Հայաստանում նորարարական կենտրոն է ստեղծվելու
Հայաստանում առաջիկա երկու ամսվա ընթացքում նորարարական կենտրոն է ստեղծվելու, որը կաջակցի գիտություն-տնտեսություն կապերի ամրապնդմանը: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նշենք, որ այսօր` հուլիս 27-ին, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում «Զարգացման հայկական գործակալության» , «Տրանսֆեր Տեքնոլոջի Ասոցիացիայի» և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ղեկավարները եռակողմ համաձայնագիր են ստորագրել`«Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին»: Կենտրոնը կգործի «Տրանսֆեր Տեքնոլոջի Ասոցիացիայի» տարածքում: ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում կլինեն գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացման և գիտական ծրագրերի առևտրայնացման խնդիրների լուծմանը: «Կենտրոնի հիմնական դերակատարումը ինովացիոն ծրագրերի և տեղական գաղափարների ֆինանսավորման խնդիրներով լուծմանը աջակցելն է` պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով: Մենք փորձելու ենք ոչ միայն ծրագրերի համար ֆինանսավորում գտնել դրսի վենչուրային հիմնադրամների միջոցով, այլև կզբաղվենք դրսում մեր տեխոլոգիաների վաճառքով»,- ասաց Ս. Հարությունյանը: Նա տեղեկացրեց նաև, որ կենտրոնը տարբեր մրցույթներ կհայտարարի` ֆինանսավորման տարբեր չափաբաժիններով: «Դեռ վաղ է խոսել ֆինանսավորման մասին, կենտրոնը պետք է ստեղծման որոշակի ճանապարհ անցնի, հետո արդեն կկարողանանք խոսել ֆինանսավորման խնդիրների մասին»,- նշեց Ս. Հարությունյանը:
Ըստ համաձայնագրի` Գիտության պետական կոմիտեն պարտավորվում է աջակցել գիտական արդյունքների առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանը, խթանել ՀՀ գիտական կազմակերպությունների, գիտական աշխատողների խմբերի և գիտական աշխատողների կողմից կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական ծրագրերը Կենտրոնին ներկայացմանը: Համաձայնագրի մյուս կողմերը պարտավորվում են կազմակերպել կենտրոնին ներկայացված ծրագրերի փորձաքննությունների ընդհանուր գործընթացը, ծրագրերի տեխնիկական իրագործելիության փորձաքննությունը, հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերպությունների համար գործնական այցեր և տեղական համապատասխան կազմակերպությունների հետ հանդիպումներ, աջակցել ծրագրեր ներկայացրած գիտատեխնիկական խմբերի մասին տեղեկությունների հավաքագրմանը, գործարար շրջանակներին տեղեկատվություն տրամադրել առկա տեխնոլոգիաների, տեխնոլոգիական լուծումների, նորարարական առաջարկների, բիզնես նախագծերի մասին, խորհրդատվություն տրամադրել մտավոր սեփականության, գիտատեխնիկական մշակումների արտոնագրման և այլ իրավական հարցերի վերաբերյալ: