«Եթե քաղաքացիների համախմբումը տեղի չունենա՝ մտնելու ենք երկրորդ փուլ». Անդրիաս Ղուկասյան

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ուղիղ համընդհանուր ընտրությունների ինստիտուտը հնարավորություն է տալիս ժողովրդին ներազդեցություն ունենալ իշխանությունների վարքագծի վրա՝ սոցիալական կարևորագույն հարցերում, և, ըստ նրա՝ ձգտելով մեկընդմիշտ զրկել ժողովրդին այդ լծակից (գոնե 5 տարին մեկ ժողովրդին իշխանությանը կարգի հրավիրելու և իշխանությունից հաշիվ պահանջելու) իշխանությունները, փաստորեն, փորձում են ապագայում իրենց համար ստեղծել անսահմանափակ հնարավորություններ՝ գերհարստանալու, իրենց աստղաբաշխական միջոցները բազմապատկելու համար:

Ամփոփելով՝ նա ասաց, որ եկել է ժամանակը, որպեսզի առանձին-առանձին գործող նախաձեռնություններն ի մի բերվեն, և անպայման գործողությունները լինեն նպատակասլաց և փոխհամաձայնեցված, այլապես, նրա կարծիքով՝ դրանք կարող են շփոթ առաջացնել ժողովրդի մոտ:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ առաջարկեց եկող շաբաթվա ընթացքում գալ ընդհանուր կոնսենսուսի՝ հռչակագրի տեքստի շուրջ, և սեպտեմբերի 14-ին հրապարակել հռչակագիրը. «Նաև ժամանակ կունենանք իրազեկման համար: Մեկ շաբաթն այն ժամկետն է, որ մարդկանց մոտ հստակ պատկերացում կստեղծի, թե սեպտեմբերի 18-ին նախատեսված հավաքն ինչին է նվիրված, և կկարողանանք մեծ քանակով քաղաքացիների համախմբել Ազատության հրապարակում: Այնտեղ էլ կիրազեկենք, կցուցադրենք քաղաքական և քաղաքացիական ուժերի սոլիդարությունը, միգուցե կունենանք ընդհանուր գաղափար, որի շուրջ բոլոր քաղաքական գործիչները միասնական կլինեն:

Մինչև ամսին 18-ը կավարտենք իրազեկումը, որից հետո կմեկնարկի հաջորդ փուլը: Կձևավորվեն աշխատանքային հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան քննարկումներ անելու: Ժամկետները սուղ են, որովհետև ԱԺ-ում նոր Սահմանադրության քննարկման ժամկետը նոյեմբերն է: Կուլմինացիոն գործողությունները երևի թե պետք է սեպտեմբերի վերջից մեկնարկել: Դրանք ուղղված կլինեն այդ պրոցեսը կանխելուն: Եթե քաղաքացիների համախմբումը տեղի չունենա, բնականաբար, մտնելու ենք երկրորդ փուլ, երբ բոլորն իրենց ուժերը պետք է միավորեն Հմայակ Հովհաննիսյանի նշած՝ բողոքական քվեարկության շուրջ, որը, իմ կարծիքով՝ ավելի բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով այն, թե ՀՀԿ-ի վարչական ռեսուրսներն ինչպես են ազդում մարդկանց վրա, և քաղաքացիների մեծամասնությունը վախի մթնոլորտում է ապրում»:

 

Տեսանյութեր

Լրահոս