Կառավարությունն է որոշում՝ ովքեր են ներկրելու պարարտանյութը
Իսկ այդ ընթացքում գյուղացիները թողնում-հեռանում են երկրից` իրենց թափած ջանքերի արդյունքում բերք չստանալու պատճառով: Այս օրերին գյուղացու ամենամեծ հոգսերից մեկը մատչելի գներով պարարտանյութ գնելն է: Այս տարի, սակայն, պարարտանյութի գինն անհամեմատ բարձրացավ: Ըստ գյուղացիների` 1 պարկ ազոտական պարարտանյութը ձեռք են բերում 10-11.000 դրամից ոչ պակաս` նախորդ տարվա 8-9000 դրամի փոխարեն (պաշտոնական տվյալներով` նախորդ տարի պարարտանյութի գինը 7000 դրամ էր): Ընդ որում` խոսակցություններ կան, որ առաջիկայում պարարտանյութի գինը հասնելու է մինչեւ 15.000 դրամի: Իսկ ՀՀ Կառավարության կողմից հատկացված պարարտանյութը, որի դիմաց գյուղացին կրկին վճարում է, այնքան քիչ է, որ գյուղացուն «օգնելու» քայլը դառնում է զուտ PR նպատակներ հետապնդող` ցուցադրական քայլ:
Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի գյուղապետ Հարություն Չվչյանի փոխանցմամբ` այս տարի Կառավարությունից գյուղը ստացել է 30 տոննա պարարտանյութ` գյուղացիները գումարը հավաքել են, Կառավարությունը` վաճառել է` 1տոննա պարարտանյութի դիմաց վերցնելով 6000 դրամ: «Գյուղին տրված պարարտանյութը քիչ է: Գյուղացին 10-11.000 դրամով պարարտանյութ է գնում: Ասենք, գյուղացին սոխ ա դնում հողում, ու սոխի համար ոչ թե 10 պարկ, այլ 20-30 պարկ պարարտանյութ է դնում»,- նշեց Հ. Չվչյանը: Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանի խոսքով` Կառավարությունը 78 տոննա պարարտանյութ է տվել գյուղին: «Այս տարի պարարտանյութի որակն ավելի լավ է: Ասում են` ուկրաինական պարարտանյութ է, իսկ նախորդ տարի ժողովուրդը վրացական ու պարսկական պարարտանյութ էր գնում»,- նկատեց գյուղապետը: Իսկ հարցին, թե Գյուղնախարարությունն ինչո՞վ է օգնում գյուղացուն, Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Կառավարությունն ավելի լավ է Գյուղնախարարությունը լուծարի, ու դրա գումարները հատկացնի գյուղացիներին: Էդպես ավելի օգուտ կլինի: Գյուղնախարարությունն ի՞նչ է անում. մի հատ պարարտանյութ ա տալիս, ու էս տարի էլ ընտրություններին սալյարկա տվեց` էժան գներով` 7000 դրամով: 5 տարի առաջ էլի ընտրություն կար, ու էն ժամանակ էլի սալյարկա տվեցին: Այսինքն` ընտրությունից ընտրություն են տալիս սալյարկան: Գյուղնախարարն էլ գալիս ա, ստից բաներ ա խոստանում ու գնում ա` ոչ մի բան էլ չի անում»: ՀՀ Գյուղնախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանի գնահատմամբ` ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Կառավարությունը պետական բյուջեով ծրագիր է հաստատել` ազոտական պարարտանյութի ձեռքբերման մասին: Ընդ որում` սուբսիդիան ստանալու համար որեւէ մրցույթ չի անցկացվել, եւ գումարն էլ տրվել է մեկ ընկերության` «Կոտայքի բերրիություն» ԲԲԸ-ին: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 2-ին ՀՀ Կառավարության թիվ 88 որոշմամբ` հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» մասին է: Հիշեցնենք նաեւ, որ վերոգրյալ որոշումը ՀՀ Գյուղնախարարությանը գումար հատկացնելու եւ ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1802 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին էր, ավելի հստակ` Կառավարության` պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության հովանի կանգնելու մասին: Հիշյալ որոշման մեջ ասվում է. «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ներմուծված պարարտանյութի բեռնման եւ համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսական նախարարությանը 2012թ. առաջին եռամսյակում հատկացնել 163 մլն դրամ (որից 40մլն դրամը` պարարտանյութի բեռնման համար)` ՀՀ 2012թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»: Որոշման մեջ նշվում է նաեւ, որ հատկացվող գումարն` առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ, տրամադրել են «Կոտայքի բերրիություն» ԲԲԸ-ին: Այս ընկերությանը հանձնարարվել է ձեռք բերել 25.000 տոննա ազոտական պարարտանյութ, եւ 1 պարկի դիմաց վաճառքի գին սահմանել 6000 դրամը: Մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ «Կոտայքի բերրիություն» ընկերության ղեկավար Սամվել Քոչարյանից, ում հեռախոսը, սակայն, անհասանելի էր: Գ. Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է հիմք հանդիսացել Կառավարության կողմից նմանատիպ` ընդամենը մեկ ընկերությանը նման հնարավորություն ընձեռելու որոշում կայացնելու համար: Նա, ի պատասխան հարցի, պարզապես նշեց, թե դա պետական ծրագիր է, եւ կրկին մեջբերեց վերոնշյալ որոշումը: Ըստ զրուցակցիս` Հայաստանի պարարտանյութերի շուկայում հիմնականում գերիշխում է ազոտական պարարտանյութը, որը ֆոսֆորական կամ կալիումական պարարտանյութից ավելի մատչելի է: Հետեւաբար, դա է նաեւ պատճառը, որ գյուղացիների շրջանում ազոտական պարարտանյութի պահանջարկն ավելի մեծ է: Մեր այն հարցին, թե Գյուղնախարարության տվյալներով` ո՞րն ընկերություններն են զբաղվում պարարտանյութի ներկրմամբ, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին, որ ճիշտն ասեմ` չեմ կարող ասել կազմակերպությունների անուններ (խոսքը պարարտանյութ ներկրող ընկերությունների մասին է.- Մ.Մ.), թե ով է ներկրում, որովհետեւ էդպիսի վերլուծություն չունեմ ինձ մոտ»: Մեր հաջորդ հարցին, թե Գյուղնախարարությունը որեւէ վերլուծություն ունի՞, թե միակողմանի պարարտացումն ազոտական պարարտանյութով որքանո՞վ է արդյունավետ հողերի համար, եւ արդյո՞ք դա չի կարող հանգեցնել հողերի ուժասպառ լինելուն, նախարարության աշխատակիցը պատասխանեց. «Ձեր կարծիքը մի քիչ սխալ է, ես հիմա Ձեզ բացատրեմ, թե ինչու են ասում, որ միակողմանի ազոտական պարարտանյութ մի տվեք, այլ տվեք տարբեր պարարտանյութեր: Ամեն մի կոմպոնենտ բույսի մեջ պատասխանատու է ինչ-որ մի պրոցեսի համար: Ազոտական պարարտանյութ տալու դեպքում բույսն ավելի արագ է աճում, ավելի փարթամ է լինում, բայց երբ բույսի մեջ բացակայում են կալիումն ու ֆոսֆորը, ապա բույսը պակաս դիմացկուն է դառնում: Դրա համար խորհուրդ է տրվում բոլոր պարարտանյութերն օգտագործել: Իսկ թե գյուղացիներն ինչքանո՞վ են հետեւում այդ խորհրդին, դա արդեն հարցի մյուս կողմն է»:
Դեմքեր եւ թվեր
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով` 2012թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 4693տ պարարտանյութ, որի մաքսային արժեքը կազմել է 5մլն 588 հազար դոլար: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում` պարարտանյութերի ներկրումը կազմել է 3116 տ` շուրջ 3մլն մաքսային արժեքով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` այս տարվա մայիսի 10-ի տվյալներով` ոչ պարենային ապրանքների շուկայում` ազոտական պարարտանյութի ներկրմամբ գերիշխող դիրք ունեն «Քեթրին գրուպ» ընկերությունը (30% բաժնով), «Ագրիմատկո Արմենիա» (24% բաժնով) եւ «Մասիսի բերրիություն» (22% բաժնով) ՍՊ ընկերությունները, որոնք իրացման ծավալներով գրավում են պարարտանյութի շուկայի 76 տոկոսը: Ընդ որում` պարարտանյութ ներկրողների շրջանում հիմնականում շրջանառվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունները: Այս տարվա հունվարին ՏՄՊՊՀ-ն 10 մլն դրամով տուգանեց «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին` ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար: Հիշյալ ընկերությունը ազոտական պարարտանյութի վաճառքի գինը բարձրացրել էր 600 դրամով` այն դեպքում, երբ ապրանքի ինքնարժեքն ավելացել էր ընդամենը 200 դրամով: Ընկերությունը ապրանքի որոշ խմբաքանակներ 7000 դրամի փոխարեն իրացրել է 7600 դրամով: Մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ «Քեթրին գրուպից», սակայն մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին ընկերությունում: Մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ ստանալ միայն «Առողջ բույսեր» ՍՊԸ-ից, որը զբաղվում է կոմպլեքս պարարտանյութի ներկրմամբ, որը ներկրումը կատարում է Հոլանդիայից եւ Իսրայելից: Ի դեպ, այս պարարտանյութի բաղադրության մեջ կա եւ՛ կալիում, եւ՛ ֆոսֆոր, եւ՛ ազոտ: Կոմպլեքս պարարտանյութի 1 պարկը կամ 25 կգ-ն վաճառվում է 25.000 դրամով:
Փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաեւ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանից, ով, սակայն, ինչպես նշեց նրա քարտուղարուհին, մեկնել է Եվրոպա եւ այնտեղ է անցկացնելու ամբողջ ամառը:
«ՀՀ-ում այսօր տեղի է ունենում հողերի դեգրադացիա, բերրիության տեւական անկում»,- ասում է մասնագետը
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀԿԿ Կրասնոսելսկի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սերգեյ Նազինյանի խոսքով` վերջին 20-22 տարվա ընթացքում ՀՀ ներկրվել է հիմնականում ազոտական պարարտանյութ` տարեկան 50-60.000 տոննա քանակությամբ: «Այս թիվը սարսափելի քիչ է, որը կազմում է ընդհանուր պահանջարկի 10%-ը: Իսկ մյուս պարարտանյութերը ներկրվել են շատ քիչ քանակությամբ: Իսկ հիմնականում ազոտական պարարտանյութ են ներկրում, որովհետեւ բույսի ամենամեծ պահանջը ազոտական պարարտանյութի նկատմամբ է: Եթե ազոտ չլինի, ապա մյուս պարարտանյութերի օգտագործման դեպքում բերքը քիչ կլինի: Սակայն մյուս պարարտանյութերի պակասը խիստ անդրադառնում է բերքի որակի վրա, որն էլ իր հետեւանքներն է ունենում մարդու օրգանիզմի վրա»,- ասաց Ս. Նազինյանը: Նրա խոսքով` ազոտական պարարտանյութի միակողմանի օգտագործումը հանգեցնում է հողերի անապատացման: «Եվ հավատ չի ներշնչում այն, որ տարեկան 50-60 հազար տոննա միակողմանի ազոտական պարարտանյութեր հող մտցնելու պայմաններում հնարավոր է ապահովել բարձր բերքատվություն: Հայաստանում այսօր տեղի է ունենում հողերի դեգրադացիա, բերրիության տեւական անկում: Ընդ որում, բերրիության հիմնական ցուցանիշի` հումուսի քանակությունը որոշ տեղերում նվազ է 0,7-0,9%-ի չափով: Մեզ բոլորիս կերակրողի` հողի ուժասպառ լինելու պատճառների եւ հետեւանքների մասին պետք է շատ արագ մտածել, խնդրին լուծում տալ: Վիճակն անտանելի է: Այսօր գյուղերում հսկայական արտագաղթի ալիք է բարձրացել: Գյուղացիները թողնում-հեռանում են երկրից` իրենց թափած ջանքերի արդյունքում բերք չստանալու պատճառով: Կարծում եմ` ավելի սարսափելի երեւույթ, քանի գյուղերից արտագաղթն է` չկա, եւ ավելի սարսափելի է այն, որ արտագաղթը մեծամասամբ սահմանամերձ գյուղերից է»,- մեր նախորդ զրույցներից մեկում ասել էր Ս. Նազինյանը: Նրա կարծիքով` վաղ թե ուշ աշխարհում պարարտանյութերի ճգնաժամի հետեւանքով անհնարին է դառնալու պարարտանյութ ներկրելը, եւ յուրաքանչյուր երկիր պետք է նախաձեռնի պարարտանյութերի արտադրություն: Դա, ըստ Ս. Նազինյանի, միայն ֆինանսների հետ է կապված: Մինչդեռ ՀՀ կառավարությունն ու դրա համապատասխան գերատեսչությունները որեւէ պատասխան չունեն այս հարցին, փոխարենը` զբաղվում են «արջի» ծառայություն մատուցելով: