Բաժիններ՝

Մաքսային հսկողությունը շրջանցելու միջոցով ՀՀ ապրանքների ներմուծումը չի դիտարկվի մաքսանենգություն և չի պատժվի

Այսօր ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում հարկային և մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական և վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման և դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում և հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչպես նաև կպարզեցվեն և կհստակեցվեն հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող անկյունաքարային մոտեցումներից մեկը քրեական օրենսդրությունուվ նախատեսված մաքսանենգություն հոդվածի ապաքրեականացումն է՝ ՀՀ ներմուծվող ապրանքների մասով:

«Դա նշանակում է, որ այս փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը կատարվել է մաքսային հսկողությունը շրջանցելով կամ որի մասով ներկայացված մաքսային հայտարարագրերում առկա են ոչ ճշգրիտ տեղեկություններ՝ չի դիտարկվելու մաքսանենգություն և չի կիրառվելու քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը:

Կարդացեք նաև

Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները: Ինչպես նաև քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ՝ մաքսային արժեքի 100 տոկոսի չափով:

Այնուհետև, եթե դրանից հետո տնտեսավարող սուբյեկտները չեն փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, ապա արդեն նոր միայն կիրառելի կլինի «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածն այնպես, ինչպես դա կիրառելի է հարկերի չվճարման պարագայում»,- ասել է Վ. Միրումյանը՝ հավելելով, որ ապաքրեականացումը չի վերաբերում, մասնավորապես՝ թմրանյութերի, զենք-զինամթերքի, ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև կանխիկ դրամի սահմանաչափը գերազանցող ներմուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս