«Եթե այդպես լիներ, վաղուց Ադրբեջանը հարձակված կլիներ»

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

– ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վիեննայում ստորագրված փաստաթուղթը կլիներ ոչ թե՝ եռակողմ, այլ՝ հնգակողմ, եթե Ադրբեջանը համաձայներ ստորագրել այն, բայց, քանի որ Ադրբեջանը դեմ է եղել, ՀՀ-ն էլ չի ստորագրել։ Այդ հանդիպումը ներկայացվում էր՝ որպես հայկական կողմի հաղթանակ։ Ըստ Ձեզ՝ հաղթանա՞կ էր, այսօր մեր դիրքն ինչպիսի՞ն է։

– Կարծում եմ՝ նվազագույն խնդիրը լուծվեց, բայց կարգավորման ընդհանուր գործընթացի առումով դեռ վաղ է գնահատականներ տալ։ Նվազագույնն այն է, որ այս վերջին իրադարձությունները ստիպեցին, որ մենք հստակ դնենք այն հարցը, որ աննորմալ է այսպես շարունակել, մի կողմից՝ պատրանք ստեղծել, թե իբր բանակցություններ են տեղի ունենում, բայց մյուս կողմից՝ պատերազմն ընթանա։ Սա, բնականաբար, չի կարող որևէ խաղաղ կարգավորման տրամաբանության մեջ տեղավորվել։ Դրանք անհամատեղելի էին մինչև հիմա, իսկ այժմ պետք է դա բերել-հասցնել նրան, որ կա՛մ բանակցում ենք, կա՛մ պատերազմում, ուրիշ տարբերակ չկա։ Կարծում եմ՝ հայկական կողմի դրած շեշտադրումները շատ ճիշտ էին։

Առաջին 2 ձեռքբերումները ես համարում եմ աննախադեպ, որ մինչև հիմա հնարավոր չէր լինում պարտադրել Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմների ներդրում և ԵԱՀԿ գործող ներկայացուցչի թիմի ընդլայնում, որը վերահսկում է հրադադարի ռեժիմը։ Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մի լուրջ տեղաշարժ այդ առումով տեղի է ունեցել նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտ, որ իրենք էլ պետք է գիտակցեն, որ չի կարելի Ադրբեջանին տալ հնարավորություն, որ խոսի, թե կողմ է խաղաղ բանակցությունների, բայց միևնույն ժամանակ՝ լայնածավալ պատերազմ հրահրի և իրականացնի։ Կարծում եմ՝ սա նվազագույն անհրաժեշտն էր, որ պետք էր վաղուց կատարել, բայց ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։

Ես սա եմ համարում, որ կարելի է որպես ձեռքբերում ամրագրել։ Այն, որ հունիսին նախատեսված հանդիպումը պայմանավորված է նաև նրանով, որ հրադադարի ռեժիմն ամբողջությամբ կամ լիարժեքորեն պահպանվի, ժամանակը ցույց կտա, բայց ժամանակ էլ շատ չի մնացել, հունիսը մոտ է։ Ես վստահ եմ, որ մեր կողմը պետք է անպայման պնդի դրա վրա։

Եվ ամենակարևորը՝ սա չի կարելի դիտել բանակցություններ, որովհետև բանակցությունները լիարժեք կարող են լինել, երբ մասնակցում են հակամարտության բոլոր կողմերը։ Այդպես է միջազգայնորեն ընդունված պրակտիկան։ Իսկ այստեղ բանակցությունների կարևոր կողմը՝ Ղարաբաղը, ընդգրկված չէ։ Այսինքն՝ սա կարելի է անվանել բանակցությունների նախապատրաստություն, բայց ոչ երբեք՝ բանակցություններ։

– Էդվարդ Նալբանդյանը փակագծեր է բացել՝ ասելով, թե Վիեննայում ի պահ տրված բոլոր փաստաթղթերում Ղարաբաղը՝ որպես կողմ, նշված է եղել։ Բայց արդյոք դա բավարա՞ր է։

– Այդ փաստաթղթերը կարևոր են, որպեսզի դրանց հիման վրա ինչ-որ ձևաչափ ձևավորվի։ Կարծում եմ՝ առաջին կարևոր քայլն այն է, որ վերահաստատվել են 94-95 թթ. հրադադարի ռեժիմը հաստատող պայմանագրերը, քանի որ դրանք եռակողմ են եղել։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ լավ հիմք է ստեղծված, որպեսզի այդ ձևաչափը նորից հաստատվի։ Կարելի է ասել, որ այդ ձևաչափը 94-95թթ.-ից հետո չի գործել։ Եվ ուրեմն հիմա դա դարձնել գլխավոր պահանջներից մեկը, կարծում եմ՝ մեր դիվանագիտության գլխավոր խնդիրներից մեկն է։

– Ի՞նչ կարելի է սպասել հունիսին նախատեսված նախագահների հանդիպումից։

– Ես, ճիշտն ասած, Ադրբեջանից լուրջ բան չեմ սպասում, քանի այն արկածախնդիր ռեժիմն է գործում Ադրբեջանում, որ մենք տեսնում ենք։ Այսինքն՝ ուղղակի արհամարհելով միջազգային չափանիշները, որևէ ձևով չտեղավորվելով այդ պահանջների մեջ, Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ բոլոր այն պարտավորությունների վրա, որ ձեռք է բերել այդ նույն կազմակերպությունների առաջ, և գլխավորը դրանցից՝ ուժը չկիրառել, պատերազմի միջոցով հարցեր չլուծել, և այլն։ Ընդհակառակը՝ ամեն տեղ հպարտանում է իր այդ հնարավորություններով։ Հիմնական մեր մտահոգությունն այն է, թե արդյոք Ադրբեջանը կփոխի՞ իր մոտեցումները և կդառնա՞ բանակցելի։ Դրա համար նա նախ՝ պետք է ընդունի բանակցության բոլոր կողմերին, ընդունի իր պարտավորությունները՝ հարգելու հիմնական սկզբունքը, ընդունի, որ կարգավորման գործընթացը ոչ թե՝ միայն հետևանքների վերացման ուղղությամբ, այլ՝ պատճառների վերացման ուղղությամբ պետք է գնա, որոնք ծնել են այս հակամարտությունը, և առաջնայնություն տա Ղարաբաղի կարգավիճակի խնդրին։ Եթե այս ամենն ընդունում է, հիմք է առաջանում բանակցություններ վարելու։ Եթե դրանցից որևէ մեկը խախտվում է, որը մենք մինչև հիմա տեսել ենք, լուրջ բան ակնկալել չես կարող այդ կողմից։

– Ադրբեջանը մինչ այս չի ընդունել այդ ամենը և իրեն հզոր է զգում ՌԴ-ի շնորհիվ։ ՌԴ-ն, առնվազն գործողություններով, Ադրբեջանի թիկունքին է կանգնած, և որոշ վերլուծաբաններ նշում են, որ սա ընդամենը ժամանակ ձգձգելու միտում ունի՝ նոր, ավելի լայնածավալ պատերազմի պատրաստվելու համար։

– Նախ՝ ես այդպես կատեգորիկ չէի նշի, որ ՌԴ-ն Ադրբեջանի թիկունքին է կանգնած։ Այդ հաստատումը ճիշտ չէ, եթե այդպես լիներ, վաղուց Ադրբեջանը հարձակված կլիներ և չէր սպասի որևէ այլ բանի։ Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև Ադրբեջանը միշտ հարձակվում է, երբ իրեն թվում է, թե կարող է հաջողության հասնել։ Նույնն էլ նաև այդ բլից-կրիգի նախաձեռնության ժամանակ էր։

– Ամեն դեպքում, հայկական ուժերի հակահարձակումը հենց Ռուսաստանը կասեցրեց։

– Կասեցրեց Ադրբեջանի խնդրանքով, որպեսզի պատերազմն ավելի լայնամասշտաբ բնույթ չընդունի։ Կարծում եմ, որ սա մեր կողմից նույնպես պետք է օգտագործվի՝ որպես բարի կամքի դրսևորում, և այն, ինչ մինչև հիմա Ադրբեջանն էր ներկայացնում, թե պատերազմ չի ուզում, խաղաղություն է պարգևում հակառակ կողմին՝ որպես բարի կամքի դրսևորում, այդ իրավիճակից մենք պետք է դուրս գանք, Ադրբեջանը պետք է շատ լավ հասկանա, որ խաղաղությունը բոլորին է պետք, և դա որևէ մեկի կողմից նվեր չէ մյուսին։

Եվ բնական է, հենց այդ տրամաբանությամբ ինքը պետք է հասկանա նաև, որ պատերազմը լավ բան չի բերելու որևէ կողմին, և մեծ հավանականություն կա, նաև վերջին դեպքերը ցույց տվեցին, որ, եթե մինչ այժմ Ադրբեջանը խոսում է տարածքի 20% կորստի մասին, ապա նոր պատերազմի արդյունքում, որ արկածախնդրորեն այդ ռեժիմը փորձի սանձազերծել, կարող է խոսել արդեն 40% կորստի մասին։

Միշտ պետք է նկատի ունենալ, որ երբեք պատերազմի միջոցով հարցերի լուծումը պետք չէ դիտել՝ որպես սեփական դիրքերն ամրացնելու ամենակարևոր և միակ միջոցը, որովհետև աշխարհը բոլորովին այլ կարգավիճակում է այսօր, բոլորովին այլ խնդիրներ են այսօր գերտերությունների օրակարգում դրված, և չեմ կարծում, որ, եթե Ադրբեջանը նորից փորձի արկածախնդրորեն այս հարցին մոտենալ, կհաջողի։ Վստահ եմ, որ նույն հաստատումները, որ կատարվել են, կատարվել են համանախագահ երեք կողմերի փոխհամաձայնության միջոցով։

Հակառակ պարագայում դա տեղի չէր ունենա։ Ուրեմն, այստեղ առանձնացնել մի երկրին և հակադրել մյուսներին, ճիշտ չէ։ ՄԽ համանախագահները մինչև հիմա, կարծում եմ, մնում են միակ ընդունելի ձևաչափը, որը պետք է շարունակել, և այդ ձևաչափը փոխելուն ուղղված որևէ քայլ նոր պատերազմի հիմքեր է ստեղծելու։ Սա այն է, ինչ վաղուց ուզում է Ադրբեջանը։

Տեսանյութեր

Լրահոս