«Կգա ժամանակ, երբ կլինի այնքան քիչ տպագիր մամուլ, ինչքան՝ թանաք թղթի վրա». Դեն Գիլմոր

Ամերիկացի տեսաբան, լրագրող Դեն Գիլմորը հանդիպեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, նրանց հետ կիսվեց իր փորձով ու ապագա լրագրողներին արժեքավոր խորհուրդներ տվեց: Նախքան ելույթը սկսելը՝ ներողություն խնդրեց, որ չի խոսում հայերեն, և կատակեց՝ ասելով, որ մարդիկ, ովքեր խոսում են շատ լեզուներով, կոչվում են բազմալեզու, մարդիկ, ովքեր խոսում են երկու լեզուներով, կոչվում են երկլեզու, իսկ մեկ լեզվով խոսողներին անվանում են ամերիկացիներ:

«Նախանձում եմ ուսանողներին, որովհետև նրանք են լրագրության ապագան: Ինչպես լրագրությունը, այնպես էլ՝ լրագրողական կրթությունն այսօր բազմաթիվ փոփոխությունների միջով են անցնում: Փոփոխությունները երկու ոլորտում են տեղի ունենում. առաջին, որ լրագրությունն ինքնին փոխվում է, ինքներս ենք փոխվում մասնագիտության հետ, և երկրորդ՝ ստիպված ենք հարմարվել նոր իրականությանը»,- ասաց նա:

Գիլմորը նշեց, որ երբ սկսել է լրագրողական կրթություն ստանալ՝ դրա հիմնական առաքելությունն էր՝ պատրաստել լրագրող ավանդական լրատվամիջոց մուտք գործելու և այնտեղ աշխատելու համար, բայց, ըստ նրա՝ հիմա բացառապես սա չէ լրագրողական կրթության առաքելությունը. «Ես ունեմ 1 ընդհանրական տեսություն այն մասին, թե ինչպե՞ս պետք է կազմակերպվի լրագրողական կրթությունը»:
Այդ տեսության հիմնական դրույթներն ամփոփված են տեսաբանի «Մեդիակտիվ» գրքում, որի հայերեն թարգմանության առիթով էլ Գիլմորը ժամանել է Հայաստան:
««Մեդիակտիվի» նպատակն է՝ ձևավորել քննադատաբար մտածող անհատ, այսինքն՝ մարդ, որը պատրաստ է մարտահրավեր նետել իրեն տրվող տեղեկատվությանն ու կարծիքներին, և պարզապես այդ կարծիքների պասիվ ընդունողը չէ:

Gilmor

Կարդացեք նաև

Ես կարծում եմ, որ լրագրողական կրթությունը մի քանի տարբեր եղանակներով կարողանում է այս խնդիրն իրականացնել, այսինքն՝ ուսանողներին սովորեցնում է և՛ քննադատաբար մտածել, և՛, միևնույն ժամանակ, հաղորդակցական հմտություններ ձեռք բերել: Այս երկուսի համադրությունը շատ հզոր է և ձևավորվում է հումանիտար կրթության շրջանակներում: Ես չեմ պրոպագանդում, որ լրագրության ֆակուլտետների ուսանողներին դադարեցնեն սովորեցնել լրագրության հիմնական սկզբունքները, իրականում սկզբունքներն այսօր շատ ավելի կարևոր են, քան երբևէ: Սկզբունքները նույնն են, և բոլորդ էլ գիտեք դրանք՝ լինել մանրակրկիտ, արդարացի, անկախ, ճշգրիտ: 21-րդ դարի համար ևս մեկ սկզբունք կավելացնեի, որն արդիական չէր նախորդ դարաշրջանի լրագրության համար. այդ սկզբունքն է՝ լինել թափանցիկ, այսինքն՝ բացատրեք ձեր լսարանին՝ ի՞նչ եք անում և ինչո՞ւ»,- նշեց նա:

Ըստ նրա՝ եթե լրագրողներն ավելի թափանցիկ աշխատեին, ավելի մեծ վստահություն կվայելեին, քան վայելում են այսօր:

Տեսաբանի կարծիքով՝ լրագրությունը պահանջում է, որ տեխնոլոգիական դարձող իրականությունն ու մշակույթն ավելի լավ հասկանանք.

«Լրագրողները պետք է հասկանան՝ տվյալների արժեքը և համակարգչային ծրագրավորման արժեքը, որովհետև սրանք են կազմելու ապագայի աշխարհի կարևորագույն մասը: Չեմ ասում, թե դուք պետք է դառնաք ծրագրավորողներ, այլ իմանաք՝ ինչպե՞ս խոսել նրանց հետ, որովհետև ծրագրավորումը դառնալու է ապագայի լրագրության առանցքային բաղադրիչը: Ես խորհուրդ կտայի, որ լրագրության բաժնի ուսանողները ծանոթանան նաև վիճակագրական հետազոտությունների թվաբանությանը: Սովորաբար լրագրողները թույլ են լինում մաթեմատիկայից, բայց պետք է ավելի ուժեղ լինել դրանից»:

Դեն Գիլմորը համոզված է՝ լրագրությունը բիզնես է:

Ըստ տեսաբանի՝ ուսանողների համար կարևոր է հասկանալ բիզնես գործընթացների սկզբունքները. «Չեմ ասում, որ լրագրությունը պետք է ծառայեցնել բիզնեսի շահերին, այլ պետք է իմանալ այն բիզնեսի կանոնները, որոնցում տեղակայված է լրագրությունը: Ձեռներեցությունը և ձեռնարկատիրությունը ձեր ապագայի շատ կարևոր մասն են լինելու, որովհետև դուք չպետք է ձեզ տեսնեք միայն կորպորացիաների և ընկերությունների կազմում, նրանց համար աշխատելիս»:

Ամերիկացի լրագրողն ընդգծեց, որ եթե նոր սկսեր զբաղվել լրագրությամբ, իր համար սարսափելի կլիներ, բայց նաև կզվարճանար, որ նման զգացողություն ունի:

Հարցին՝ կգա՞ ժամանակ, երբ տպագիր մամուլ այլևս չի լինի, նա պատասխանեց. «Կգա ժամանակ, երբ կլինի շատ քիչ տպագիր մամուլ, այնքան քիչ, ինչքան թղթի վրա թանաք կլինի: Բայց չեմ կարծում, որ լրագրողի աշխատանքը կնվազի»:
Հեղինակի «Մեդիակտիվ» գրքի էլեկտրոնային տարբերակն առաջիկայում հասանելի կլինի նաև առցանց` JNews.am կայքում: Դեն Գիլմորը նշում է, որ տպագիր տարբերակը մի մասն է այն աշխատության, որ կոչվում է «Մեդիակտիվ». «Ավելի մեծ տեղեկատվություն ստանալու համար պետք է օգտվել էլեկտրոնային տարբերակից, որովհետև այնտեղ առկա են հիպերհղումներ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս