«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է». ԼՂ պաշտպանության նախարար

ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ծավալուն հարցազրույց է տվել REGNUM գործակալությանը՝ կարծիք հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է:

Լրագրողի հարցին՝ ո՞րն էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում այդքան մեծ զոհերի թվի և տարածքային կորստի պատճառը, և արդյո՞ք դա եղել է հետախուզության ձախողումը, ԼՂ պաշտպանության նախարարը ասել է հետևյալը. «Իսկ ո՞վ է ասել, թե կորուստները մեծ են: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք ցանկացած կորուստ անթույլատրելի ենք համարում, սակայն ռազմական գործողությունները հենց դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են թե՛ անձնակազմի, թե՛ նյութական կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե կորուստը շատ է եղել կամ կամ քիչ, և ընդհանրապես նման գնահատականներ տալ չի կարելի: Ընդհանրապես ԶԼՄ-ների համար սովորական դարձած՝ զոհերի մասին թվերը հաճախ չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, ապա նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա՝ հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են անսպասելիության գործոնն ու էլիտար բանակային ստորաբաժանումներ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ  ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացավ, որ իր հետագա հարձակողական բոլոր գործողությունները կձախողվեն»:

Ինչ վերաբերում է հետախուզությանը, ապա Լևոն Մնացականյանն ասել է, թե «մենք օգտագործել ենք հետախուզության մեզ հասանելի բոլոր միջոցներն ու որոշ տեղեկություններ ունեցել ենք հակառակորդի գործողությունների մասին ու ձեռնարկել որոշ նախապատրաստական միջոցառումներ»:

Կարդացեք նաև

«Այդ պատճառով չի կարելի ձախողված համարել հետախուզության գործողությունները: Այդուհանդերձ, մենք չգիտեինք, թե հարձակման մասշտաբը այդպիսին է լինելու: Այդ առումով որոշ բացթողումներ առկա են: Մենք չէինք սպասում հարված շփման գծի ողջ երկայնքով: Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա իրականում չազդեց ԼՂ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ իրագործել առաջնագծում իրենց վրա դրված խնդիրները:

Իհարկե, լավ կլիներ, որ այդ դիրքերը չկորցնեինք: Այդուհանդերձ, այն կարճ ժամանակում, որ եղել է մինչ հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այդուհանդերձ, չեմ համարում այդ աննշան կորուստներն անվերադարձ, և ես վստահ եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք վերադարձնել մեր կորցրած դիրքերը»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե քառօրյայից առաջ և հետո մեծ ուշադրություն է դարձվել գիշերը ռազմական գործողություններ վարելու համար տեսանելիության անբավարար միջոցներին` ջերմադիտակներին և գիշերային լուսարձակներին, նախարարը պատասխանել է, թե ռազմական գործողությունների առաջին օրը հակառակորդի հաջող գործողությունները կապված են եղել նրա զինանոցում գտնվող բոլոր միջոցների լայն կիրառության հետ:

«Օրինակ` ադրբեջանական զորքերի թիվը տասն անգամ գերազանցել է մեր թվաքանակը այն վայրերում, որտեղ հարձակում է ձեռնարկվել: Այն բանից հետո, երբ ԼՂ պաշտպանության բանակը սկսեց գործածել իր մոտ գտնվող ուժերն ու սպառազինությունները, հարձակվողներն այլևս հաջողություն չեն ունեցել, և դրանում մեծ դեր են կատարել գիշերային տեսանելիության սարքերը:

Իհարկե, հետագայում մենք զգալիորեն ընդլայնել ենք մեր հնարավորությունները բոլոր ուղղություններով, այդ թվում` բարձրտեխնոլոգիական դիտման սարքերով»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է հայկական անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) իսրայելական արտադրության սարքերի հետ համեմատելուն, ապա Լևոն Մնացականյանը նշել է, թե այն ԱԹՍ-ները, որոնք հայկական կողմը օգտագործել է հետախուզության համար, ցույց են տվել իրենց արդյունավետությունը` բոլոր խնդիրները կյանքի են կոչվել:

«Վստահ եմ, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հակառակորդի ոչնչացված ԱԹՍ-ների տոկոսը զգալիորեն կավելանա»,- ասել է նա:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից խոցված 14 տանկերի առնչությամբ ԼՂ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ մեզ հաջողվել է շարք վերադարձնել 6 տանկ, իսկ 8-ը անվերադարձ կորցրել ենք:

Ապրիլյան պատերազմից հետո Սփյուռքի օգնությամբ հավաքված 8 միլիոն դոլարի օգտագործման մասին հարցին էլ նախարարը պատասխանել է, որ այսօր մեր զինված ուժերը ստանում են այնքան քանակությամբ միջոցներ, որը նրանց անհրաժեշտ է:

Նրա խոսքով`  մեծ քանակի աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով, և այդ գործընթացը շարունակվում է:

«Դա վերաբերում է և՛ ուսուցմանը, և՛ տեխնիկական հագեցվածության բարելավմանը, և՛ նոր սպառազինությունների ձեռք բերմանը: Այդ ամենի համար ունենք նյութական միջոցներ, և դրանք ներդրվում են: Ավելին, մենք ներդնում ենք զգալիորեն ավելի շատ գումար, քան դուք մատնանշեցիք ձեր հարցում»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Սփյուռքի մեր հայրենակիցներին, ապա, ըստ նախարարի, նրանց օգնությունը «դրականորեն է ազդել մեր հնարավորությունների վրա:

Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը պատերազմի ժամանակ սպառնում էր հարված հասցնել Ստեփանակերտին «Սմերչի» օգնությամբ, Լևոն Մնացականյանը պատասխանել է՝ եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: «Իսկ թե ինչ միջոցառումներ՝ թող դա նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- հավելել է նախարարը:

Հարցին, թե ինչպես է նա դիտարկում Լեռնային Ղարաբաղում ռազմական ակտիվ գործողությունների վերսկսումը, Լևոն Մնացականյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն միշտ առկա է, ավելին՝ այն մեծ է: Հակառակորդի այսօրվա պահվածքը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից:

Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները: Այդուհանդերձ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն է ունեցել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում ասում էին, որ կհաղթանակեն երեք օրում, այժմ այդպիսի հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»,- եզրափակել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս