«Ոչ ոք, այդ թվում` Ազիզ Թամոյանը, իրավունք չունի ամուսնության համար տարիք սահմանել»
Եզդի երիտասարդությունը չի շտապում ամուսնանալ
Վերջերս «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարել էր` «18 տարեկան աղջիկը մեզ համար պառավ է»: Նրա այս խոսքերը զայրույթի ալիք բարձրացրեցին եզդի ժողովրդի շրջանում: Համացանցում ծավալվեցին բուռն քննարկումներ` եզդիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակ քաղաքացիների և Ազիզ Թամոյանի միջև: Հնչեցին անձնական բնույթի փոխադարձ վիրավորանքներ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը, ըստ օրենսդիրի, պայմանավորված էր տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով. եթե ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` 17, իսկ տղամարդկանց համար` 18 տարեկանի հասնելը, ապա առաջարկվող նախագծով և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանվում է միևնույն` մինչև 18 տարեկան ամուսնական տարիքը։ 168.am-ը ևս անդրադարձել էր այդ խնդրին: «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը միանշանակ պնդում էր, որ եզդի աղջիկների ամուսնական տարիքը պետք է չգերազանցի 15-16 տարեկանը: Սակայն այդպես, պարզվում է, մտածում էր միայն Թամոյանը: Համացանցում ծավալված բանավեճերից կարելի էր ենթադրել, որ եզդի երիտասարդությունը չի կիսում իր, այսպես կոչված, «առաջնորդի» կարծիքը: Ավելին, Թամոյանի` իրեն աշխարհի եզդիների առաջնորդ հռչակելու փաստը կասկածի տակ առնելով՝ երիտասարդները պնդում էին, որ Թամոյանի ամպագոռգոռ հայտարարություններից եզդի ազգն արդեն հոգնել է: «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը, ով այս հարցի շուրջ բուռն քննարկումներ ծավալողներից մեկն էր, և ում Ազիզ Թամոյանը նաև մեզ հետ զրույցում որակել էր՝ իբրև հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ, խնդիրը դիտարկում է իր անձնական տեսանկյունից:
«Երիտասարդ աղջկա ամուսնական տարիքը չպետք է սահմանափակվի: 15 տարեկան աղջկան ամուսնացնելը ես համարում եմ սրբապղծություն: Իսկ եզդի ժողովրդի մշակույթում, նրա հասկացության մեջ սրբապղծություն ասվածը չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Թամոյանը` ավելացնելով, որ ինքը հոգեկան խանգարումներ չունի, պարզապես ճիշտ և կշռադատված է խոսում: Բորիս Թամոյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ իրենց կազմակերպության, ինչպես նաև՝ եզդի երիտասարդության գերխնդիրներից է` կոտրել լայն հասարակության շրջանում այն կարծրատիպը, թե իրենք միայն անասնապահությամբ զբաղվող և միայն դրանից հասկացող բնակչություն են:
«Երիտասարդ եզդիներ» հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանը ևս չի կիսում Ազիզ Թամոյանի կարծիքը: Մեր այն հարցին, արդյո՞ք եզդի կինն իրենց մշակույթում ընտրության իրավունք ունի, Սաիդը պատասխանեց. «Շատ քիչ թվով եզդիական ընտանիքներ կան, որտեղ պահպանվում է հայրիշխանությունը: Այդ ընտանիքներում հայրն է որոշում, թե իր երեխան ե՞րբ և ո՞ւմ հետ ամուսնանա: Բայց այսօր եզդիների մեծամասնությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում, իրենք են որոշում` ում ընտրել: Երիտասարդների մտածելակերպը փոխվել է: Նրանք գերադասում են նախ՝ ինքնահաստատվել, ապա միայն մտածել ընտանիք ունենալու մասին: Կան զույգեր, ովքեր շատ վաղ տարիքում են ամուսնացել և ամուսնական համատեղ կյանքում լուրջ խնդիրների են հանդիպել` ընտանեկան անկայունություն, անհաշտություններ, մեկը մյուսին չհասկանալու խնդիր… Դա բխում է իրենց տարիքից»:
Այս քննարկումների ընթացքում նկատեցինք, որ թեև հիմնականում քննարկվում է աղջիկների ամուսնական տարիքի հարցը, սակայն այդ քննարկումներին մասնակցում են տղամարդիկ: 168.am-ը երեկ փորձեց այս խնդրի շուրջ զրուցել նաև կանանց հետ:
Մեր զրուցակիցը 19-ամյա Խանե Մահմուդյանն էր, ով սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտություն բաժնում: Հարցին, թե արդյո՞ք ամուսնական տարիք սահմանելը ճիշտ է, նա պատասխանեց. «Միանշանակ դեմ եմ եզդի աղջիկների ամուսնական տարիքի սահմանափակմանը: Չեմ կարծում, որ երեխային պետք է ճնշել և ասել՝ դու պետք է ամուսնանաս 15 կամ, առավելագույնը, 16 տարեկանում: Ես կարծում եմ, որ այդ ճնշումները կարող են խաթարել երեխայի հոգեբանությունը: Այո, երեխայի, քանի որ 15-16 տարեկան աղջիկը երեխա է: Նա հասարակության մեջ իր դերը նույնիսկ չի էլ կարող պատկերացնել: Ոչ ոք, այդ թվում` Ազիզ Թամոյանը, իրավունք չունի ամուսնության հարմար տարիք սահմանել` պատճառաբանելով, թե դա դարերից եկած օրենք է: Ի հեճուկս Թամոյանի խոսքերի՝ կարող եմ ավելացնել, որ մենք`եզդիներս, նման օրենք չունենք»: Խանեն զրույցի ընթացքում հպարտությամբ նշեց, որ ուրախ և երջանիկ է, որ ունի առողջ մտածելակերպ ունեցող ընտանիք: «Ես անգամ իմ 80 տարեկան տատիկից և պապիկից չեմ լսել, որ 18 տարեկան աղջիկն արդեն պառավ է»,- ասաց Խանեն` նշելով, որ ինքը կամուսնանա այն ժամանակ, երբ իր ամուսնության ժամանակը կգա: Հիմա նա իրեն ամուսնությանը պատրաստ չի համարում: «Ես ընդամենը 19 տարեկան եմ»,- ասաց Խանե Մահմուդյանը: