«Փորձում ենք զարկերակին լինենք… որ արձագանքենք…». Ռուբեն Ջաղինյանը փորձում է բացատրել «Ամենակարող երգիչ» հաղորդաշարի իմաստը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել էր Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, որը ֆինանսավորվում է հարկատուներիս միջոցներով:

Հեռուստաընկերության ղեկավարների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ: Այս մասին մենք կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լուսանկարներով տեսնում ենք՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը երկրի ղեկավարին նույնիսկ ցույց է տվել հաղորդավարների համար նախատեսված դիմահարդարման սենյակը՝ բնական ծաղկով զարդարված:  Հիշեցնենք, որ  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի շենք-շինությունների հիմնանորոգման համար 2016թ. բյուջեով հատկացվել էր 208 մլն դրամ: 2014թ.-ին նույն նպատակով հատկացվել էր՝ 220 մլն, իսկ 2015-ին՝ 135 մլն դրամ:

2014, 2015 և 2016 թվականների պետական բյուջեներով Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գծով նախատեսված ծախսային ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 14,423,373, 8 հազար դրամ:

Կարդացեք նաև

Պատահական չէ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ այցելած ՀՀ նախագահին ընկերության ղեկավարությունը ցույց է տվել հենց վերանորոգման աշխատանքների արդյունքները, քանի որ տարիներ շարունակ ՀՀ պետական բյուջեի քննարկումների ժամանակ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման, բյուջեի հատկացման հարցը լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել: Արդեն զավեշտի էին հասնում բյուջեի քննարկումները, երբ Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները նման բյուջեի ծավալները բացատրում էին  շինարարական, վերանորոգչական աշխատանքներով կամ տեխնիկական վերազինմամբ:

Ի դեպ, այս տարվա մարտին էլ ՀՀ կառավարությունը 132 մլն 601 հազար դրամ հատկացրեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ ավելացված արժեքի հարկի վճարման գծով առաջացած պարտավորությունների կատարման համար:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գործադիրի նիստում այդ կապակցությամբ նշել էր, որ 2013 թվականին որոշում էր կայացվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2014-ի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը: Ընդունված որոշմամբ սահմանվել էր նաև, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» հատկացված գումարի մասով ազատվում է 2016 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ 2017 թվականի պետական բյուջե շահութաբաժնի վճարումից:

Ինչևէ, սա՝ այն մասին, թե ինչո՞ւ էր Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը Ս. Սարգսյանին ցույց տալիս շենքի հատվածային «ռեմոնտը»:

serj-sargsyan-h1-11

Երեկ նույն այցի շրջանակներում նաև անդրադարձ է եղել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության տարբեր շրջանակների սուր զայրույթն է առաջացրել:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրառում էր կատարել, որով կոչ էր անում. «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:

Երգչուհուն, ինչպես նաև մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին զայրացրել է քաղաքացիներիս՝ պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող երաժշտական նոր նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»:

Նախագծի առաջին եթերից անմիջապես հետո լրատվամիջոցները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից փորձեցին պարզաբանումներ ստանալ:  Ռ. Ջաղինյանը հրաժարվում էր մեկնաբանել: 168.am-ը, ի վերջո, կապ հաստատեց նրա հետ, սակայն վերջինս տեղեկանալով, որ իր զրուցակիցը  լրատվամիջոցի ներկայացուցիչ է, կտրուկ պատասխանել էր. «Ես չեմ կարող խոսել, ձեզ կարող եմ փոխանցել հեռախոսահամար, որով կարող եք ինֆորմացիա ստանալ»: Հեռախոսահամար, իհարկե, չփոխանցվեց: Փոխարենը երեկ՝ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում, Ռ. Ջաղինյանը փորձեց իրեն հատուկ «հայերենով» բացատրել, թե ինչ նախագիծ է ու թե ինչո՞ւ է այն զայրացրել հասարակության լայն շերտերին:

Ներկայացնում ենք երկխոսությունը բառացի, իսկ ստորև ներկայացված է նաև տեսանյութը.

Ռուբեն Ջաղինյան.- Էս վերջի ծրագիրը, ի դեպ, որ ցույց տվեցին՝ «Ամենակարողը», էս վերջերս հասարակության մեջ մեծ աղմուկ էր բարձրացել, որովհետև ըըը… դե, իրա մտածվածը ոնց ա՞ որ ամեն օր, որը շաբաթը մեկ գնում ա, իրանք տարբեր երաժշտություններ պետք ա երգեն, ստացվել էր,  որ հենց  ընգել էր էդ երաժշտության վրա, որ 6/8 այսպես կոչեցյալ, տենց հասարակական,  ոնց ա կարելի  էդ ձևի երաժշտություն եք տալիս, բայց եթե դուք անգամ տեսաք, արդեն ժողովրդական, մյուսը արդեն իրանք  ժողովրդական  երգ են երգելու, հետո կլասիկա են երգելու, ջազ… Փորձում ենք, իհարկե, զարկերակին լինենք, որ արձագանքենք:

Սերժ Սարգսյան.- Տես, կարելի ա մինչև հաղորդումը տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել՝ տեսնել, թե լսարանին ի՞նչ է հետաքրքրում: Իրենց հետ խորհրդակցելը, կարծում եմ, օգտակար կլինի ուղղակի: Փոխադարձ կապ պետք է լինի,  հանրությունը պիտի ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա: Առաջ հակառակն էր՝ միշտ լրատվամիջոցներն  էին փորձում ազդել հասարակության վրա, հիմա նաև  հակառակ պրոցեսն ա գնում, էդ պրոցեսից չպետք ա վախենանք:

Ռուբեն Ջաղինյան.- Այո, ճիշտն ասած, մենք… ընդհանրապես էս ժամանակահատվածում… շաբաթ, կիրակի միշտ մեր մոտ կլասիկայի ժամեր կան, լավ համերգներ ենք ջազային ցույց տալիս, հետևում ենք եթերին, ու  փորձ կա, մենք  հանդիպումներ կա… երևի ավելի հաճախ ա պետք շփվել, որ ավելի ճիշտ քթնել այդ զարկերակը երևի…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս