Բաժիններ՝

Գեորգիսյանը կաշառակերության մասին փաստեր հրապարակողին անձամբ «տարել» է քաղաքապետարան` հերքելու

Ափսոս, ճանապարհին «պատիվ» չի տվել

Մեր թերթի նախորդ համարներում փորձել էինք ներկայացնել ընտանեկան նպաստ համակարգում տիրող Սոցիալական աջակցության գրասենյակների պետերի, տեսուչների ստվերային գործունեության մեխանիզմները եւ մատնանշել էինք նպաստառուների կողմից ներկայացված կոնկրետ փաստեր: Հիշեցնենք, որ այդ համակարգում հաշվառվելու համար գրասենյակի պետերն ու տեսուչները նպաստառուներից շատերին ստիպում են փաստագրել` տարվա մեջ երկու ամսվա նպաստն իրենց թողնելու սկզբունքով:
Մասնավորապես Հաղթանակ թաղամասի 30 հասցեում գտնվող վագոն-տնակի բնակչուհի Անուշ Հարությունյանի կողմից հրապարակված փաստերը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցան: Ինչպեսեւ սպասվում էր, կաշառակերության մասին փաստերի հրապարակման թիրախը հանդիսանալու էր Ա. Հարությունյանը, ով պայքարելու փոխարեն` նախընտրեց հանձնվել: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը մեզ տեղեկացրել էր, որ տարածքի տեսուչն իրեն ստիպում է տարվա մեջ երկու ամսվա նպաստն իրեն տրամադրել, այնուհետեւ մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ պատրաստ է ապացուցել խոսքերը եւ մինչեւ վերջ պնդել իր ասածը:
Հոդվածի հրապարակումից հետո նրան հրավիրել են Սոցիալական աջակցության գրասենյակ, «հարցաքննել» են, այնուհետեւ այնպիսի «տրյուկներ» են կիրառել, որ Ա. Հարությունյանը ստիպված է եղել փոխել իր դիրքորոշումը: Օրեր առաջ նա մեզ զանգահարեց եւ ասաց բառացիորեն հետեւյալը. «Էս ինչ կրակի մեջ ընկա, բոլորը ինձ թարս աչքով են նայում, թարսվել են հետս: Գրասենյակից ինձ ասեցին, որ իմ համար էլ ա վատ լինելու, որովհետեւ կաշառք տվողն էլ ա պատասխան տալու: Ասեցին` չես կարա ապացուցես, որովհետեւ գումարը տալուց գրավոր փաստաթուղթ չես ստորագրել, ու վերցնողն էլ կհրաժարվի քո մեղադրանքից: Ես երեք երեխա ունեմ ու, եթե շարունակեմ պնդել ասածս, ինձ համար վատ կլինի: Չէ, ես հետ եմ կանգնում խոսքերիցս: Ինձ քաղաքապետարանից կանչել են, ուզում եմ տեղեկացնել, որ գնալու եմ հերքեմ ասածներս: Ինձ ասեցին, որ կաշառք տվողի համար ավելի վատ կլինի»: Հասկանալով, որ Ա. Հարությունյանին Սոցիալական աջակցության գրասենյակում լավ վախեցրել են, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է հերքելու իր կողմից հնչեցված կաշառակերության մասին փաստերը` այն դեպքում, երբ մենք նույնիսկ այդ տեսագրությունն ունենք, վերջինս պատասխանեց. «Ես չեմ ասում` չեմ ասել նման բաներ, ասել եմ, բայց հիմա ասածներիցս հետ եմ կանգնում: Ես հիմա չեմ բողոքում: Կգնամ քաղաքապետարան, կասեմ, որ ջղայնացած եմ եղել, նման բաներ եմ ասել: Կգնամ կասեմ, որ հերքում եմ»: «Ի՞նչն եք հերքում»,- հարցրեցինք: «Իմ ասածները»,- պատասխանեց Ա. Հարությունյանը` նորից կրկնելով, որ իրեն բոլորը թարս աչքով են նայում ու ասում են, որ կաշառք տվողն ավելի մեծ հանցանք է գործում, քան վերցնողը:
Մինչդեռ, հետաքրքիր է, որ Ա. Հարությունյանը մի քանի օր առաջ ասում էր, թե ինքը կարծել է, որ տեսուչին երկու ամսվա գումար թողնելը օրենքի պահանջ է: Հարկ է նկատել նաեւ, որ Ա. Հարությունյանի նմանատիպ վարքագծի շարժառիթը ուղիղ կապ ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սոցիալական աջակցության պետ Ռուզաննա Գեորգիսյանի «մարտավարության» հետ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրել էր, որ տարածքը սպասարկող տեսուչն արձակուրդի մեջ է, հետեւաբար, մինչեւ նա չվերադառնա հանրապետություն, այդ փաստերի իսկությունը չեն կարող ճշտել: Մինչդեռ հետաքրքիրն այն է, որ տեսուչի բացակայության պայմաններում գրասենյակում ակտիվ «խոսակցությունների» արդյունքում հարցը լուծվել է` փաստերը հրապարակողի «բերանը փակելով»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանից նույնպես ներկայացուցիչներ էին այցելել եւ փորձել էին ուսումնասիրություն կատարել գրասենյակում այս փաստի առիթով: Երեկ մենք զանգահարեցինք Ա. Հարությունյանին եւ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք գնացել է Երեւանի քաղաքապետարան. «Այո, Գեորգիսյանի հետ գնացի ու գրեցի, որ ասածներս հերքում եմ: Էնտեղ ասեցի, որ Դուք ձայնագրությունն ու տեսագրությունն ունեք, որ Ձեզ ամեն ինչ ասել եմ, բայց գրեցի, որ հրաժարվում եմ խոսքերիցս»: Ի դեպ, մեր հարցին, թե ինքը ո՞ր բաժնում կամ ո՞ւմ անունով է դիմումը գրել, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ չգիտի, ինքը ուղղակի գրել, դուրս է եկել: Այս ամենից պարզ է դառնում, որ Ա. Հարությունյանին գրասենյակի պետ Ռ. Գեորգիսյանը «ձեռքից բռնած» ուղեկցել է Երեւանի քաղաքապետարան եւ թելադրել է` ինչ անել: Իսկ մեզ մնում էր Ա. Հարությունյանին ընդամենը հորդորել` այլեւս չդիմել մեզ ու չհայտարարել իր նկատմամբ իրականացվող անարդարության ու կաշառակերության մասին, եթե նա պատրաստ չէ պայքարել արդարության ու սեփական իրավունքների համար:
Երեկ մենք փորձեցինք նաեւ զրուցել Երեւանի քաղաքապետարանի Սոցիալական բաժնի պետ Ռուզաննա Զաքարյանի հետ` պարզելու համար, թե կաշառակերության մասին փաստերը հրապարակելուց, այնուհետեւ այդ մասին հաղորդում տալուց հրաժարվելուց հետո արդյո՞ք քաղաքապետարանն այս գործին ընթացք չի տալու: Ցավոք, Սոցիալական բաժնից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին, սակայն, այնուամենայնիվ, եթե Երեւանի քաղաքապետարանը նույնպես այդ փաստերը «լղոզելու» մտադրություն չունի` մենք պատրաստ ենք այդ տեսագրությունը նրանց տրամադրել (այն առաջիկայում կտեղադրվի 168.am կայքում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս