Այս անգա՞մ էլ Airbus-ն է խառնել ցուցանիշները
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունն այսօր ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի արտաքին առևտրի ցուցանիշները։ Դրանք կրկին տարբերվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված ցուցանիշներից։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի` ներմուծման ծավալը 2012թ. հունվար-հունիսին կազմել է $ 2.017 մլն , իսկ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ $2.039 մլն։ Տարբերությունը կազմում է 22 միլիոն դոլար։
Սակայն արտահանման դեպքում ցուցանիշների տարբերությունն ավելի մեծ է՝ $60.7 մլն։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի` արտահանման ծավալը 2012թ. հունվար-հունիսին կազմել է $ 684.4 մլն , իսկ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ $623.7 մլն։
Հիշեցնենք, որ նման տարբերություն եղել էր նաև եռամսյակային ցուցանիշների հրապարակումից հետո։ Ըստ ԱՎԾ-ի` 2012 թ. առաջին եռամսյակում արտահանումը կազմել էր $ 347.7 մլն դոլար, իսկ ըստ ՊԵԿ-ի՝ $ 293 մլն դոլար: Տարբերությունը կազմում էր մոտ 55 մլն դոլար։
ՊԵԿ-ն այն ժամանակ պարզաբանել էր, որ իրենց և ԱՎԾ-ի տվյալների անհամապատասխանության պատճառը Airbus A319111 ինքնաթիռն է, որը վերարտահանման ռեժիմով արտահանվել է Գերմանիա 2012 թ. մարտին։ Ըստ այդ պարզաբանման` ՊԵԿ-ը վերարտահանման գործարքները չի համարում արտաքին առևտուր և չի ընդգրկում արտաքին առևտրի վիճակագրական ցուցանիշների մեջ, ի տարբերություն ԱՎԾ-ի:
Այսինքն, կիսամյակային տվյալների 60.7 միլիոնի տարբերության «մեղավորը» նույն Airbus ինքնաթիռն է, որը պաշտոնական վիճակագրությունը ներառել է թե եռամսյակային թե կիսամյակային ցուցանիշների մեջ։
Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ արտահանման 13.5% աճը, փաստորեն, պայմանավորված է Airbus-ով։ Եթե այն հաշվի չենք առնում (քանի որ վերարտահանման գործարք է) և որպես հիմք վերցնում ենք Մաքսային ծառայության տվյալները, ստացվում է, որ արտահանումն առաջին կիսամյակում աճել է ընդամենը 4.7%-ով՝ ավելի քիչ, քան ներմուծումը։