Բաժիններ՝

««Գազպրոմը» կարող է շահագրգռված լինել այդ յուղոտ ակտիվը ձեռք բերելու առումով». Աշոտ Եղիազարյանը՝ Երևան ՋԷԿ-ի առեղծվածային պարտքի գոյացման մասին

Ռուսական «Գազպրոմին» ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան ՋԷԿ-ի առեղծվածային պարտքի գոյացման մասին պարզաբանում ՀՀ կառավարությունն այդպես էլ մինչ օրս չի ներկայացրել: Գազաբաշխիչ գազատարների հերթական խմբաքանակի հաշվին այդ պարտքը 52.3 միլիոն դոլարից նվազեցվեց մինչև 33.8 միլիոն դոլար: Երևան ՋԷԿ-ը Հայաստանում ամենաարդյունավետ, տեխնոլոգիապես արդիականացված էներգետիկ կառույցն է, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժաններից է մեր երկրում:

Դրա արդիականացման համար 2005թ.-ին Ճապոնիան 26.4 մլրդ դրամ  արտոնյալ վարկ էր տրամադրել Հայաստանին, որի արտոնյալ ժամկետն ավարտվել է 2015թ.-ին: ՋԷԿ-ն Իրանի հետ «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» գործարքի մասնակից է: Եվ տարօրինակ է, որ Էներգետիկայի նախարարությունը խոսում է «Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման, և ոչ թե՝ շահույթների մասին: Ու թեև նախարարությունը հերքում է, թե ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ-Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը, անկախ փորձագետների մոտ կասկածներն ամբողջությամբ չեն փարատվում։

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ համապատասխան մարմինները պետք է թափանցիկություն ապահովեն և ներկայացնեն պարտքի կառուցվածքը, քանի որ պարտքերն առաջացել են «Քիմպրոմի», «Նաիրիտի» հետ կապված, այսինքն՝ նրանց փոխարեն վճարել է Երևան ՋԷԿ-ը, որին պետք է բացատրություն տրվի.

«Ընդհանրապես, «Քիմպրոմի» ու «Նաիրիտի» հետ մութ գործարքներ շատ են եղել, և գոնե այսօր թափանցիկություն պետք է ապահովվի, նոր դրանից հետո պարզ կլինի: Ենթադրվում է, որ այս երկու ձեռնարկություններն են պարտք եղել «Գազպրոմին» գազի դիմաց և այդ պարտավորությունն իր վրա վերցրել է Երևան ՋԷԿ-ը: Ամեն ինչ կարելի է ասել, որ կիրառվել են քաղաքական, տնտեսական, կոռուպցիոն սխեմաներ, որովհետև «Քիմպրոմի» ու «Նաիրիտի» հետ կապված պատմությունները շատ մութ են՝ օֆշորային ընկերություններ, դրանց բաժնետոմսերի ձեռքից ձեռք անցնել, վարկեր, որ վերցվել են դրանց անունով, և այլն, այնպիսի գործարքներ են արվել, որ օրինականության խախտման ռիսկեր հաստատ առկա են: Այս շղթան պետք է բացվի, բայց մինչև հիմա մենք չենք լսել որևէ հայտարարություն, բացատրություն, որ պարզաբանում մտցվի այս հարցի մեջ: Եթե մինչև հիմա դա չի արվել, ապա նշանակում է, որ սկանդալային պահեր շատ կան, և մի ամբողջ ուսումնասիրություն է պահանջվում»:

Ըստ նրա՝ արդեն սովորել ենք, որ նման պայմաններում ռուսական «Գազպրոմը» թելադրում է իր պայմանները, և չի բացառվում, որ Երևանի ՋԷԿ-ն ի վերջո անցնի «Գազպրոմին»:

«Ես ուղղակի ափսոսում եմ, որովհետև դա միակ պետական ակտիվն է, որ արդյունավետ է, ժամանակակից տեխնոլոգիա է կիրառվում, որի արդյունքում էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան, օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ում: Իհարկե, պետք է թույլ չտալ, որ այդ ակտիվն անցնի «Գազպրոմին», քանի որ միլիոնավոր դոլարների ծախս է արվել վարկերի ու պետական բյուջեի հաշվին: Այս պահին չեմ կարծում, որ հիմքեր կան հանձնելու համար, բայց մեր դառը փորձը ցույց է տալիս, որ, այո, ռուսական էներգետիկ ընկերությունները միշտ էլ այդպիսի ձգտումներ ունեցել են: Էներգետիկ ոլորտում այսօր այլ արդյունավետ ու գրավիչ ակտիվներ չկան: Ի դեպ, այդ բարտերային գործարքում նախկինում շահագրգռված էր նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Անդրադառնալով «Գազպրոմի» հնարավոր շահագրգռվածությանը՝ Ա.Եղիազարյանը նշեց, որ ռուսական հսկայի համար պրոֆիլային բիզնես է ոչ միայն գազի ներկրումն ու բաշխումը, այլ նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը, որովհետև Հրազդանի 5-րդ էներգաբլոկը նույնպես «Գազպրոմի» սեփականությունն է, և դա նույնպես բարտերային գործարքի շրջանակներում է աշխատում, այսինքն՝ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց, բայց 5-րդ էներգաբլոկն ունի որոշակի տեխնիկական խնդիրներ, և արտադրանքը թանկ է ստացվում, իսկ Երևան ՋԷԿ-ի տեխնոլոգիան էժան է և որոշակիորեն ավելի մեծ շահույթներ ապահովելու հնարավորություն է տալիս. «Հատկապես հաշվի առնելով, որ «Գազպրոմի» գործունեությունն էլ Հայաստանում աստիճանաբար ավելի շատ խնդրահարույց է դառնում՝ տրանզիտը Վրաստանի տարածքով և այլն, դա հնարավոր տարբերակ է, որ «Գազպրոմը» կարող է շահագրգռված լինել այդ յուղոտ ակտիվը ձեռք բերելու առումով: Եթե նկատի ունենանք, որ իրանական կողմն էլ հայտարարել է, որ գազի առաքումը կարող է ավելացնել «գազ՝ էլեկտրաէներգիա» գործարքի շրջանակներում, այստեղ կա որոշակի շահագրգռվածություն: Բայց, այնուամենայնիվ, 100%-ով չի կարելի պնդել, որ դա է պատճառը: Համոզված եմ, որ «Նաիրիտի» ու «Քիմպրոմի» հետ է ավելի շատ կապված, որ պատասխանատուները չեն ուզում ներկայացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս