«Թուրքիան «Իսլամական պետությանը» որոշակի հանձնարարությամբ կարող է ուղարկել աշխարհի ցանկացած տեղ, այդ թվում՝ Հայաստան». սիրիահայ մեկնաբան

«Իսլամական պետության սպառնալիքը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող Սարգիս Քասարջյանը` անդրադառնալով «Իսլամական պետության» գործողություններին և դրանց ընդլայնվելու վտանգին: Հիշեցնենք, որ այս օրերին «Իսլամական պետությունն» ինտենսիվորեն շարունակում է սիրիացի քրդերից նոր բնակավայրեր գրավել Թուրքիայի հետ սահմանին ու նախապես հայտարարված հրադադարի ռեժիմներն ինտենսիվորեն խախտվում են հակամարտող կողմերի կողմից:

Սարգիս Քասարջյանը նշեց, որ «Իսլամական պետության» վտանգը գնալով մեծանում է: Այդ վտանգն, ըստ նրա, կա նաև Հայաստանի նկատմամբ, որովհետև այդ սպառնալիքը ղեկավարվում է Թուրքիայի կողմից: Քասարջյանի խոսքով` Թուրքիան «Իսլամական պետության» գրոհայիններին կարող է ուղարկել ուր որ ցանկանա, այդ թվում Հայաստան: « Թուրքիայի համար Իսլամական պետությունը հայերին պատժելու միջոց կարող է դառնալ»,- ասաց նա: Սիրիաբնակ հայ քաղաքական մեկնաբանի կարծիքով` ԻՊ-ը Հայաստանի դեմ կարող է օգտագործվել` իրականում թիրախում ունենալով Ռուսաստանին ևս, քանի որ ՀՀ-ն այլևս ռուսական ազդեցության գոտում է:

Սարգիս Քասարջյանը ՀՀ իշխանություններին և պատկան մարմիններին խորհուրդ տվեց լինել ծայրաստիճան զգոն՝ հաշվի առնելով այն հեռանկարը, որ իրավիճակը մոտ ապագայում չի կարգավորվելու, գերտերությունները չեն պատրաստվում կանգնեցնել իսլամիստներին, ավելին էլ ավելի մեծ լարման միտումներ կան: «Ուստի բոլոր կառույցները պետք է աշխատեն բարձր կենտրոնացվածությամբ, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում կանգնել սպառնալիքի առջև կամ նույնիսկ նախապես չեզոքացնեն այն, քանի որ իսլամիստները չափազանց հեշտ ղեկավարվող են այսօր»,- նախազգուշացրեց Սարգիս Քասարջյանը:

Տեսանյութեր

Լրահոս