Թուրքագետ. Սիրիական խառնակությունների գլխավոր դերակատարներից մեկը Թուրքիան է

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բուռն զարգացումները հասել են որոշակի հանգրվանի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նկատելով, որ մերձավորարևելյան իրադարձություններում հստակ դեր էր վերապահված Թուրքիային:
«Թուրք-սիրիական հարաբերություններն օրեցօր լարվում են, ինչը կարելի է համարել նաև սուննիների ու շիաների հակամարտություն: Ինչ վերաբերում է Իրանին, ապա ի տարբերություն Արևմուտքի՝ Թուրքիան Իրանի հետ ավելի զգույշ է վարվում, նույնը տեսնում ենք նաև Իրանի կողմից»,- ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ կատարվող իրադարձությունների ֆոնին բավական բարդ իրավիճակում է հայտնվել սիրիահայ համայնքը: «Հայաստանը ուշադրության կենտրոնում է պահում վերջիններիս օգնելու ծրագիրը: Թեկուզև այս մասին չի բարձրաձայնվում, սակայն հավատացնում եմ, որ ձեռնարկվում են հատուկ քայլեր, որոնք, անհրաժեշտության դեպքում, կդրվեն շրջանառության մեջ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ միաժամանակ անհանգստություն հայտնելով, որ Սիրիայում ծայրահեղ իսլամիստների իշխանության գալու դեպքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայ համայնքի հանդեպ վերաբերմունքը բավական կսրվի:
Անդրադառնալով սիրիահայերի հնարավոր ներհոսքին՝ արևելագետը նշեց՝ ժամանակն է, որ ոչ միայն Սփյուռքը կանգնի Հայաստանի կողքին, այլև՝ հակառակը: «Կարծում եմ՝ այդ դեպքում պետությունը գործի կդնի բոլոր միջոցները՝ օգնելու հայրենիք վերադարձած սիրիահայերին: Միաժամանակ, նրանց ներհոսքը խրախուսելն այնքան էլ ցանկալի չէ: Նման քայլի պետք է դիմել ամենավերջում՝ սիրիահայերին մահվան սպառնալիքից փրկելու համար»:
Հարցին՝ կկարողանա՞ Ասադի իշխանությունը դիմադրել քաղաքական զարգացումներին՝ թուրքագետը նկատեց, որ նրա ելույթներում մեղմացնող, հաշտեցնող ելևէջներ է նկատում:
«Ասադը չի ուզում սրել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա քաղաքական զարգացումների ֆոնին հնարավոր է՝ զիջի իր դիրքերը, սակայն ալավիական վարչակարգն ընդհանրապես՝ չեմ կարծում: Այլ կերպ ասած՝ անձի փոփոխությունը չի բացառվում, սակայն ընդհանուր վարչակարգինը դժվար է պատկերացնել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս