Բաժիններ՝

50 գլոբալ հայերը. Կարեն Իսպիրյան

Կարեն Իսպիրյանը մինչ վերջերս ապրում էր Հարավային Կորեայի Սուվոն քաղաքում և աշխատում էր «Samsung Electronics» կորպորացիայում:

Կարեն Իսպիրյանը ծնվել է 1975 թ. Երևանում: 1997թ. ավարտել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 2002-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրան` կրիպտոգրաֆիա մասնագիտությամբ, 2005-ին ուսանել է ԱՄՆ Կարնեգի Մելոնի համալսարանում:
1993-1996-ը աշխատել է Երևանում պաշտպանության նախարարությանը կից կոնստրուկտորական բյուրոյում: 1996-ից 2008-ը զբաղվել է կրիպտոգրաֆիայով և ծրագրավորմամբ արտասահմանյան ՏՏ-ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերում, իսկ 2008-ից 2011-ն աշխատել է Հարավային Կորեայում՝ Սամսունգ Էլեկտրոնիքս կորպորացիայում՝ որպես ծրագրային անվտանգություն համակարգերի նախագծող-ճարտարագետ:

Կարեն Իսպիրյանը սերտորեն համագործակցել է SAFER+ և SAFER++ կոդավորման ալգորիթմերի հեղինակների հետ, մասնակցել դրանց նախագծման գործում և ստացված արդյունքների հիման վրա պաշտպանել է թեկնածուական թեզ: SAFER+ համակարգը օգտագործվում է լայն տարածում գտած Bluetooth ստանդարտում: Ներկայումս Կարեն Իսպիրյանն անկախ փորձագետի կարգավիճակում է և աշխատում է մի շարք նախագծերի վրա:

«Դեռևս դպրոցական տարիներին բախտ վիճակվեց հանդիպել մի նվիրյալ մարդու՝ Ավետիք Գրիգորյանին: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս-աստղագետ է: Երբ հանդիպեցինք, նա աշխատում էր Բյուրականի աստղադիտարանում: Ավետիք Գրիգորյանը Հայաստանի երիտասարդական տիեզերագիտական ակումբի հիմնադիրն է, որի անդամներից շատերը դարձել են ժամանակակից ՏՏ-ոլորտի երևելի մարդիկ: Իր մեծագույն նպատակն էր՝ խմբավորել ունակ, հետաքրքրասեր դպրոցականների և ստեղծել մի միջավայր, որտեղ նրանց ստեղծարար ներուժը լավագույնս կզարգանար: Միությունում կատարում էինք տիեզերագիտութանը վերաբերող տարատեսակ աշխատանքներ, որոնք պահանջում էին համակարգչային բարդ հաշվարկներ: Ավետիքը հաշվարկային ծրագրեր էր գրում FORTRAN լեզվով, և այստեղ էր, որ առաջին անգամ ծանոթացա ծրագրավորման հետ: Ծրագրավորել դեռ չգիտեի, սակայն ինձ համար արդեն տեսանելի էր, թե որքան հետաքրքիր, հզոր և խոստումնալից ոլորտ է այն: 1992-ին ընդունվեցի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Շատ շուտ պարզվեց, որ ֆակուլտետի անվանման միայն երկրորդ կեսն է արտացոլում այն, ինչ ինձ դասավանդելու են: Բուհում դասավանդում էին հիանալի դասախոսներ, և մենք անվերջ սովորում էինք` մաթեմատիկա, մաթեմատիկա և կրկին մաթեմատիկա: ՏՏ-ին (ինֆորմատիկային) վերաբերող գրեթե ոչ մի առարկա չէր դասավանդվում:

Հասկացա, որ պետք է արագ կերպով պրակտիկ աշխատանքի անցնել ծրագրավորման ոլորտում, այլապես բուհն ավարտելիս որոշ կարևոր մասնագիտական հարցերում կթերանայի: 2-րդ կուրսի ուսանող էի, երբ իմացա, որ պաշտպանության նախարարությունը և մի շարք ինժեներներ ծրագրեր էին նախաձեռնել, որոնց նպատակն էր՝ օգնել մեր նորաստեղծ զինված ուժերին: Ավետիք Գրիգորյանը ևս ընդգրկված էր այդ ծրագրերում և, ճանաչելով ինձ, հրավիրեց միանալու այդ աշխատանքներին: Դա իսկական ճակատագրի նվեր էր, քանի որ մթությամբ պարուրված Հայաստանում պաշտպանական նշանակություն ունեցող կարևոր հիմնարկները մշտապես ապահովված էին հոսանքով: Աշխատելով դրանցից մեկում, հայրենիքիս օգտակար լինելու և ծրագրավորման գիտելիքներս խորացնելու հնարավորություն ստացա: 90-ականների երկրորդ կեսերին, երբ Հայաստանն արդեն հնարավորություն ուներ պատրաստի զինամթերք գնելու այլ երկրներից, ծրագրերի մեծ մասը, ցավոք, դադարեցվեցին:

Առաջին մասնավոր ընկերությունը, որտեղ սկսեցի աշխատել 1996-ին, HPLA-ն էր, որն ամերիկյան HPL ընկերության տեղական դուստր-ձեռնարկությունն էր և աշխատում էր դրսի պատվիրատուների համար: Այստեղ զբաղվում էի ընդհանուր Windows ծրագրավորմամբ և առաջին անգամ առնչվեցի կոմերցիոն ծրագրավորման առանձնահատկություններին»,- ասում է նա:

Ինչպես մեծ կրիպտոգրաֆիան եկավ Հայաստան
«1971 թվականին հանրահայտ ակադեմիկոս Ռոմ Վարշամովը Հայաստանում կազմակերպել էր կոդավորման տեսությանը վերաբերող խոշոր գիտական համաժողով, որին հրավիրված էին աշխարհի խոշորագույն մաթեմատիկոսներ: Համաժողովը լի էր հնչեղ անուններով, սակայն մեզ համար կարևորն այն էր, որ համաժողովին մասնակցում էր ամերիկացի խոշոր գիտնական, հռչակավոր Կլոդ Շենոնի աշակերտ Ջեյմս Մեսսին (James L. Massey): Նրան հետաքրքրել էին հայ մաթեմատիկոսների մի շարք փայլուն աշխատանքներ և դա հիմք հանդիսացավ, որ որոշ ժամանակ անց նա դիմեց Վարշամովի աշակերտներ Գուրգեն Խաչատրյանին (ՀՀ ակադեմիկոս) և Մելսիկ Կյուրեղյանին (գիտությունների թեկնածու)` համագործակցության առաջարկով:

90-ականների առաջին կեսին արդեն պարզ էր, որ երկար ժամանակ կիրառվող DES (Data Encryption Standard) կրիպտոհամակարգը այլևս ունակ չէ ապահովելու պահանջվող անվտանգության աստիճանը: Հասկանալի էր, որ այդ խնդրին պետք է լուծում տրվի և բնագավառի մասնագետները, որոնց թվում էին նաև Մեսսին, Խաչատրյանը և Կյուրեղյանը, սկսեցին աշխատել այդ խնդրի լուծման վրա: Գիտնականների այս խումբը սերտորեն համագործակցում էր ամերիկյան «Cylink» ընկերության հետ, որն այդ բնագավառի առաջատարներից էր: Աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց 1997-ին առաջարկ ստացա միանալու իրենց և աշխատելու այդ չափազանց հետաքրքիր խնդրի վրա: Խնդիրներն իրենց բնույթով շատ բարդ էին. բոլորից պահանջվում էր մասնագիտական ուժերի գերլարում: Նույն 1997-ին հայտարարվեց AES (Advance Encryption Standard) կոդավորման նոր ալգորիթմ նախագծելու բաց մրցույթ, որտեղ մենք ներկայացրինք SAFER+ համակարգը:

Թեկուզև այն չհաղթեց մրցույթում, բայց դարձավ Bluetooth ստանդարտում կիրառվող կրիպտոալգորիթմերից մեկը: Մեզ համար դա շատ ուրախալի անակնկալ էր: Միշտ հաճելի է գիտակցել, որ աշխատանքիդ արդյունքը ճանաչում է գտել և օգտագործվում է միլիոնավոր սարքերում: Այնուհետև մասնակցեցինք եվրոպական NESSIE (New European Schemes for Signatures, Integrity, and Encryptions) մրցույթին, առաջարկելով SAFER++ կրիպտոալգորիթմը: Այս աշխատանքների արդյունքում ստացվեց բլոկային ծածկագրերի (Block ciphers) մի ընտանիք, որն այսօր լայն ճանաչում և կիրառություն ունի աշխարհում: Ալգորիթմի կարևորագույն մասերից մեկը՝ բայթերի տեղափոխությունն է, որը Ջեյմս Մեսսին որոշեց անվանել «Armenian Shuffling»: Առաջին անգամ էր, երբ մեր երկրի անունը հնչեց նման բարձր դասի ալգորիթմերի հետ համակցված: Նման կերպ Ջեյմս Մեսսին որոշեց իր երախտագիտությունը հայտնել հայ գիտնականներին:- պատմում է Կարեն Իսպիրյանը՝ շարունակելով,- Այդ ընթացքում, իհարկե, կատարում էինք տարատեսակ կրիպտոհամակարգերի հետ կապված այլ հետաքրքիր աշխատանքներ, ինչպես օրինակ՝ էլիպտիկ կորերի վրա հիմնված համակարգի նախագծումը, սակայն SAFER ընտանիքի զարգացումը ամենանշանակալի և հիշարժանն էր: Իսկ ինձ համար այս ամենն իր ավարտուն տեսքը ստացավ գիտությունների թեկնածուի թեզը պաշտպանելուց հետո, որն իր զգալի մասով նվիրված էր SAFER+/SAFER++ համակարգերին»:

Նոր գիտելիքների և բացահայտումների պահանջ
«2004թ.՝ 7 տարի կրիպտոգրաֆիայի ոլորտում աշխատելուց հետո, որոշեցի այն փոխել: Բարեբախտաբար, այս ոլորտում արդեն հասցրել էի արդյունավետ կերպով առնչվել գրեթե բոլոր տեսակի խնդիրներին, և նոր գիտելիքների ու բացահայտումների պահանջ ունեի: Այդ ժամանակ Հայաստանում բացվեց ամերիկյան CQG ընկերության մասնաճյուղը, որը ծրագրային լուծումներ է առաջարկում ֆինանսական շուկաների և միջազգային բորսայական հարթակների համար: Այն ԱՄՆ-ում մեծ հարգանք վայելող ընկերություն է: Այստեղ պահանջվում էին ընդհանուր ծրագրավորման բարձր վարկանիշներ ունեցող մասնագետներ, քանի որ սխալի գինը ֆինանսների բնագավառում չափազանց բարձր է: Ընկերությունը և այս ոլորտն ինձ շատ հետաքրքրեցին: Անցնելով բարդ մասնագիտական հարցազրույց, ընդունվեցի աշխատանքի:
Ընկերությունը ձգտում էր հետևել ծրագրային ապահովման նախագծման բարձրագույն չափանիշներին և դրանց զարգացումը խթանելու նպատակով Ուկրաինայից, Ռուսաստանից և Հայաստանից ընտրեց մի քանիսին, այդ թվում` ինձ, և գործուղեց Կարնեգի Մելոնի համալսարան` վերապատրաստվելու: Այնտեղ հիմնովին սովորեցնում էին իրենց կողմից առաջարկված PSP (Personal Software Process) և TSP (Team Software Process) ծրագրային ապահովում ստեղծելու գործընթացը կազմակերպելու ֆորմալ մեթոդները: Զուգահեռաբար ծանոթանում էինք այլ ֆորմալ մեթոդների հետ, ինչպիսիք են՝ XP, SCRUM, RUP ու այլն: Դասընթացներն ավարտելուց և համապատասխան որակավորման քննություն հանձնելուց հետո Կարնեգի Մելոնի համալսարանի կողմից արտոնագրված իրավունք ստացա այդ ամենը դասավանդելու և ընկերություններում ներդնելու: Դա ինձ համար հիանալի դպրոց էր, որտեղ ձեռք բերեցի փորձառություն և սովորեցի, թե ինչ է իրենից ներկայացնում ավարտուն ծրագրային պրոդուկտի ստեղծումն իր բոլոր քայլերի համադրությամբ: Հետխորհրդային բուհերում ուսանած մասնագետներին բնորոշ է գերագնահատել զուտ տեխնիկական լուծումների արժեքները և զգալի կերպով թերագնահատել ծրագրային պրոդուկտ ստեղծելու գործունեության այլ բազմապիսի բաղադրիչները և նրանց համադրումը: Այդ պատկերացումներով առաջնորդվելու հետևանքը լինում է այն, որ ծրագրային պրոդուկտի ստեղծումը դիտարկվում է որպես զուտ տեխնիկական լուծումների շարան և հաճախ փայլուն տեխնիկական մտահաղացումները փոշիանում են և ի վերջո խոստումնալից նախագիծը խորտակվում է»,- ասում է Կ. Իսպիրյանը:

Samsung-ը ինձ գտավ
«Շուրջ 3.5 տարի աշխատեցի CQG-ում, իսկ 2008-ին ինձ գտավ Samsung-ը: Կորպորացիային պետք էր անվտանգության բնագավառում փորձառու մասնագետ և նրանց խորհուրդ էին տվել դիմել ինձ: Ի սկզբանե առաջարկվեց աշխատել Մոսկվայում, սակայն հարցազրույցի ժամանակ առաջարկեցին, որ մեկնեմ Կորեա:

Ինձ համար դա շատ անսպասելի էր, և որոշ ժամանակ երկմտում էի՝ գնալ, թե ոչ: Այնուհետև պարզվեց, որ իմ մի քանի հայ ընկերներ արդեն աշխատում են Հարավային Կորեայում, և նրանք ինձ ասացին «արի», թեև այս «արի»-ն վերապահումներով էր. ասում էին, որ արտակարգ երկիր է, բայց կան մի շարք առանձնահատկություններ, որոնց պետք է հարմարվել»:

Կորեան այլ մոլորակ է
«Հայաստանի համեմատ Կորեան ոչ թե ուրիշ աշխարհ է, այլ ուրիշ մոլորակ: Առաջին շաբաթը Crash Course անցկացվեց նորեկների համար, որպեսզի կարողանանք այնտեղ ինչ-որ չափով կողմնորոշվել: Այդ Crash Course-ի հիմնական նախազգուշացումն այն էր, որ առաջին ամիսներին անխուսափելի մշակութային շոկ ենք ապրելու, և որ կան բաներ, որոնց հանդեպ պարզապես պետք է համբերատար լինել: Օրինակ՝ «Crash Course»-ի ժամանակ մեզ պատմեցին, որ կորեացիները խուսափում են ուղղակի կերպով արտահայտել իրենց մերժումը: Նրանք փորձում են տարբեր կերպ բացատրել ձեզ, որ մերժում են, բայց «ոչ» բառը չեն արտասանում: Այնտեղ գտնվելու առաջին ամիսն էր, երբ մեկ անգամ ես, չկողմնորոշվելով այդ տարատեսակ պատասխանների իմաստներում, ցանկանալով ստանալ հստակ պատասխան, մի կորեացի գործընկերոջ հասցրեցի այն վիճակի, որ նա ստիպված եղավ արտասանել «ոչ»: Շատ ափսոսում եմ և դրանով չեմ հպարտանում, որովհետև զգացի, թե ինչ ծանր կացության մեջ նա հայտնվեց: Պետք էր սովորել հասկանալ իրենց բառերի ենթատեքստը: Մեկ այլ խնդիր էր իրենց մոտեցումը աշխատանքային ժամերի նկատմամբ: Պատկերացրեք, երեկոյան ժամը 20:00-ն է և ղեկավարից ինչ-որ առաջադրանք է ստացվել: Եվրոպացին կարող է հրաժարվել այդ օրը լրացուցիչ աշխատանք կատարելուց՝ ասելով, որ կզբաղվի դրանով վաղը: Կորեացին չի կարող հրաժարվել առաջադրանքից. նա կշարունակի աշխատել, անհրաժեշտության դեպքում գիշերն էլ կմնա: Եթե նույնիսկ այդ խնդիրն անլուծելի է, նա պետք է ցույց տա, որ գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, այլապես իր ղեկավարի կողմից խիստ նկատողություն կստանա: Ընդհանրապես, իրենց աշխատանքային մշակույթի համաձայն, եթե ղեկավարը նստած է աշխատավայրում, աշխատողները ևս պետք է մնան աշխատատեղում, իսկ կորեացի մենեջերները հաճախ մնում են աշխատավայրում մինչ ուշ երեկո: Արտասահմանցիների նկատմամբ կարող են կիրառվել բացառություններ, եթե ղեկավարը կարծրացած հայացքների տեր մարդ չէ: Բարեբախտաբար, ես հնարավորություն ունեի աշխատել ինձ հասանելիք 8-ժամը և ինքնուրույն որոշել՝ շարունակել աշխատանքը, թե թողնել հաջորդ օրվան: Կորեացիների կառավարման աստիճանավորումը կազմավորված է տարիքային սկզբունքի հիման վրա: Տարիքով ավելի մեծ մարդը պետք է ղեկավարի տարիքով ավելի փոքրին, հակառակը գրեթե անհնար է: Վերադասի հանդեպ հարգանքը արտահայտում են խոնարհվելով: Խոնարհվելու «աստիճանը» կախված է մարդու կարգավիճակից: Ականատես եմ եղել, թե ինչպես մի երիտասարդ իր ողջ աշխատանքային առաջին օրը զբաղված էր աջ ու ձախ բոլորին խոնարհվելով: Իր գործողությունների ողջ իմաստն այն էր, որ նա իրեն համարում էր թիմի անդամ և ընդունում բոլորին, որպես ավագ թիմակիցներ:
Ընդհանրապես, կորեացիների մոտ թիմի գաղափարը շատ մեծ նշանակություն ունի: Հայաստանում դա դեռևս խնդիր է, որը յուրաքանչյուր ղեկավար պետք է կարողանա լուծել: Կորեայում այս խնդիրը լուծել է մշակույթը: Մարդիկ իրենց զգում են թիմի անդամ և դրանից դուրս իրենց չեն պատկերացնում: Երբ որևէ մեկը 1-2 տարի նույն թիմում աշխատելուց հետո պետք է այն լքի, ապա կարելի է ականատես լինել սրտաճմլիկ, լացուկոծով ուղեկցվող տեսարանների»,- ասում է Կարեն Իսպիրյանը:
«Իրականում հարմարվելը շատ դժվար չէր. պարզապես պահանջվում էր տարրական հարգանք ցուցաբերել դիմացինի նկատմամբ, ինչի պակասը զգալի է մեզ մոտ՝ Հայաստանում, որը, կարծում եմ, մեր հասարակության արագ զարգացումը խոչընդոտող պատճառներից մեկն է: Բարեբախտաբար, իմ աշխատանքային թիմը ինչ-որ չափով ծանոթ էր արևմտյան աշխատաոճին և այս դեպքում հարմարվելը հեշտ էր: Շատ ավելի դժվար էր այն արտասահմանցիների համար, որոնք ընդգրկվել էին միայն կորեացիներից կազմված խմբում, որի ղեկավարը կարծրացած պատկերացումներով կորեացի էր: Նման իրավիճակում հայտնվածներից ոմանք չէին կարողանում հարմարվել և շատ արագ լքում էին Կորեան:

Երբ առաջին անգամ դիմեցի ինձ հասանելիք 2.5 շաբաթ տևողությամբ արձակուրդը ստանալու համար, մշակութային շոկ ապրեցին արդեն կորեացի թիմակիցներս. նրանք չէին պատկերացնում, որ 5 օրից ավել կարելի է բացակայել աշխատանքից և հանգստանալ: Մեր կողմից արդեն մոռացված շաբաթօրյակները այնտեղ ընդունված երևույթ են: Հավաքվում են թիմով, որի ղեկավարը կարող է շատ բարձր պաշտոն զբաղեցնող մեկը լինել, օրինակ, փոխնախագահ, և գնում ինչ-որ տարածք բարեկարգելու»,- նշում է Կ. Իսպիրյանը:

Samsung-ը ներսից
Կ. Իսպիրյանը պատմում է. «Նախկինում անվտանգությունը Samsung-ի համար առաջնային խնդիր չէր: Ընկերությունն արտադրում էր սուղ նպատակին ծառայող և համեմատաբար պարզ ֆունկցիոնալ հնարավորություններով սարքեր: Սակայն վերջին տարիներին տեղի ունեցան զգալի փոփոխություններ: Ժամանակակից հեռուստացույցն ու հեռախոսը արդեն, ըստ էության, համակարգիչներ են՝ հագեցված հսկայական քանակությամբ ֆունկցիաներով: Նրանք թույլ են տալիս սարքը միացնել միջազգային համացանցին և օգտվել բազմապիսի ծառայություններից: Այս ամենն անխուսափելիորեն առաջացնում է անվտանգության և տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ: Ինձ բախտ վիճակվեց միանալու Samsung-ին այն ժամանակ, երբ անվտանգության համակարգերը դեռ նոր էին նախագծվում: Առաջին իսկ օրերից ներգրավվեցի այդ աշխատանքներին և զգալի ներդրում ունեցա նրանց ստեղծման գործում: Սկզբում ինքնուրույն նախագծում և իրագործում էի տարատեսակ ենթահամակարգեր՝ ինչպիսիք էին կրիպտոգրաֆիկ տվյալների համար հուսալի պահոցը (Secure Storage), թվային իրավունքների կառավարման ենթահամակարգը (Common DRM agent): Հետո դարձա Samsung-ի հեռուստացույցների և Blu-ray փլեյերների ծրագրային անվտանգության համակարգերի նախագծող-ճարտարապետը: Հաջողվեց մի քանի կարևոր և հեռանկարային նախագծեր նախաձեռնել և ղեկավարել: Դրանցից մեկը՝ «Binary and Source Code Level Obfuscator» նախագիծն այնքան հաջողված և խոստումնալից ստացվեց, որ կիրառությունը գտավ Samsung-ի կողմից թողարկվող բազմապիսի սարքերի ծրագրային ապահովման մեջ: Samsung-ում մշտապես հանդես էի գալիս նորամուծություններ մտցնելու առաջարկներով: Սկզբնական շրջանում, թեև փորձում էի փաստարկներ բերելով հիմնավորել դրանց իմաստը և նպատակը, այնուամենայնիվ առաջարկներս դժվար էին ընկալվում: Ղեկավարությանը առաջին հերթին հետաքրքրում էր այն, թե ով է խնդրին նման լուծում տվել աշխարհում, ու եթե ոչ ոք դեռ նման բան չէր արել, նրանք խիստ անվստահություն էին դրսևորում: Հետագայում, երբ բավարար հարգանք և վստահություն ձեռք բերեցի, առաջարկներս սկսեցին առավել հետաքրքրությամբ ընդունել և իրագործել:

Samsung-ի ռիթմը չափազանց ագրեսիվ է՝ ուղղված արագ արդյունք ստանալուն: Դա ունի իր դրական կողմերը և Կորեան նաև այդ գործելաոճին է պարտական իր հաջողություններով: Սակայն, նման մթնոլորտում հանգիստ մտածելու համար ժամանակ դժվար է գտնել, իսկ դա արգելք է հանդիսանում ստեղծագործ մտքի և ինքնուրույն մտածելու մշակույթի զարգացման համար: Մրցակցությունը բերեց նրան, որ զարգացում ապահովելու համար կորպորացիան սկսեց լուրջ գիտական աղբյուրներ փնտրել, իսկ ես գիտեի, որ Հայաստանում հնարավոր է այն գտնել, ուստի և Հայաստանն առաջարկեցի որպես ուշադրության արժանի տարբերակ: Սկզբում այս առաջարկին թերահավատությամբ էին վերաբերում, քանի որ ոչինչ չգիտեին Հայաստանի մասին: Կորեացիների մոտ զարմանք ու հետաքրքրություն առաջացավ, երբ պատմեցի, որ դեռևս 70-ականներին Հայաստանում համակարգիչներ էին արտադրվում և հանրապետությունը գիտության մի շարք ոլորտներում առաջատար դիրքերում էր: Ի վերջո, հաջողվեց Հայաստան բերել ընկերության մի քանի նախագիծ: Նրանցից մեկը բարեհաջող իրականացվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Եվս մեկ նախագիծ ընթացքի մեջ է:

Samsung-ի ներկայացուցիչները վերջերս այցելեցին Հայաստան և այժմ ուսումնասիրում են մեր երկրի հետ երկարաժամկետ համագործակցության հեռանկարները»:

Հայաստանի հաջողության բանալին
«Հայաստանի հաջողության բանալին՝ կրթված, անկաշկանդ մտածող, բանիմաց երիտասարդներն են: Նրանց ձ7ավորման համար հարկավոր են որակյալ կրթական համակարգ և կայացած, փորձառու մասնագետներ, որոնց թիվը, ցավոք, անդառնալի նվազում է: Հայաստանում դեռ չի ձևավորվել այնպիսի միջավայր, որտեղ և’ փորձառու, և’ երիտասարդ մասնագետները զարգանալու ու մեր երկրում ՏՏ ոլորտը զարգացնելու հեռանկարներ տեսնեն: Նման մթնոլորտ հնարավոր է ստեղծել Հայաստան բերելով խոշոր կազմակերպություններ, որոնք կապահովեն որակյալ աշխատատեղեր, կխթանեն կրթական համակարգի բարելավումը»,- ասում է Կարեն Իսպիրյանը:

Mediamax.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս