Բաժիններ՝

Այսուհետ համակարգիչը կլսի, կընկալի և կարտասանի հայերեն

Բանավոր խոսքը` տպագիր տեքստի, և հակառակը՝ տպագիր խոսքը՝ բանավորի վերածող ծրագրերը վաղուց են կիրառվում արտասահմանյան մի շարք երկրներում: Հայաստանում ևս նման ծրագիր է ստեղծվում, որի վրա աշխատում են երկու մաթեմատիկոս-գիտնականներ`  ազդանշանների թվային մշակման (digital signal processing) մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Ապոզյանը և կենսաինֆորմատիկայի մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը:  Նրանք հայերեն ձայնի մշակման՝ ճանաչման և արտաբերման տեխնոլոգիայի վրա աշխատում են արդեն մոտ երկու տարի: Ցավոք, ծրագրի մշակմամբ մասնագետները կարողանում են զբաղվել, ինչպես իրենք են նշում, միայն ազատ ժամերին և ոչ աշխատանքային օրերին, քանի որ այդ ամենն անում են զուտ իրենց նախաձեռնությամբ և իրենց միջոցներով: Ծրագրի հեղինակներից Վ. Վահրադյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման  ծրագրերի վրա արտասահմանում մեծ խմբերով են աշխատում, իսկ այստեղ իրենք դա անում են ընդամենը երկու ընկերներով` իրենց  ֆինանսական միջոցներով: Ծրագրի ֆինանսավորման համար որոշ ընկերությունների ուշադրությունը զուտ հետաքրքրությունների մակարդակից ավելին չի անցել: Իրենք` մաթեմատիկոսները դժվարանում են ծրագրի համար բիզնես-պլան գրել և այն ներկայացնել տարբեր դրամաշնորհների, քանի որ այդ ամենը նրանցից հավելյալ ժամանակ և ֆինանսական լրացուցիչ միջոցներ է պահանջելու:

«Մաթեմատիկական բանաձևեր ենք ստեղծել, որոնց շնորհիվ համակարգն արտասանում է հայերեն հնչյուններ,  ինչպես նաև՝ գրում է որոշ հնչյուններ և որոշ հնչյունների համադրություններ,  սակայն ծրագիրը դեռևս ամբողջական նախադասություն կազմել չի կարողանում»,- ասաց Վ. Վահրադյանը՝ ավելացնելով, որ նախադասություն ստանալու համար ավելի բարդ ալգորիթմներ են անհրաժեշտ, իսկ այդ ամենը զուտ ժամանակ և ֆինանսական միջոցներ է պահանջում:

Վ. Վահրադյանի խոսքով՝ նման ծրագիր կա, օրինակ՝ անգլերենի համար, սակայն արդեն ստեղծված տեխնոլոգիաներից դժվար է օգտվել, քանի որ դրանք հիմնականում փակ են կամ բաց են որոշակի չափաբաժնով: Բացի այդ, նաև լեզուն տարբեր է, հետևաբար՝ նաև լեզվի հնչյուններն են տարբեր:

Ծրագրի հեղինակներից Տիգրան Ապոզյանի խոսքով՝ հայերեն ձայնի ճանաչման տեխնոլոգիայի ծրագրի փորձնական տարբերակն արդեն պատրաստ է: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում անցյալ տարի հաջողությամբ մագիստրոսական թեզ էր պաշտպանվել` «Ձայնով կառավարվող շախմատային ծրագիր» թեմայով, ինչը խոսում է այն մասին, որ  ձայնի ճանաչման ամբողջական ծրագիրը հնարավոր է ստեղծել նաև հայերենով:

Կարդացեք նաև

Ըստ Տ. Ապոզյանի՝ ծրագրերի ամբողջական մշակման համար անհրաժեշտ կլինի մոտ 30 հազար դոլար, և այդ գումարը մասնագետներին հնարավորություն կտա ծրագրի մշակման համար ավելի շատ ժամանակ տրամադրել, ևս մի քանի մասնագետներ ներգրավել և ծրագիրն ավելի արագ ավարտին հասցնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս