Սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են հիվանդացության և մահացության ցուցանիշներով

Հիվանդացության և մահացության ցուցանիշներով սիրտ-անոթային հիվանդությունները գտնվում են առաջին տեղում: Աշխարհում տարեկան 17 մլն մարդ մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարա;րության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը` ավելացնելով, որ Հայաստանում նույ ն միտումներն են նկատվում:

«Հայաստանում ևս հիվանդացության և մահացության ցուցանիշներով սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են: Տարեկան 55 հազար մարդու մոտ առաջին անգամ արձանագրվում է սիրտ-անոթային հիվանդություն: Մասնագետները նշում են, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է հիվանդացության և մահացության ցուցանիշները նվազեցնել»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Այսօր Առողջապահության նախարարությունը միջազգային միտումներին համահունչ Հայաստանում իրականացնում է մի շարք միջոցառումներ` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը: Կանխարգելման աշխատանքներում առաջին տեղում առողջ ապրելակերպի տարածումն է:

«Առողջ ապրելակերպ ասելով` նկատի ունենք նախ ռիսկի գործոնի նվազեցում: Դա ամենօրյա ծխախոտի օգտագործումն է, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, զարկերակային բարձր ճնշում ունենալը և այլն: Եթե կարողանանք այս ուղղություններով հաջողություններ գրանցել, ապա սիրտ-անոթային հիվանդությունները կկանխվեն»,-ավելացրեց Ծաղիկ Վարդանյանը:

Ներկայացնելով վերջին տասը տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների դինամիկան` Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշները վատթարացել են: 1999 թվականից այս կողմ 1.7 անգամ ավելացել է սիրտ-անոթային հիվանդությունների մահացության ցուցանիշը, 2.2 անգամ` հիվանդացության: Սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրներ կան երեխաների մոտ: Մինչև 18 տարեկան երեխաների շրջանում տարվա ընթացքում 250-300 սրտի վիրահատություն է կատարվում: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ամեն դեպքում վերջին 2 տարվա ընթացքում այդ ցուցանիշների վատթարացման միտումը, կարծես, կանգ է առել:

Ծաղիկ Վարդանյանը կարևորեց առաջնային օղակում իրականացրած աշխատանքները, սկրինինգային ծրագրերը: Նա նկատեց, որ առողջ ապրելակերպի մշակույթը կամաց-կամաց մտնում է մեր կենցաղ:

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է: Այս տարի այն նշվում է «Սիրտը կյանքի համար է» կարգախոսով: Աշխարհի 100-ից ավելի երկրներ միացել են այս կարգախոսին: Այս օրը ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրվում է սիրտ անոթային հիվանդությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս