Իրանը պատրաստ է հաշված րոպեների ընթացքում հակահարված տալ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը դրսից հարձակումներին պատասխան քայլերի ռազմավարական ծրագիր է մշակել, որը դիտարկում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան 35 ռազմաբազայի ոչնչացում` հարձակումից ընդամենը «հաշված րոպեներ անց»:
«Բոլոր այդ ռազմաբազաները գտնվում են մեր հրթիռների գործողությունների սահմաններում»,- ասել է գեներալը:
Նա նշել է, որ այս շաբաթվա սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունները նաև կոչված էին թշնամու հիպոթետիկ ավիաբազան իրանական հրթիռային հարվածով խոցելու քայլերի մշակմանը: Զորավարությունների ժամանակ, ըստ գեներալի, իրանական հրթիռները բարեհաջող խոցել են բոլոր թիրախները:
«Մեծ մարգարե-7» գաղտնանունը ստացած վարժանքների երկրորդ օրը Դեշտե-Լուտ անապատում բաց են թողնվել «Շահաբ-1», «Շահաբ-2», «Շահաբ-3», «Զալզալալ», «Ֆաթեհ» հրթիռները: Կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման ղեկավարի խոսքով` Իրանն ունի մինչև 2000 կմ գործողության շառավղով հրթիռներ, սակայն վարժանքների ժամանակ օգտագործվում են միայն մինչև 1300 կմ հեռավորության վրա խոցելու ընդունակ հրթիռներ: Նշենք, որ վարժանքները տևել են 3 օր և ավարտվել չորեքշաբթի:
ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը` հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հունիսին ընդունված 1929 բանաձևի մասին, որն «արգելում է Իրանին զբաղվել որևիցե գործողությամբ, որն առնչվում է բալիստիկ հրթիռներին»:
Սակայն ռուս փորձագետները թերահավատորեն են վերաբերվում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությանը: Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը նշել է, որ Իրանը ոչ մի պայմաններում չի կարող «հաշված րոպեների ընթացքում» խոցել ամերիկյան բազաները: Նա նշել է, որ իրանական ամենահեռահար հրթիռը «Շահաբ-3»-ն է, որը միայն վերջերս է փորձարկվել, իսկ տարածաշրջանում ամերիկյան բազաները գտնվում են զգալի հեռավորության վրա: