Գյուղմթերքների գների անկումը խուճապահար է արել գյուղացուն
Վաճառասեղաններին օրեցօր շատացող գրավիչ և համեղ պտուղ-բանջարեղենի տեսականին իր հաստատուն տեղն է գրավում մեր սառնարաններում: Մինչ մենք ամեն օր կանոնավոր օգտվում ենք գյուղատնտեսական բարիքներից, գյուղացին մտածում է` ինչպես իրացնել իր ապրանքը: Խնդիրն այն չէ, թե արտադրվող գյուղմթերքները չափից շատ են հայաստանյան շուկայում իրացվելու համար: Գյուղացիներն անհանգստացած են: <<Չկան սպառողներ: Փակվել են մանր վաճառակետերը, մնացել են միայն մեծ շուկաներն ու սուպերմարկետները>>,- մեզ հետ զրույցում ներկայացնում են գյուղացիները:
Եթե նախորդ տարիներին մանր առևտրով զբաղվող անհատները փոխում էին շուկայի գինը, ապա այս տարի նրանց բացակայության պայմաններում գնողունակությունը պակասել է: Ստացվում է, գյուղացին չի կարողանում վաճառել առանց այն էլ քիչ բերքը:
<<Այսօր լոբին Մալաթիայի տոնավաճառում արժեր 40 դրամ, մինչդեռ նախորդ տարիներին այս սեզոնի համար նման գին չենք ունեցել>>,- ասում է անհատ ձեռներեց, ֆերմեր Արայիկ Ղարիբյանը:
Տարվա անբարենպաստությունը համապատասխան մարմիններն այլ կերպ են մեկնաբանում: Ըստ մեկնաբանության, գների անկումը բնական և սեզոնային է:
Մինչ պատկան մարմինները ոչ մի արտասովոր բան չեն տեսնում այսօրվա գյուղմթերքի գների մեջ, գյուղացիները շտապում են հաշվել իրենց սեզոնային շահույթը:
Ներկայացնելով գարնանից կատարած ծախսերի և առևտրից ստացած եկամտի ցուցակը, գյուղացիներից շատերը վստահ պնդում են, որ այս տարվա բերքի վաճառքից ստացված գումարով անգամ դրա վրա կատարված ծախսը չեն կարող ետ բերել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարարտանյութը այս տարի գնվել է 1.5 անգամ նախորդ տարվա գնից թանկ, հասկանալի է դառնում, որ նման պայմաններում և նման շուկայական հարաբերություններից ելնելով` շահույթ ակնկալելն ավելորդ է:
Այս պարագայում ավելին քան տեղին է հիշել մեծ բանաստեղծի խոսքերը. “Մի կտոր հաց, էն էլ հրե~ն հա` երկնքից կախված”: