«Մենք որպես երկիր՝ գտնվում ենք խոշորացույցի տակ». Վարդան Խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն ասօրվա ասուլիսում՝ խոսելով հասարակական վերջին զարգացումների մասին, ասաց, որ սկզբից աղբամանների վրա կանգնածները համեմատաբար զուսպ էին, հետո էմոցիոնալ շարժումներ շատ էին անում, որ մարդիկ շատ գան, բայց դժվար է էմոցիոնալ շարժումներով զանգված հավաքել, պահել ու տանել ինչ-որ էսկալացիոն շարժման:

«Սա մի փուլ էր, որը ցույց տվեց՝ Հայաստանի ապագան այնքան էլ մառախլապատ չէ, կոնկրետ զարգացումների դեպքում՝ կարող են լինել կոնկրետ անցումներ, և ոչ միայն հեղափոխական անցումներ, այլև տրանսֆորմացիոն, որովհետև իշխանությունները փորձում են ինչ-որ լեզու գտնել, ոչ թե կտրականապես, ինչպես ասում են՝ կացնով հատում են հարաբերությունները և կանգնում են իրենց դիրքերում: Այս ամենը բավականին դրական էր և արժե, որ քաղած դասերի հիման վրա բոլոր կողմերն իրականացնեն քայլեր, որոնք մեզ որպես հասարակություն չեն գցի ծանր ցնցումների մեջ»,- նկատեց նա:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիք ունի խնդրի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, Վարդան Խաչատրյանը հարցով պատասխանեց. «Դուք լո՞ւրջ եք համարում, որ որևէ երկրում 70 մլն դոլարի խնդիրը ազգային անվտանգության հարցի վերաբերվի և ֆինանսավորվի ազգային անվտանգության համար հատկացված գումարից, որը բյուջետային չէ: Երբ ասում ենք, որ այդ 70 մլն դոլարը ստրատեգիական լուրջ խնդիր է, նշանակում է մենք շատ հյուծված ենք, ես նույնիսկ սխալ եմ համարում այդ խոսակցությունը, որ մենք վարում ենք: Ամեն ինչ պետք է ընթանա այն մակարդակի վրա, որ չվնասի մեզ: Մենք որպես երկիր՝ գտնվում ենք խոշորացույցի տակ: Դա միայն այն չէ, որ Արևելք-Արևմուտք առճակատում է ընթանում աշխարհում և նաև՝ Ռուսաստան-Չինաստան և Արևմուտք, մեզ համարյա թե սկսում է օղակել Իսլամական պետությունը, որովհետև այդ աշխարհի աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն է՝ Հայաստանը թուրքալեզու իսլամի միասնականացման գլխավոր խոչընդոտներից մեկն է և այն պետք է արմատախիլ արվի: Այս պայմաններում այդ 70 միլիոնի խնդիրը այդպիսի տարփողման հասցնելը ճիշտ չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս