Իսլամիստների հավակնությունները Հայաստանի նկատմամբ փաստ են, իսկ գործողություններն՝ անխուսափելի. Հայկ Ա. Մարտիրոսյան

168.am-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, կարելի է արդեն վստահությամբ պնդել, որ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգն ամբողջությամբ փլուզվեց, և այդ քայքայումը դեռ ավելի ու ավելի է խորանում: Օրերս Դուք նշել էիք, որ սիրիական պատերազմում բեկում է տեղի ունենում: Որոշ ռուս փորձագետներ խոսում են Հայաստանի թիկունքում «իսլամական քամու» մասին, Թուրքիայի որոշիչ խորհրդարանական ընտրություններն են առջևում: Իսկապե՞ս «Իսլամական պետությունը» մի օր կբախի նաև մեր դուռը: Ի՞նչ գործոններից է դա կախված:

– Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգը վերջին հարյուր տարիների ընթացքում` այն պահից սկսած, երբ փլուզվեց Օսմանյան Կայսրությունը, հենվել է միայն բռնակալների վրա: Եվ բռնակալներն էին տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավորները: Չորս կարևոր բռնակալների` Հուսեյնի, Բեն Ալիի, Մուբարաքի և Քադաֆիի ռեժիմների ոչնչացմամբ ոչնչացավ և անվտանգության համակարգը: Միակ երկիրը, որտեղ բռնակալություն արդեն երկար ժամանակ չկար` Սիրիան էր, որտեղ երիտասարդ նախագահ Ասադը միամտաբար ցանկանում էր միջինարևելյան ժողովրդավարություն ստեղծել: Նրա մեղմ կառավարման արդյունքում պարարտ հող ստեղծվեց այլևս հզոր իշխանությունից չվախեցող ծայրահեղ սուննիների համար` կործանելու Սիրիան: Սիրիան Միջին Արևելքի և ընդհանրապես Եվրասիայի աքիլեսյան գարշապարն է, և նրա կործանումը մետաստազներ է ունենալու տարածաշրջանի բազում այլ երկրներում:

Ինչ վերաբերում է «իսլամական քամուն», ապա դա վաղուց այլևս քամի չէ, այլ` փոթորիկ: Իսլամական պետության, Զաբհաթ ալ Նուսրայի, թե որևէ այլ` դեռևս գոյություն չունեցող կառույցի հավակնությունները Հայաստանի նկատմամբ անխուսափելի են: Կազմակերպությունն ամենևին կարևոր չէ; Կարևոր է գաղափարախոսությունը, որի կրողները քաղաքական մեծ խաղ են սկսել և այդ խաղում օգտագուրծում են սուննիական ֆանատիկոսներին:

Ծրագրավորված ուղղորդում տվողների և կատարողների այս զույգը՝ ամուսնալուծվելու պարագայում անգամ, ունենալու է նույն նպատակներն ու մեթոդները: Հայաստանի արևելքում ձևավորվել է բոլորովին նոր Թուրքիա: Դա ոչ միայն ազգայնական պետություն է, ինչպես վերջին հարյուրամյակի ընթացքում էր, այլև` ազգայնական-կրոնական, որ առավել մեծացնում է այդ երկրի օրակարգն ու հավակնությունները: Սիրիական պատերազմը հրաշալիորեն ցույց տվեց Թուրքիայի իրական նկրտումները. երբ Ասադի հետ անգամ ընտանեկան բարեկամություն անող Էրդողանը մեկ գիշերում դարձավ նրա երկիրը ոչնչացնողներից ամենաանզիջումն ու ամենավճռականը:

Խնդիրը Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումների մեջ է, և այդ առումով Հայաստանն իր ֆուտբոլային, սահմանային կամ այլ անուրջներից պարտավոր է մեկընդմիշտ ձերբազատվել: Եթե Սիրիան Թուրքիայի օսմանամոլությամբ տառապող վերնախավի համար կայսրության վերականգնման քայլերից մեկն է, ապա Հայաստանի Հանրապետությունը խցան է նրա և մինչև Չինաստան ձգվող թյուրք-իսլամական աշխարհի միջև: Եվ այդ փոքրիկ, սակայն ցավոտ խցանը հանելու համար Թուրքիան չի խորշելու և ոչ մի մեթոդից, ինչպես չի խորշում Սիրիայում:

Իսլամիստների բանակներն ազատ օգտվում են թուրքական սահմաններից, իսկ կարևոր օպերացիաների պարագայում` ինչպես Քեսաբի, Իդլիբի կամ կարևորագույն Զիսր ալ Շուղուրի գրավումն էր` անգամ ուղղակի թուրքական ռազմական տեխնիկայից և հրետանուց:

ԻՊ-ի կողմից վերահսկվող սիրիական սահմանից Թուրքիայով մինչև Հայաստանի սահման մեքենայով ընդամենը 9 ժամ է, թեև դա բոլորովին էլ կարևոր չէ, եթե նկատի ունենանք այն, որ Թուրքիան իսլամիստների բազաներ ունի իր տարածքում և ցանկացած պահի կարող է եթե ոչ՝ սեփական տարածքից, ապա՝ Նախիջևանից նրանց անմիջապես անցկացնել Հայաստան: Թե դասական սովետառուսական մեթոդներով վարժված մեր սահմանապահները կամ զինված ուժերը որքանով կկարողանան դիմակայել պրակտիկ պատերազմի բովով անցած ինքնասպանների անվերջ հոսքին` դժվար է ասելը:

Եվ այդպիսի ներխուժումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է: Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում այդ խաղաքարտն անխոս կիրառվելու է: Դրանում թող ոչ ոք որևէ կասկած չունենա: Իսկ նրանք, ովքեր վստահ են, որ Հայաստանն այլևս անպարտելի է, որ երկիրը երեք հազար տարի առանց պատերազմ է ապրելու, և, որ նման սցենարները ֆանտաստիկայի ոլորտից են, ամենամեծ սպառնալիքն են նույն Հայաստանի անվտանգությանը, որովհետև անրջում են և զրկված են իրական և պարզ սցենարները հասկանալու և կանխատեսելու կարողությունից:

– Որո՞նք, ըստ Ձեզ, պետք է լինեն այն նվազագույն քայլերը, որ հայկական կողմը պետք է նախաձեռնի սպառնալիքը չեզոքացնելու համար:

– Սպառնալիքը չեզոքացնել չի լինի: Կարելի է այն միայն վերահսկել: Մենք սիրում ենք պարծենալ մեր բանակով, բանակը սրբություն է, իսկ քննադատողները` ազգի թշնամի: Բայց դա սխալ և տգետ մոտեցում է: Այո, հայկական բանակն ուժեղ է, սակայն կան բնագավառներ, որոնցում այն ոչ թե կաղում է, այլ բացարձակ անգետ է: Օրինակ` քաղաքային մարտերի տեխնոլոգիան: Կամ` տիեզերական և օդային հետախուզությունն ու մարտավարությունը: Հայկական անօդաչու սարքերը խաղալիքներ են` Ադրբեջանին Իսրայելի կողմից փոխանցված աշխարհի առաջատար անօդաչուների և Ադրբեջանի ու Թուրքիայի ունեցած տիեզերական արբանյակների միջոցով կատարվող մարտական հաշվարկների և հետախուզության առջև:

Անհրաժեշտ է այդ բացերը լրացնել: Կարևոր է նաև ռազմական սերտ համագործակցությունն այլ հնարավոր գործընկերների հետ: Դա այսօր անհնար է` նկատի ունենալով պաշտոնական Երևանի ծայրաստիճան պասիվ և ոչ նախաձեռնողական, նաև` հաճախ վախկոտ և անգետ մոտեցումները միջազգային ոլորտին: Միայն ՀԱՊԿ-ի հույսով ապրելն անմտություն է: Եվ դա ոչ թե՝ այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանին չի պաշտպանի, այլ՝ որ ինչ-որ պահի Ռուսաստանն ինքն անպայմանորեն բախվելու է վահաբիստական իսլամի արդեն ակտիվ և պասիվ մարտահրավերներին:

Այս առումով նաև անհրաժեշտ է երկրի պաշտպանական համակարգը վերակառուցել շվեյցարական մոդելով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զինված է, երկիրը պատված է ստորգետնյա բունկերներով և գաղտնի պաշտպանական գծերով, որտեղ պահպանվում է հիմնական տեխնիկան և որտեղ տոտալ մոբիլիզացիան ընդամենը մեկ ժամվա գործ է: Անհրաժեշտություն է նաև լուծել կանանց բանակային ծառայության խնդիրը և օտարերկրացիների հատուկ խմբերին` ասենք, փախստական քրիստոնյա բոլոր սիրիացիներին և քրիստոնյա ու եզդի իրաքցիներին Հայաստանի քաղաքացիություն շնորհելը և Արցախում անվճար բնակտարածք տրամադրելը` բանակում 5 տարի ծառայելու նախապայմանով:

Հունիսի 18-20-ը Երևանում տեղի կունենա ՆԱՏՕի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոուդ սեմինարը, որի ընթացքում քննարկվելու է Իսլամական պետության ծագումն, ազդեցությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Սակայն ՀՀն կարծես պատրաստվում է ԻՊի դեմ պայքարել Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿի հետ համատեղ: ՀԱՊԿ տարածաշրջանին այդ սպառնալիքն ավելի մո՞տ է, քան մեզ: Ինչպես և որտեղ պետք է կենտրոնացնել ԻՊի դեմ պայքարի գործողությունները:

– Բոլոր այդ կոնֆերանսներն ու ժողովները դատարկ ժամավաճառություններ են: Երբեմն՝ անհրաժեշտ, բայց գրեթե միշտ` ոչինչ չտվող: Իրական քաղաքականությունը վարվում է մի քանի գրասենյակներում կամ հյուրանոցների գաղտնի համարներում: Ինչ վերաբերում է ԻՊ-ի դեմ պայքարի կենտրոնացմանը, ապա ինչպե՞ս կարելի է կենտրոնացնել պայքարը մի բանի դեմ, որն ինքնին ապակենտրոնացված է: Այո՛, հաջորդ պատերազմը լինելու է Ուզբեկստանում, որտեղից կտարածվի Տաջիկստան և Թուրքմենիա, Ղազախստան, հնարավոր է նաև` Ղրղըզստան:

Հետևաբար՝ Հայաստանի առաջին բախումը սալաֆիստական բանակների հետ, թերևս, կլինի ՀԱՊԿ կազմում հենց Միջին Ասիայում: Դրան կհաջորդեն ցնցումներ Ադրբեջանում, որտեղից պատերազմի քամին կգա Հայաստան: Հայաստանցիների մի զգալի մասին թվում է, թե իրենք մեկուսացված են այդ ամենից, թե կյանքը սահմանափակվում է դատարկագլուխ երևանցուհիների երջանիկ ֆեյսբուքյան լուսանկարներով, Հյուսիսային պողոտայով կամ երկրում տիրող ծայրահեղ աղքատությամբ, սակայն ռազմական սպառնալիքն ուղղակի նույն Երևանի գլխին է կախված, և ամենևին էլ սարերի ետևում չէ, այլ ուղղակի` շեմին:

Օրերս պաշտոնական այցով Դամասկոսում էր ՀՀ ԱԳ նախարարը: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սիրիահայերը հիասթափված են, քանի որ հայկական պատվիրակությունը չի բարձրացրել իրենց տարհանման հարցը, համայնքի ղեկավարներն իրենց հերթին՝ հասարակ բնակիչներին են մեղադրում այդ հարցը չբարձրացնելու մեջ: Այս փուլում արդեն ո՞վ է պատասխանատու այս հանցավոր լռության համար, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, չի կազմակերպվում մարդկանց տարհանումը, այս փուլում դեռ կարևո՞ր է համայնքը պահելու խնդիրը:

– Խնդիրն այն է, որ Երևանում մի խումբ մարդիկ, որոնք որոշել են, որ իրենք անչափ զգուշավոր են, իմաստուն և միջազգային քաղաքականության խոր գիտակներ, լսում են հալեպահայ համայնքի մի քանի «ազգային ջոջերի», որոնք այլևս վաղուց չեն ներկայացնում համայնքը և որոնք իրենց սեփական սնապարծությունից կամ էլ գետնի վրա լայն պատկերը տեսնելու անկարողությունից՝ կարծում են, թե համայնքը պետք է ամեն կերպ պահպանել, և, թե Հալեպը չի ընկնի:

Հալեպի հանձնման քաղաքական որոշում արդեն ընդունվել է: Հալեպը, այսպես կոչված, «օգտակար Սիրիայի» մաս այլևս չի կազմում, հետևաբար՝ առաջին իսկ հարձակումը հաջողությամբ է պսակվելու: Սիրիական իշխանությունը փոխել է իր ռազմավարությունը` կռվել յուրաքանչյուր կարևոր բնակավայրի համար: Դրա ռեսուրսն այն այլևս չունի: Երեկ Դամասկոս տեղափոխված շուրջ տասնհինգհազարանոց իրանական կոնտինգենտը հենց այդ մասին է վկայում: Եվ հետաքրքիր է, որ շիա մարտիկների այդ զորամիավորումները չեն տեղակայվել Հալեպում, այլ կենտրոնացվել են Դամասկոսում:

Հալեպի համայնքի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, սկսել է հասկանալ, որ ժողովրդի փաստացի բանտարկությունն ահռելի պատասխանատվություն է առաջ բերելու, և փորձում է հիմա մեղքը բարդել նույն համայնքի վրա, թե իբր հարցեր չեն բարձրաձայնել: Սակայն այս խնդիրն ի սկզբանե սխալ է դրված: Որևէ մեկը չպետք է խնդրի, որպեսզի տարհանեն իրեն: Պետությունն ինքը պարտավոր է կազմակերպել այդ պրոցեսը և առաջարկել բոլոր ցանկացողներին դուրս գալ: ԱՄՆ-ը միշտ այդպես է անում:

Յուրաքանչյուր կետում, որտեղ կոնֆլիկտ կա` արագ սեփական քաղաքացիների տարհանում է կազմակերպում` ներգրավելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Նույնն են անում և Ռուսաստանն ու Իսրայելը, Ֆրանսիան ու Գերմանիան: Անգամ` Ավստրալիան և Կանադան: Ու միայն Հայաստանն է, որ հղում է անում համայնքի մեծությանը, անգիտության խավարում անրջող մի քանի հալեպահայերի կամ կասկածելի դրդապատճառներով շարժվող ազգային առաջնորդների:

Տարհանումն իրականում կարելի է անել Լիբանանից՝ վարձված բեռնատարներով կամ ավտոբուսներով, ասենք` մեկ ամսվա ընթացքում անընդհատ Հալեպ-Դամասկոս-Բեյրութ երթուղին, որ կառավարական ուժերի վերահսկողության տակ է դեռ` օգտագործելով: Եթե միջինը մեկ բեռնատարում կամ ավտոբուսում տեղավորվում է հիսուն մարդ, ապա գոնե տասը հազար հայրենակցի տարհանելու համար, օրական 7 չվերթ կազմակերպելով, կարելի կլիներ խնդիրը լուծել:

Առաջարկ չլինելու արդյունքում է, որ առաջանում են դժգոհներ և քաղաքը լքել չկարողացողներ: Եթե կոտորածի եզրին կանգնած հայրենակիցներին փրկելու համար հայրենիքը նրանց պաշտոնական և մասսայական թախանձանքներին է սպասում, ապա նրանց ոչնչացման պատասխանատվությունը նախևառաջ այդ նույն հայրենիքը պետք է կրի:

Այսօր, այս պահին թեժ մարտեր են ընթանում Հասակե քաղաքի համար, և այն նույնպես ընկնելու է: Արդեն ասորի համայնքի առաջնորդներն աղաչում են աշխարհին՝ փրկել իրենց հայրենակիցներին: Ասորական պետություն չկա, իսկ աշխարհը խուլ է նման կոչերին: Հայ համայնքը հայկական պետություն ունի, որը, սակայն, ցավոք, նույնպես խուլ է և համր այս մարտահրավերի հարցում, որ, սակայն, արդեն սեփական ժողովրդին է վերաբերում:

Հալեպի անկմանը, անխոս, առանց կասկածի՝ հաջորդելու է տեղի հայ համայնքի լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Եվ դա արվելու է Թուրքիայի ակտիվ, շատ ակտիվ ջանքերով և մասնակցությամբ:

«Որոշ հայաստանցի պաշտոնյաներ Հալեպի հայ համայնքի տարհանման մասին խոսակցությունները անվանում են արկածախնդրություն: Առավել արկածախնդիր մոտեցում դժվար է պատկերացնել»:

Իսկ տարհանման մասին մտքի անգամ բացակայությունը խոսում է այն մասին, որ մեզանում իշխում են անգիտությունը, գավառային մտածողությունը, ծուլությունը և վախկոտությունը: Հալեպի ջարդի պարագայում, կարծում եմ՝ հայ ժողովուրդը հալեպահայ համայնքին հուշարձան տեղադրելու փոխարեն՝ պետք է պատասխանատվության կանչի ժամանակին տարհանում չկազմակերպած պատասխանատուներին և նրանց ուղարկի Հալեպ:

Տեսանյութեր

Լրահոս