Բաժիններ՝

Եվրամիությունն աջակցել է Կիևի և Վաշինգտոնի 30-օրյա հրադադարի մասին պահանջին

ԵՄ դիվանագիտությա ղեկավար Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ սատարում է Կիեւի եւ Վաշինգտոնի պահանջը Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին։

Կալասի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ը շարունակում է «անդրդվելի մնալ Ուկրաինայում համապարփակ, արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա, եւ ողջունում է նման խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»:

«Մենք միանում ենք Ուկրաինային եւ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, կոչ անելով ամբողջական, անվերապահ հրադադար կնքել առնվազն 30 օրով։ Ռազմական գործողությունների այդ դադարը կարող է կենսական քայլ լինել քաղաքացիական անձանց տառապանքը նվազեցնելու եւ իրական խաղաղության շուրջ կառուցողական բանակցությունների համար հարթակ ստեղծելու համար՝ ուղղված Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ավարտին եւ համապարփակ, արդար եւ տեւական խաղաղության վերականգնմանը:

Ինչպես եւ նախկինում, այժմ Ռուսաստանը պետք է ցույց տա խաղաղության հասնելու իր պատրաստակամությունը»,- նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր Ռուսաստանից եւ Ուկրաինայից «30-օրյա անվերապահ զինադադար»։ Միաժամանակ նա սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել, եթե հրադադարը չպահպանվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս