Գինի լից

Փորձե՞լ եք կարդալ վերջին օրերի տնտեսական լուրերը։ Ավելի չարագուշակ բան հորինելը դժվար է։ Միայն վերնագրերի ընթերցումը կհուսահատեցնի ամենալավատես մարդուն։ «Խաղողագործները փակել են մայրուղին», «Ֆերմերները խաղողը թափել են մայրուղու վրա», «Կրկին ճանապարհ են փակել», «Գյուղացիները չեն հավատում», «Չորս օր է` գործարանի դիմաց բեռնատարի մեջ ենք քնում»։

Ճիշտ է, մեկ-մեկ ուրիշ վերնագրեր էլ են հանդիպում։ Օրինակ` «Գյուղնախարարը հորդորել է մի քանի օր բերքահավաք չանել», կամ «Վարչապետը խոստանում է խաղողի առավելագույնս հարմարավետ ընդունում կազմակերպել»։ Վերնագրերից մեկն ընթերցողին, մեղմ ասած, կզարմացնի անտակտությամբ «Կարող ա՞, քաքն եմ ընկել ձեր ձեռը. Գագիկ Ծառուկյան»։ Իսկ այս մեկն արդեն անսպասելի էր «Ո՞ւմ խղճին է մնալու երիտասարդ խաղողագործի մահը»` մթերման հերթում 28-ամյա երիտասարդը հանկարծամահ էր եղել։ Անհասկանալի է, թե որտեղից ծագեց այս աղետը։ Մինչ սեպտեմբեր ամեն ինչ այլ էր։ Շոգ էր։

Գյուղնախարարությունն առավոտից իրիկուն բոլորիս համոզում էր, որ տարին խիստ բարենպաստ է` գյուղատնտեսության տեսանկյունից։ Այսինքն` տարին բերքառատ է։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ բերքառատ տարին ողբերգություն է դառնալու։ Չնայած կարելի է ենթադրել, որ մեր գյուղնախարարը մի բան գիտեր։ Դեռ խաղողի բերքահավաքից առաջ ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ խաղողի բերքն առատ է, բայց այն կմթերվի։ Պարզապես մթերված խաղողի մի մասը գյուղացին կստանա եկող գարնանը։ Հետո` խաղողի բերքահավաքի շեմին, Գյուղնախարարությունը կառավարության նիստում հայտարարեց, որ խաղողը մթերվելու է մինչև վերջին ողկույզը։ Փորձառու մարդիկ, իհարկե, գլխի ընկան, որ այս առատ խոստումները հենց այնպես չեն։ Որ դրանք ինչ-որ բան սքողելու փորձեր են։ Ասել, որ խաղողի բերքատվության աճն անակնկալ էր, խիստ չափազանցություն կլինի։ Վերջին տարիներին խաղողի բերքատվության աճը մեր Գյուղնախարարության (և` ոչ միայն) հպարտության հիմնական թեման էր։ Տեսեք, 2009 թ. արտադրվել է 209 տոննա խաղող։ 2010-ին, 2011-ին, և 2012-ին այն համարյա թռիչքաձև աճում էր։ Համապատասխանաբար` արձանագրվել են հետևյալ ցուցանիշները` 223 տ, 230տ, 241տ։ Հետո արտադրությունը կայունանում է տարեկան 240-245 տոննա ցուցանիշի վրա։ Չնայած, որ մեր վերամշակող ձեռնարկություններն արդեն բաց էին թողել ռուսական շուկայում ծավալվելու եզակի հնարավորությունը, հաջողությամբ մթերում էին ամբողջ բերքը։

Մի քանի տարի առաջ Ռուսաստանը հրաժարվեց վրացական գինի մթերելուց։ Այդ պահին ՌԴ-ում տարեկան իրացվում էր 100 մլն դոլարի արժեքով վրացական գինի։ Եթե հիշողությունս չի դավաճանում, հայկական գինու իրացման տարեկան ծավալն այս երկրում երբեք չի հասել 15 մլն դոլարի ցուցանիշին։ Մեր բոլոր փորձագետներն ու ոլորտի կառավարիչներն անընդհատ խոսում էին ռուսական շուկայում հայկական գինու իրացման առջև բացված հնարավորության մասին։

Մեզ համոզեցին, իսկ ռուսաստանցի սպառողին` ոչ։ Վրացական գինին 2014-ին վերադարձավ ռուսական շուկա։ Հակառակի պես էլ` 2015-ը բարենպաստ տարի դուրս եկավ հայ խաղողագործների համար։ Արտադրության տեսակետից բարենպաստ։ Իսկ իրացման տեսանկյունից այն օր օրի ավելի մռայլ տեսք ունի։ Հայտնի բան է, որ խաղողի ակտիվ բերքահավաքը Հայաստանում տևում է մինչև հոկտեմբերի 25-ը։ Բայց արդեն հոկտեմբերի 7-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, արտադրվել է 245 տոննա։ Այսինքն՝ տարեկան պլանը նախորդ տարիների համեմատ «կատարվել է»։

Արդեն արտահանվել է 5,7 տոննա։ Այս թիվը ևս մոտ է նախորդ տարվա ցուցանիշներին։ Ըստ Գյուղնախարարության` օրական Հայաստանում մթերվում է 6-7 հազար տոննա։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ այգիներում դեռ 110-120 հազար տոննա չքաղված խաղող կա։ Եթե դա այդպես է, ապա տարին իսկապես աննախադեպ է` բերքի իմաստով, ու բավական լուրջ գլխացավանք է Գյուղնախարարության համար, և իրական ողբերգություն` խաղողագործների համար։ Հայաստանում խաղողի մթերման ու վերամշակման ոլորտում գործում է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություն։

Խոսքը «Պեռնո Ռիկարի» մասին է։ Երևանի կոնյակի գործարանը միակն է, որ չհայտնվեց խաղողի մթերման խառնակ պատմությունների մեջ։ Հավանաբար` այն պարզ պատճառով, որ այս ընկերությունը գիտի խաղողագործների հետ աշխատելու ձևը։ Գործի գրագետ կազմակերպման դեպքում առատ բերքը չի կարող ողբերգության պատճառ դառնալ։ Տեսականորեն հենց Գյուղնախարարությունը պիտի փորձեր կարգավորել թե՛ արտադրության, թե՛ իրացման խնդիրները։

Բայց դրա համար ամենօրյա աշխատանք է պետք, իսկ մեր կառավարիչները գործով զբաղվում են միայն արտակարգ իրավիճակներում։ Այնպես որ, լայն հասարակությանը մինչև հոկտեմբերի 25-ը թամաշա է սպասվում։ Տեսնենք, թե ինչպես են նրանք «խաղողի բերքի առավելագույնս հարմարավետ ընդունում կազմակերպում»։ Չնայած որ, լուծման ձևը կարծես ուրվագծվում է։ Մթերման սկզբում գինը տատանվում էր մեկ կիլոգրամը` 110-120 դրամի սահմաններում։ Իսկ հիմա գյուղացիներն ասում են, որ բերքն իրենցից ընդունում են 50-70 դրամով։ Բոլոր դեպքերում, սթափ գլխով մեր Գյուղնախարարության գործունեությունից գլուխ չես հանի։

Տեսանյութեր

Լրահոս