Հայաստանում լեհական կապիտալով 12 ընկերություն կա
Գործարար պատվիրակության հետ` գործարար առաքելություն իրականացնելու նպատակով Երևան է ժամանել Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը:
Այցելության շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր հայ-լեհական գործարար համաժողով:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ա. Պետրոսյանը, Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը, ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Զբիգնև Շմուրլոն:
Զարգացման հայկական գործակալության կողմից տեղի է ունեցել «Հայկական շուկա մուտք գործելու պայմանները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում» շնորհանդես:
Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործարար համաժողովը Հայաստանում և Լեհաստանում գործունեություն ծավալելու գերազանց առիթ կհանդիսանա: Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարն իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պետք է Հայաստանը գովազդել Լեհաստանում, որպես բարենպաստ ներդրումային երկիր: Ըստ ԶՀԳ գլխավոր տնօրենի, գործակալությունը և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ են ամեն ինչ անել գործարարության զարգացման համար:
Այցելության մի քանի օրերի ընթացքում տեղի են ունենալու անհատական գործարար հանդիպումներ ինչպես նաև այցելություններ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն, համապատասխան նախարարություններ ինչպես նաև ձեռնարկություններ:
Լեհաստանից ժամանած 8 ընկերություն ներկայացնում են հետևյալ ոլորտները. միջազգային հեռահաղորդակցություն, լամպերի արտադրություն և վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում, նորարարական լուծումների նախագծում, բժշկական ծառայություններ, ազատ տնտեսական գոտիներում ներդրումների իրականացում, տեքստիլ արդյունաբերություն, թափոնների կառավարում-շրջակա միջավայրի պահպանում, շինանյութեր, առևտուր, փայտամշակում-փափուկ կահույք:
2011թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 20,5 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 926 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 19,5մլն ԱՄՆ դոլար:
Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կտավաքար և ներմուծվում են մեխանիզմներ, եթերային յուղեր, կոսմետիկա, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, դեղագործական ապրանքներ և այլն:
ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն: