«Գուցե հենց այս անբարենպաստ տնտեսական միտումնե՞րն են Ալիևին դրդում սրել իրավիճակը Ղարաբաղում». Էմիլ Դանիելյան

«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Էմիլ Դանիելյանը Facebook-ի իր էջում, վերլուծելով Ադրբեջանի տնտեսության ներկայիս վիճակը՝ հետևյալ գրառումն է կատարել.

«Փաստորեն, Ադրբեջանի նավթային ու գազային եկամուտներն այս տարի կկազմեն մոտավորապես 5 միլիարդ դոլար: Նավթի գների անկմանը նախորդած «գյոզալ» տարիներին դրանք կազմում էին տարեկան 15-20 միլիարդ դոլար: Մոտակա տարիներին դրանք դժվար թե լրջորեն աճեն, նույնիսկ, եթե նավթը որոշ չափով թանկանա: Ըստ OPEC-ի կանխատեսումների՝ ադրբեջանական նավթի արտադրության ֆիզիկական ծավալը մինչև 2020 թվականը նվազելու է ևս 17 տոկոսով: Վերջին երկու տարիներին Ադրբեջանի ԿԲ-ի տարադրամային պահուստները կտրուկ կրճատվել են՝ 15 միլիարդ դոլարից հասնելով 4 միլիարդ դոլարի: Դա չհաշված՝ իրենց նավթային պետական հիմնադրամում պահվող մոտավորապես 33 միլիարդ դոլարը: Բայց այդ փողը հիմա կարծես թե բավական ինտենսիվ կերպով ծախսվում է մանաթի փոխարժեքի պահպանման վրա: Գուցե հենց այս անբարենպաստ տնտեսական միտումներն են Ալիևին դրդում սրել իրավիճակը Ղարաբաղում»:

Հիշեցնենք, որ report.az-ը հաշվետվություն է հրապարակել, որում նշված է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին ստացել է 1,538 մլրդ դոլար «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» նավթի հանքավայրերից և «Շահ-Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրից:

2001 թվականից մինչև 2016թ. մայիսի 1-ը «Ազերի-Չըրագ-Գյունեշլիից» ստացված եկամուտները կազմել են 118,502 միլիարդ դոլար, իսկ 2007-ից՝ «Շահ-Դենիզից»՝ 2,488 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս