Բաժիններ՝

Ապագայի կանխատեսում՝ ըստ Սթիվեն Հոքինգի

Սթիվեն Հոքինգը հայտնի է ոչ միայն՝ գիտական գրքերի հայտնի շարքերով, այլև նրանով, որ անընդհատ մարդկությանը տեղեկացնում է ապագայում սպասվելիք վտանգների մասին:

Նա զգուշանում է այլմոլորակայինների ակտիվությունից, նրանից, որ  արհեստական ինտելեկտը կարող է դուրս գալ վերահսկողությունից, աստերոիդների ընկնելուց և երկրային ռեսուրսների սպառումից:

Իր վերջին հարցազրույցներից մեկում նա խոսել է հատկապես արհեստական ինտելեկտի մասին:

–  Արհեստական ինտելեկտի կիրառումներն արդեն ապացուցել են իրենց օգտակարությունը: Բայց ես կարծում եմ, որ այս գաղափարի զարգացումները կարող են հանգեցնել մարդկության վերացմանը: Եթե մարդիկ կարողանան կիրառել արհեստական ինտելեկտը, ապա կսկսեն կտրուկ զարգացում ապրել: Իսկ մարդն էակ է, որ բավականին դանդաղ է ապրում իր էվոլյուցիան:

Կարդացեք նաև

Ես հստակ տեսնում եմ, որ մարդկությանը սպասվում են շատ վտանգներ: Մարդկանց կյանքն առաջին անգամը չէ, որ բախվում է վտանգների: Ապագայում նման դեպքերն ավելի կշատանան: Մենք պետք է շատ ուշադիր լինենք: Ես լավատես եմ: Եթե մենք կարողանանք դիմանալ ևս 2 հարյուրամյակ, ապա կստեղծենք մեր Տիեզերքը:

Եթե մենք երկրագնդի միակ բանական էակներն ենք, ապա պետք է ապահովենք սեփական գոյատևումը և զարգացումը: Մենք մուտք ենք գործում պատմության ամենավտանգավոր շրջան:  Մենք ակտիվորեն օգտագործում ենք երկրագնդի օրգանական ռեսուրսները՝ առանց ապագայի մասին մտածելու: Մեր փրկության միակ հնարավորությունը կլինի այն, որ մենք զարգացմանը միտված մեր քայլերը կենտրոնացնենք ոչ թե՝ Երկիր մոլորակի վրա, այլ՝ Տիեզերքում: Մենք Երկրում հասել ենք գոյատևման համար անհրաժեշտ զարգացմանը, բայց եթե ուզում ենք ապրել ևս 100 տարի, պետք է տարածվենք Տիեզերքում:

Ես վախենում եմ մեր ապագայի համար: Մեր մոլորակը՝ Երկիրը, վտանգի տակ է մարդկանց թվի ավելացման և ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Միշտ կա հավանականություն, որ Երկրին կբախվի աստերոիդ: Այդ ժամանակ ձեզ չի փրկի անգամ  Բրյուս Ուիլիսը: Մենք պետք է հաշվի առնենք ամեն բան և ունենանք հավելյալ ծրագիր: Եթե մեր տեսակն ուզում է գոյատևել, մենք պետք է տարածվենք Տիեզերքում և բացահայտենք նոր աշխարհներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս