Բաժիններ՝

Ճանապարհային քարտեզ` դեպի Եվրասիական միությո՞ւն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես միշտ, ժլատ է՝ ընդամենը մեկ-երկու նախադասություն։ Սակայն այս դեպքում առնվազն 2 հետաքրքիր միտք կարելի է գտնել, որոնցից մեկն արտահայտել է Ս. Սարգսյանը, մյուսը՝ Վլ. Պուտինը։

Այսպես, խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ նախագահը նշել է, որ մեկ միլիարդ դոլարը սահմանագիծ չէ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության համար։ «Առաջիկա 2-3 տարում հնարավոր կլինի կրկնապատկել, անգամ եռապատկել ապրանքաշրջանառությունը»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ նշել է Սերժ Սարգսյանը։
Ուշագրավն այստեղ այն է, որ 1 միլիարդ դոլարի սահմանագիծը հատել ենք դեռ նախորդ տարի. 2011թ. Հայաստան-Ռուսաստան երկկողմ ապրանքաշրջանառության մակարդակը գերազանցել է 1.1 միլիարդ դոլարը։ Ընդ որում, այդ 1.1 միլիարդ դոլարից Հայաստանից արտահանումը կազմել է ընդամենը 222.7 միլիոն դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է արդեն 612.7 միլիոն դոլար։ Նույն տեմպով շարունակվելու դեպքում՝ ցուցանիշը կգերազանցի 1.2 միլիարդը։ Իսկ ՌԴ-ի հետ առևտրի բացասական հաշվեկշիռը կմոտենա 1 միլիարդ դոլարին։
Հիմա անդրադառնանք Ռուսաստանի նախագահի հայտարարությանը։ Նա նույնպես իր խոսքում շեշտել է «1 միլիարդ դոլար» արտահայտությունը, սակայն՝ այլ ենթատեքստում։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներն ամեն տարի իրենց ընտանիքներին փոխանցում են մոտ 1 միլիարդ դոլար, որը Հայաստանի ՀՆԱ-ում բավականին մեծ տեսակարար կշիռ ունի։
Տվյալ դեպքում այս արտահայտությունը կարելի է հասկանալ երկու ձևով։ Առաջին՝ ՌԴ նախագահը ցանկացել է ցույց տալ, թե որքան սերտ են երկկողմ հարաբերությունները։ Երկրորդ՝ հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ՌԴ-ից ուղարկվող դրամական փոխանցումներից։ Կարճ ասած՝ Ռուսաստանից։ Իսկ նման հիշեցում-ակնարկներ արվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկն ինչ-որ բան է ակնկալում կամ պահանջում մյուսից։ Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանին Մոսկվա են հրավիրել՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցով վերջնական պատասխան ստանալու համար։ Նույն այդ լուրերի համաձայն՝ հնարավոր անդամակցությունը պետք է տեղի ունենա աշնանը։ Մամուլի պաշտոնական հաղորդագրություններում այս մասին, բնականաբար, խոսք չկա։ Փոխարենը՝ նշվում է, որ աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Պուտինը նշել է, որ նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել  տնտեսական ոլորտում երկու երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիր ու պատրաստել «ճանապարհային քարտեզ»։  Թե Հայաստանը դեպի ո՞ւր է շարժվելու՝ այդ քարտեզի համաձայն, կերևա 1-2 ամսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս