Պարտադրված գործարք՝ նախագահական ընտրություններից առաջ
Ռուսասատանը ՀՀ իշխանություններին վաղուց չէր նվաստացրել այնպես, ինչպես անցած երկու օրերին: Այլ կերպ դժվար է որակել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի` Երևանում արած հայտարարությունները: Պուտինի մերձավորներից մեկը համարվող այս պաշտոնյան գրեթե առանց արարողակարգային ձևականությունների ցույց տվեց, որ Հայաստան էր ժամանել` ՀՀ իշխանություններին մի վերջին անգամ զգուշացնելու, կամ, որ ավելի ճիշտ է` պարտադրելու Եվրասիական տնտեսական ընկերակցությանը` ԵՎՐԱԶԵՍ-ին անդամակցելու պահանջը: «Հայաստանի ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում, հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով»,- երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահը: Նախօրեին էլ նա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարել էր, թե Եվրասիական միության ձևավորման գաղափարը պետք չէ հակադրել Եվրամիությանը, քանի որ Եվրասիական միությունը եվրոպական ինտեգրացիայի գործընթացներն ուժեղացնելու և խորացնելու նպատակ ունի: Ավելին` նա ընդգծել է, որ նման հակադրություններ անում են այն ուժերն ու գործիչները, ովքեր չեն ցանկանում եվրասիական ինտեգրացիա: Այս հայտարարությունների ժամանակագրությունն ու տոնն անգամ վկայում են, որ ռուսները որևէ քայլի առաջ կանգ չեն առնի Հայաստանին այդ միության անդամ դարձնելու, կամ, որ ավելի ճիշտ է, այդ միության մեջ «խցկելու» համար: Փաստորեն, ստացվում է, որ Նարիշկինը Հայաստան գալուց անմիջապես հետո Գիտությունների ակադեմիայում բացատրել է, որ այդ Եվրասիական միությունը պետք չէ հակադրել Եվրամիությանը, և արդեն հաջորդ օրը, ինչպես ինքն է հայտարարել, «հասկացել են», որ «եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով»: Այդ մասին «հասկացնելուց» հետո էլ ՌԴ Պետդումայի նախագահն, ըստ էության, ժամկետ է սահմանել ՀՀ իշխանությունների համար: «Հայաստանը Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կարող է վավերացնել 2012 թվականի աշնանը»,- երեկ հայտարարել է Նարիշկինը` փաստորեն ուղղակիորեն նախանշելով այն ժամկետը, որից հետո Հայաստանն այլևս դիմադրելու տեղ կարող է չունենալ: Բնականաբար, այդ ժամկետը պատահական չէ, և ակնհայտ է, որ կապված է 2013 թվականին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրրությունների հետ: Այսինքն` Ռուսաստանը գրեթե ուղղակիորեն հասկացնում է, որ եթե այս տարեվերջին Հայաստանը չվավերացնի իր անդամակցությունը ԵՎՐԱԶԵՍ-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական վերաբերմունքի առումով կարող է խնդիրներ ունենալ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Խնդիրներ ասելով, բնականաբար, առաջին հերթին պետք է հասկանալ Ռուսաստանի հավանությունը ստացած որևէ այլ թեկնածուի առաջադրման հնարավորությունը, որն իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում կարող է դառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եթե հաշվի առնենք նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցնելով կողմ է արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա դժվար չէ կանխատեսել, որ վերջինս կարող է «պլացդարմ» դառնալ` ՀՀ իշխանությունների կողմից ռուսներին ոչ ցանկալի պատասխան տալու դեպքում: Այսինքն` Նարիշկինի երևանյան հայտարարությունները (գուցե առանձնազրույցների ընթացքում` նաև ուղղակիորեն արտահայտված մտքերը) կարող են նշանակել հետևյալը. Հայաստանը սկսում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը, ինչի դիմաց Ռուսաստանն ապահովում է նախագահական ընտրությունների սահուն ընթացքը, այլ կերպ ասած` Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվում, և` հակառակը: Թե ինչպիսին կլինի ՀՀ իշխանությունների արձագանքն այս, ըստ էության, գործարքին, պարզ կդառնա առաջիկա զարգացումներից: Այս պահին պետք է արձանագրել միայն, որ իշխանություններն առայժմ լռում են` պաշտոնապես որևէ կերպ չարձագանքելով ՌԴ Պետդումայի նախագահի, մեղմ ասած, ոչ կոռեկտ հայտարարություններին: Ի դեպ, Նարիշկինի այս հայտարարությունները, Հայաստանին վիրավորելու իմաստով, կարելի է համեմատել, թերևս, միայն նրա «իրավանախորդ» Բորիս Գրիզլովի` 2004 թվականին արած հայտնի` «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում» արտահայտության հետ: Թե ինչպես զարգացան հայ-ռուսական հարաբերություններն այդ հայտարարությունից հետո` բոլորին է հայտնի. «Գույք` պարտքի դիմաց» գործարք, Հայաստանի տնտեսական, ռազմավարական ռեսուրսների հանձնում Ռուսաստանին, ռուսական ռազմաբազաների` Հայաստանում գտնվելու ժամկետի երկարաձգում, և այլն: