Յուրի Ռոկս. Ռուսաստանի ու Հայաստանի «իրանական խնդիրը»

Քաղաքական վերլուծաբան Յուրի Ռոկսը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հոդված է հրապարակել  «Ռուսաստանի  ու Հայաստանի իրանական հիմնախնդիրը» վերնագրով: Հոդվածում վերլուծաբանը անդրադառնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան  այցին ու Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին: Հոդվածը հրապարակվել է բանակցություններից քիչ առաջ, ըստ այդմ՝ հոդվածագիրն այդ թեմայով խոսում է՝ որպես գալիք իրադարձություն: Նա այն կարծիքին է, որ Մոսկվայում Պուտին-Սարգսյան բանակցությունները բարդ են լինելու:  Ռոկսի կարծիքով՝ ռազմավարական գործընկեր երկրների ղեկավարներն, իհարկե, կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, նաև, հավանաբար, չեն շրջանցի վարկ տրամադրելու Հայաստանի խնդրանքը (որոշ տեղեկություններով՝ 1 միլիարդ դոլար, «ՆԳ»), ինչը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում որոշ ժամանակ անուշադրության էր մատնված: «Սակայն բանակցությունների ընթացքում ամենակարևորը, ամենայն հավանականությամբ, կլինեն տարածաշրջանային հարցերը»,- եզրակացնում է վերլուծաբանը:  Ըստ նրա՝ այդ շրջանակի մեջ են մտնում Սիրիային առնչվող հարցերը, մի երկրի, որտեղ իրենց պատմական հայրենիքից գաղթելով՝ ապաստան են գտել բազմաթիվ հայեր: Սակայն այս թեմայով ամենակարևոր հարցն Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն են, որի մեջ է ներքաշվում նաև Ադրբեջանը:

Հակաիրանական կոալիցիայի առաջին շարքերում գտնվելու Բաքվի ջանքերը տվեցին իրենց պտուղները: Վերջին օրերին ԱՄՆ իշխանությունների շուրթերից ուղղակիորեն Ադրբեջանին վերաբերող մի քանի կարևոր մեսիջներ հնչեցին:

Նախկին կոնգրեսական Մայքլ Մըք Մահոնը Սպիտակ տանը կոչ արեց պաշտպանել Ադրբեջանին Իրանի սպառնալիքներից: Ամերիկացի քաղաքական գործիչն Իրանի վտանգը, որն առայժմ քարոզչությունից այն կողմ չի անցնում ու նպատակաուղղված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը սասանելուն,  տեսնում է այն բանում, որ Ադրբեջանն Իրանին թշնամի Վաշինգտոնի ու Թել Ավիվի գործընկերն է, մինչդեռ Իրանն ընկերություն է անում Հայաստանի հետ, որն էլ՝ իր հերթին, թշնամի է Ադրբեջանին: Այս տրամաբանությունը, որն, ըստ վերլուծաբանի, ավելի շատ հատուկ է միջնադարյան ֆեոդալական Եվրոպայի հիերարխիկ հարաբերությունների տրամաբանությանը, համոզիչ չէ, քանի որ նույն Ադրբեջանը նաև Բաքու-Անկարա-Թել Ավիվ դաշինքի մեջ է: Իսկ այս դաշինքի վերջին երկու անդամները, մեղմ ասած, լավ հարաբերությունների մեջ չեն միմյանց հետ: Թեպետ, ըստ քաղաքագետի, ամերիկացիները հասցրել են «վարժեցնել» իրենց ոչ ստանդարտ մոտեցումներին և առաջարկներին, որոնցից հետո սովորաբար սկսվում են գործողությունները: Ադրբեջանի հարցում քաղաքագետը հույս է հայտնել, որ այդ երկիրը  գործը չի հասցնի ծայրահեղ աստիճանի  և չի ներքաշվի «ծանր քաշայինների» պայքարի մեջ:

Հիշյալ կոնգրեսականի հայտարարությունից քիչ հետո մեկ այլ, արդեն գործող կոնգրեսական Դեն Ռորաբախերը Սպիտակ տանը կոչ արեց  ուշադրություն դարձնել երկու կեսի բաժանված խեղճ ադրբեջանցի ժողովրդի վրա, որի մի մասը գտնվում է Իրանի տարածքում, և հորդորեց աջակցել Հարավային Ադրբեջանին՝ ինքնորոշման պայքարում: Ռոկսն իր հոդվածում հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին Ադրբեջանի Միլլի մեջլիսում կոչեր էին հնչել՝ երկիրն անվանափոխել Հյուսիսային Ադրբեջանի, քանի որ կա նաև Հարավային Ադրբեջան: Այն ժամանակ Բաքվի պաշտոնյաներն առաջարկեցին մի քանի պատգամավորների առաջարկը համարել իրենց անձնական տեսակետ, որոնք նպատակ չունեն հեռուն գնացող ծրագրեր իրականացնել և տարածքներ կցել Ադրբեջանին:  Այժմ, ըստ քաղաքագետի, կարելի է ասել,  որ ձմռանն ադրբեջանական խորհրդարանում փորձնական «փուչիկ» արձակվեց, քանի որ նմանօրինակ զուգադիպությունները հենց այնպես չեն լինում:

Կարդացեք նաև

«Վաշինգտոնի սցենարը պարզ է. որքան Իրանից դժգոհ երկրներ լինեն, այնքան հեշտ է նրան չարի մարմնացում համարել, որից ազատվելու համար միայն վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ:  Ադրբեջանի շահն այս հարցում այն է, որ նա որքան հնարավոր է մերձենա Իրանի դեմ կոալիցիայի պարագլուխներին և «իր տեղը գտնի այս արևի տակ»: Այս մասին են վկայում նաև բացահայտված դավադրությունները, իրանական գործակալական ցանցի բացահայտումը, պատասխան քարոզարշավը և սպառնալիքները Իրանի հասցեին, թե Naftiran Intertrade Co (NICO) ընկերությունը կարող է դուրս թողնվել Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) կառուցմանը մասնակցելուց, ինչպես նաև՝ ադրբեջանական նավթային  «Շահ դենիզ» կոնսորցիումից, որտեղ իրանական ընկերությունը 10 տոկոսի փայատեր է: Հիշենք նաև դիվանագիտական սկանդալները: Իրեն ցույց տալով որպես Իրանի հակառակորդ և ԱՄՆ-ի դաշնակից, Ադրբեջանը դժվար թե իր առջև առաջնահերթ խնդիր դրած լինի հյուսիսային ու հարավային Ադրբեջանների միավորումը: Այս փուլում Ադրբեջանի խնդիրն ավելի համեստ է. հասնել նրան, որ Արևմուտքն  աջակցի իրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ իր ուզած սցենարով: Պատահական չէ, որ ադրբեջանաիրանական հարաբերությունների շուրջ ԱՄՆ-ից հնչած հայտարարություններին Բաքվի գործիչները արձագանքեցին, թե պատրաստ են Լեռնային Ղարաբաղին ամենալայն ինքնավարությունը շնորհել Ադրբեջանի կազմում:

Տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքրում են նաև պաշտոնական Երևանին, քանի որ նրա ազգային շահերին են առնչվում: Եվ Մոսկվային, որ Հարավային Կովկասը համարում է իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների և պատասխանատվության տարածք, չի կարող չմտահոգել հարաբերությունները Հայաստանի հետ, ով սահմանակից է արդեն նշանառության տակ առնված Իրանին, ու նաև Թուրքիային, Ադրբեջանին ու Վրաստանին: Իսկ վերջինիս հետ Ռուսաստանի վատ հարաբերությունները բոլորին են հայտնի: Ռուսաստանը պետք է ունենա այն մեխանիզմները, որոնցով ՀԱՊԿ իր ռազմավարական գործընկեր Հայաստանին օգնություն տրամադրի, եթե դրա կարիքը զգացվի: Եվ տրամաբանական է, որ Ռուսաստանը պետք է մտածի նվազագույնը այն խնդրի շուրջ, թե արտակարգ իրավիճակներում ինչպես կազմակերպի Հայաստանի Գյումրիի  ռուսական ռազմակայանին զենքի մատակարարումը»,- եզրակացնում է քաղաքագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս