդյո՞ք ՀՀ կառավարությունն իրոք մտահոգված է մեր խնդիրներով, թե ՞ ուղղակի իր հարցերն է լուծում: Եթե կառավարությունը ականջալուր է լինում ամեն պատահածի, թող ուրեմն հետաքրքրվեր, թե Հայաստանում գտնվող 60.000-անոց համայնքում այս հարցի շուրջ ինչ տրամադրություններ են իշխում»: