«Ես անհատական գնահատականներ չեմ հնչեցնում». Կարեն Անդրեասյանը՝ Բաղրամյան պողոտայում Վլադիմիր Գասպարյանի պահվածքի մասին

Ամենամտահոգիչ միջադեպերը տեղի են ունեցել հունիսի 23-ին, և դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կլինի որոշման տեսքով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ եթե երկուշաբթի օրը չունենա ոստիկանության սպառիչ և բավարար պատասխանը, ապա կլինի իր որոշումը՝ առանց ոստիկանության պատասխանի. «Իսկ դա օրենքի պահանջ է, որ ես պետք է ողջամտության սահմաններում սպասեմ պետական մարմնի դիրքորոշմանը»:

Նա նշեց, որ որոշման մեջ գնահատական կտրվի լրագրողների նկատմամբ կիրառված գործողություններին. լինելու է արձագանք համազգեստ չկրող անձանց, լրագրողների նկատմամբ գործողություններին և գնահաական կտրվի՝ ամբողջությամբ որքանով էին իրավաչափավ և համաչափ ոստիկանության գործողությունները:

Հարցին, թե ինչի՞ արդյունք է այն, որ ոստիկանությունը պարբերաբար հայտարարում էր, որ գործողություններ կձեռնարկի Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու համար, սակայն մինչ այժմ չի ձեռնարկել, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել այսքան օր: Մենք հասկանում ենք նաև, որ իրենք գործառույթ ունեն՝ իրենց պատկերացումների մասին տեղեկացնել, թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում: Միևնույն ժամանակ, ասում եմ՝ ամենամտահոգիչ դեպքերը, որ մենք այսօր արձանագրել ենք, տեղի են ունեցել հունիսի 23-ին, բայց երեկ ամբողջ գիշեր իմ տեղակալը և ներկայացուցիչները եղել են նաև Բաղրամյան պողոտայում, պարբերաբար այցեր են կատարվում, դիտարկումներ են կատարվում, և այսօր ցուցարարներից բողոքները հիմնականում երկու խումբ են: Մեկը՝ որ կան սադրիչներ, որոնց աշխատանքը, ցավոք սրտի, կարող է ստվերել թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանության այսքան համբերատար ճանապարհը, որ անցել են: Եվ մեր հորդորն այս պահին կլինի, որպեսզի ոստիկանությունը հնարավորինս զգույշ և հնարավորինս ուշադիր լինի հենց այդ սադրիչների հետ կապված»:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ոստիկնության պետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը Բաղրամյան պողոտայում, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես անհատական գնահատականներ չեմ հնչեցնում, իսկ իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես հունիսի 23-ի դեպքը, և կմտահոգեն այն դեպքերը, երբ ոստիկանությունը չգործի պատշաճ՝ սադրիչների գործունեության պարագայում:

Մնացած բոլոր դեպքերը զուտ մարդկային գնահատականների դաշտում են, իսկ իմ լիազորությունները այդտեղ չեն տարածվում»:

Նա նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունից ևս պատասխան են ստացել, որ իրենք զբաղվում են քննությամբ, նրանց գործողությունները գնահատելու խնդիր դեռևս չունեն, քանի որ դա ավելի ժամանակատար պրոցես է. «Ես հուսով եմ, որ առանձին էպիզոդներով իրենք խիստ և օբյեկտիվ քննություն կանեն, և կբացահայտվեն այն ոստիկանները, որոնք ստվերեցին հունիսի 23-ին բավական երկարաժամկետ և բավական հանդուրժող գործընթացը, որը տեղի էր ունենում երկու կողմերում էլ, որովհետև մենք դրական ենք գնահատում թե ոստիկանության՝ այս բոլոր օրերի հանդուրժող գործողությունները՝ անկախ առանձին ձևակերպումներից կամ առանձին դրդևորումներից, և նաև դրական ենք գնահատում ցուցարարների խաղաղ, առանց որևէ միջադեպերի վարքագիծը, և ողջունում ենք երկու կողմերում էլ բոլոր դրական դրսևորումները»:

Անդրադառնալով քաղաքացիական հագուստով ոստիկաններին՝ Կարեն Անդրեասյանն ասաց. «Բազմաթիվ անգամներ եմ շեշտել, որ առանց համազգեստի ոստիկանների գործունեությունը նման վայրերում խիստ անթույլատրելի է և անընդունելի: Եվ նաև կշեշտեի, որ նույնիսկ եթե ընդհանուր գործունեությունը դրական գնահատվի, նման էպիզոդները՝ ոչ համազգեստով, առանձին, կասկածելի տեսք և վարքագիծ ունեցող անձանց նման սուր իրավիճակներում, այսինքն՝ ցույցների, հավաքների վայրերում խիստ անթույլատրելի է: Գոնե մեր խորին համոզմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս