«Սյունիքի մարզպետն ու Վահե Հակոբյանն աջակցելու են ինձ»
Ասում է Կապանի քաղաքապետի թեկնածու Աշոտ Հայրապետյանը
Սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում, բացի գործող Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից, իրենց թեկնածությունն են առաջադրելու նաև Կապանի նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը և «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ կուսակցության անդամ Աշոտ Հայրապետյանը: Սակայն, ամենայն հավանականությամբ, պայքարը հիմնականում ընթանալու է գործող քաղաքապետի և Ա.Հայրապետյանի միջև: Վերջինս պատասխանել է 168.am-ի հարցերին.
– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում:
– Հունիսի 20-ին ՀՀԿ տարածքային խորհրդի նիստին հստակ որոշվել է իմ թեկնածությունն առաջադրելու մասին:
– Դա ՀՀԿ-ի՞ որոշումն է:
– Դա և՛ իմ որոշումն է, և՛ Հանրապետական կուսակցության: Ես ինքս որոշել եմ, այնուհետև ՀՀԿ-ի տարածքային խորհրդի նիստում քննարկումից հետո որոշվեց առաջադրել իմ թեկնածությունը: Իսկ իմ որոշումը միանձնյա որոշում չէր: Դա առաջին հերթին ինձ շրջապատող մարդկանց, իմ ընկերների և, իհարկե, իմ ընտանիքի կարծիքն էր:
– Այսինքն` ՀՀԿ-ն Ձեզ աջակցելո՞ւ է ընտրություններին:
– Միանշանակ, աջակցելու է:
– Իսկ Ձեր թեկնածությունն առաջադրելով` ի՞նչ եք ուզում փոխել քաղաքում:
– Ցանկությունների սպեկտրը բավական լայն է: Առաջին հերթին քաղաքը պետք է դարձնել գրավիչ, ստեղծել գրավիչ միջավայր և ներդրումներ կատարել մեր քաղաքացիների և մեր այն համաքաղաքացիների կողմից, ովքեր բնակվում են արտասահմանում կամ, թեկուզ, Երևանում: Ժամանակ առ ժամանակ, ուզած-չուզած, բախվում ես այդ խնդրի հետ, երբ մարդիկ մեկ կամ երկու տարին մեկ այցելելով իրենց ծննդավայրը, իրենց խոսքերը մեջբերեմ` ասում են, որ քաղաքում ոչինչ չի փոխվել: Այդ մարդկանց մեջ ցանկություն կա ինչ-որ փոփոխություններ տեսնելու և մասնակիցը լինելու դրանց: Նույն փոփոխությունները կան նաև կապանցիների մոտ: Չեմ կարծում, թե դա հեշտ աշխատանք է: Առաջին հերթին` պետք է ստեղծել համապատասխան մթնոլորտ: Տարիներն անցել են, բայց միգուցե հնարավոր է դա վերականգնել: Չեմ ասում, թե պետք է հետ բերել հինը, այլ հինը հաշվի առնելով` ստեղծել նորը:
– Այսինքն` դժգոհություննե՞ր ունեք Կապանի ներկա քաղաքապետի աշխատանքից:
– Ներկա քաղաքապետը քաղաքականություն մտնելու ժամանակ, այսինքն` մինչև քաղաքապետ դառնալը, թեև կուսակցական էր, բայց քաղաքական կյանքով չէր ապրում: Չեմ կարծում, թե Արտուր Աթայանը խնդիրներ էր դրել իր առջև, և, այնուհանդերձ, չեմ կարող ասել, թե ինքն այդ խնդիրները չի լուծել: Դա սխալ կլինի: Միգուցե իր առջև դրված խնդիրների մեծ մասը, կամ, ինչպես ինքն է արտահայտվում, գրեթե ամբողջ խնդիրները կատարել է: Բայց հարցն այն է, թե ի՞նչ խնդիրներ է դրել իր առջև:
– Վերջին չորս տարվա ընթացքում ինչ-որ տեղաշարժեր տեսնո՞ւմ եք քաղաքում:
– Ես չեմ տեսնում: Ինչ-որ տեսանելի նշաններ կամ փոփոխություններ կան` կապված նրա գործունեության առաջին ժամանակահատվածի հետ, բայց եթե մենք մեր առջև խնդիր ենք դնում, որ մոխրամանը պետք է մաքուր լինի, ուրեմն` այն պետք է դատարկել ամեն օր, կամ, եթե խնդիր ենք դնում մեր առջև` քաղաքը գրավիչ, գեղեցիկ դարձնել, դա պետք է մշտապես անենք, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ:
– Պարոն Հայրապետյան, Ձեզ աջակցելու կոնկրետ առաջարկներ ստացե՞լ եք, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզպետից կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից: Իրենք կաջակցե՞ն Ձեզ, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Մ. Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, ՀՀԿ կուսակցության անդամ է և ԱԺ պատգամավոր:
– Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի կամ Մ. Հակոբյանի որդու աջակցությանը, կարծում եմ` դա քննարկելու թեմա չէ:
– Այսինքն` կաջակցե՞ն Ձեզ:
– Այո՛: Սյունիքի մարզպետը ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է, և բազմիցս հայտարարել է, որ աջակցելու է, և որպես ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ՝ ընդունված որոշումը պետք է հաստատի շրջանային խորհրդի նիստում: Կարգն այդպիսին է: Ինչ վերաբերում է Մաքսիմ Հակոբյանի որդու աջակցությանը, ապա հակառակը ենթադրել չեմ կարող, քանի որ նա ՀՀԿ-ական է:
– Քաղաքում խոսակցություններ կան, որ Դուք հանդիպել եք Մ. Հակոբյանին և մերժել եք նրա հովանավորչության առաջարկը: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
– Ես նման լուրեր չեմ լսել, իսկ ինչ վերաբերում է իմ հանդիպմանը Մ. Հակոբյանի հետ, ապա կարող եմ ասել, որ այդ թեմայով չենք խոսել նրա հետ:
– Քաղաքապետի նախորդ ընտրություններին Սյունիքի մարզպետն աջակցում էր նախկին քաղաքապետ, ՀՀԿ կուսակցության անդամ Արմեն Կարապետյանին, իսկ Մ. Հակոբյանը` ՀՅԴ կուսակցության անդամ Արտուր Աթայանին: Արդյունքում` քաղաքապետ դարձավ Ա. Աթայանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:
– Քաղաքապետի անցած ընտրություններին մարզպետն աջակցում էր նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանին, իսկ ԶՊՄԿ-ի տնօրենը` դաշնակցական Արտուր Աթայանին: Դա ընդամենն այդ երկու, այսպես ասած` բևեռների անհամատեղելիության արդյունքն էր, այսինքն` նկատի ունեմ, որ նրանք միակարծիք չէին թեկնածուի հարցում:
– Եվ այդ պայքարում հաղթեց Մաքսիմ Հակոբյանը, այո՞:
– Չեմ կարծում, թե դա միայն Մաքսիմ Հակոբյանի հաղթանակն էր: Առհասարակ կցանկանամ, որ Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետի հաղթանակը լինի բոլորի հաղթանակը: Եվ Կապանի քաղաքապետը դառնա ոչ թե հաղթող թիմի, այլ բոլորի քաղաքապետը:
– Ձեր զրույցի սկզբում ընդգծեցիք քաղաքում համապատասխան մթնոլորտ ստեղծելու մասին: Խոսքը քաղաքի` վախի մթնոլորտից ձերբազատմա՞ն մասին է:
– Հավանաբար, Դուք էլ հասկացաք, որ վախի մթնոլորտ չի նշանակում` համապատասխան մթնոլորտի ձևավորում: Վախի մթնոլորտում չի կարող լինել ազատ արտահայտվելու, քննարկելու երևույթներ, իսկ հասարակությունն առաջ է գնում դրանով: Հասարակության առողջության գրավականն ազատությունն է:
– Այսինքն` ազատ արտահայտվելու խնդի՞ր կա Կապանում:
– Եթե մենք համարենք, որ ազատ արտահայտվելը փողոցում կանգնել-հայհոյելն է, ապա ամեն քայլափոխի միգուցե Կապանում կամ այլ շրջաններում հանդիպենք նման երևույթների, բայց դա չի նշանակում` ազատ արտահայտվել: Ազատ արտահայտվել նշանակում է` բոլորին հուզող խնդիրների քննարկում: Ասեմ, որ երբ Արտուր Աթայանը ստեղծեց Հանրային խորհուրդ, դա բավական հաճելի քայլ էր, բայց երբ այդ խորհուրդն ունեցավ իր անդրանիկ նիստն ու այլևս չգործեց, դա նշանակում է, որ մոտեցումը ճիշտ չէր:
– Քաղաքապետի թեկնածություն է առաջադրել նաև Կապանի նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը: Ինչո՞վ եք պայմանավորում նրա վերադարձը քաղաքականություն, և ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները:
– Գիտեք, շանսերը թող գնահատեն մասնագետները: Եթե մեր քաղաքացիներից որոշ մարդիկ կարծիք են հայտնում, թե ինչո՞ւ հենց ես, կամ ինչի՞ց դրդված եմ առաջադրել իմ թեկնածությունը, ապա ընդամենն այն կարծիքին են, որ Կապանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի, առաջին հերթին` բարոյական իրավունք, առաջադրվել` որպես քաղաքապետի թեկնածու:
Հ.Գ. Առաջիկայում 168.am-ը կներկայացնի նաև հարցազրույցներ Կապանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած մյուս երկու թեկնածուների հետ: